Նշանակվել է «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման համակարգողը

Նշանակվել է «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման համակարգողը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը և «Lydian Armenia» ընկերությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման մասին:

«Ջերմուկ ազգային պարկի» ծրագրում «Լիդիան Արմենիան» առաջիկա 5 տարիների ընթացքում ներդնելու է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագիրը բազմակողմ է և միտված է կենսաբազմազանության պահպանմանը, ինչպես նաև էկոտուրիզմի և էկոգյուղատնտեսական ծրագրեր ներդնելու միջոցով՝ «Ջերմուկ ազգային պարկի» կայուն զարգացման ապահովմանը:

Ինչպես նշված է «Lydian Armenia»-ի մամլո հաղորդագրության մեջ, «Ջերմուկ ազգային պարկը» կարող է դառնալ կենսաբազմազանության պահպանության օրինակելի ծրագիր ոչ միայն տարածաշրջանում, այլև հանքարդյունաբերության միջազգային պրակտիկայում:
Այս կապակցությամբ հիշեցնենք, որ «Lydian Armenia»-ն սկսել է ապագա ազգային պարկի անմիջական հարևանությամբ գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման ծրագիրը և ցիանային ֆաբրիկայի կառուցումը:

Որպես «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման համակարգող հրավիրվել է Ռամազ Գոխելաշվիլին, ով բրիտանական Treweek Environmental Consultants բնապահպանական խորհրդատվական ընկերության կենսաբազմազանության կառավարման փորձագետն է և միաժամանակ 8.2 միլիոն եվրո արժողությամբ Զանգեզուրի կենսոլորտային համալիրի զարգացման ծրագրի միջազգային խորհրդատուն:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ WWF-Հայաստանը, որը մի քանի տարի զբաղվել է Վայոց ձորի մարզում և Ջերմուկի տարածքում կենսաբազմազանության ուսումնասիրմամբ, «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագրին չի մասնակցում: Չի մասնակցում նաև մյուս խոշոր միջազգային հիմնադրամը՝ Կովկասի բնության հիմնադրամը (CNF):

17:11 Դեկտեմբեր 12, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news