Դատարան ներկայացված WWF-Հայաստանի կարծիք. Ամուլսարի ՇՄԱԳ-ում բավարար ուշադրության չեն արժանացել ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի շարք տեսակներ

Դատարան ներկայացված WWF-Հայաստանի կարծիք. Ամուլսարի ՇՄԱԳ-ում բավարար ուշադրության չեն արժանացել ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի շարք տեսակներ

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքի տարածքում առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների տեսակներ: Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ում, կենսաբազմազանության ուսումնասիրություններում և կենսաբազմազանության փոխհատուցման միջոցառումներում՝ բավարար ուշադրության չեն արժանացել ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի շարք տեսակներ: Հանքի շահագործման դեպքում ծրագրի տարածքում բնական կենսամիջավայրը ամբողջությամբ վերացվելու է: Միևնույն ժամանակ, ցանկացած փոխհատուցման միջոցառում, այդ թվում «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումը, կամ որևէ այլ դեգրադացված տարածքների վերականգնումը երբևէ չեն ստեղծի այն բնական կենսամիջավայրերը իրենց բնորոշ կենսաբազմազանությամբ և տեսակների միջև բարդ կապերով, որոնք ծրագրի իրականացման արդյունքում կկրեն «մշտական և անշրջելի ազդեցություններ»: Այս մասին նշված է WWF-Հայաստանի մասնագիտական կարծիքում, որը ներկայացվել է ՀՀ վարչական դատարան Գնդեվազի 12 բնակիչների` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման փաստաթղթերը առոչինչ ճանաչելու պահանջի հիման վրա ընթացող դատական գործի շրջանակներում:

Ստորև ներկայացնում ենք WWF-Հայաստանի մասնագիտական կարծիքն ամբողջությամբ:

«1. Ամուլսարի ոսկու հանքի տարածքում առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների տեսակներ: Բացահանքի և դրան կից կառույցների շահագործումը հանգեցնելու է այդ տեսակների ապրելավայրերի կորուստի կամ առնվազն վատթարացմանը և անխուսափելիորեն կրճատելու է դրանց թվաքանակը: Այդ հանգամանքը հակասում է ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի, ՀՀ Կենդանական աշխարհի մասին և ՀՀ Բուսական աշխարհի մասին օրենքներին և այլ հոդվածների դրույթներին.

ա) ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի հոդված 26-ը սահմանում է ընդերքօգտագործման արգելման հիմքերը՝

Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի եւ առողջության, պատմամշակութային արժեքների կամ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`
1) գերեզմաններ.
2) բնության, պատմության եւ մշակույթի հուշարձաններ.
3) Հայաuտանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:
բ) ՀՀ Կենդանական աշխարհի մասին օրենքի հոդված 18-ը սահմանում է՝
Բնական պաշարներն օգտագործողները, որոնք տնտեսական կամ այլ աշխատանքների ընթացքում վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներին, պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար:
Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը:

գ) ՀՀ Բուսական աշխարհի մասին օրենքի հոդված 17-ը սահմանում է
Հողօգտագործողները, որոնց տարածքներում աճում են Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակներ, պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը:

2. ՇՄԱԳ-ում, կենսաբազմազանության ուսումնասիրություննրում և կենսաբազմազանության փոխհատուցման միջոցառումներում՝ հավելված 11 բավարար ուշադրության չեն արժանացել ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի շարք տեսակներ:
Ջրասամույրը (Lutra lutra, VU) և Շելկովնիկովի կուտորան (Neomys schelkovnikovi, EN) հանդիպում են Արփա և Որոտան գետերի ավազաններում, կուտորան կարող է բնակեցնել փոքր գետերը և առվակները:
Անբավարար են ուսումնասիրվել բեզոարյան այծի (Capra aegagrus, VU) ապրելավայրերը Արփա գետի ձախ ափին գտնվող բեզոարյան այծի ապրելավայրերը և հանքի շահագործման հնարավոր ազդեցությունները այդ տեսակի ապրելավայրերի և թվաքանակի վրա:
Տարածքում հնարավոր է նաև սիրիական սխտորագորտի (Pelobates syriacus VU) առկայություն, որը բավարար չի ուսումնասիրվել:

Բաց հանքի շահագործումը լիովին վերացնելու է տարածքում հանդիպող օձերի հետևյալ տեսակների ապրելավայրերը. Հայկական իժ Vipera (Montivipera raddei, VU), անդրկովկասյան սահնօձ (Zamenis hohenackeri, VU), հայկական լեռնատափաստանային իժ (Vipera (Pelias) eriwanensis, VU), կովկասյան կատվաօձ (Telescopus fallax, VU): Այս կենդանիները հնարավորություն չեն ունենալու տեղափոխվելու այլ ապրելավայրեր և տարածքում առկա դրանց պոպուլյացիաները ոչնչացվելու են՝ ծանր տեխնիկայի, շինարարության և այլի հետևանքով: Կենսաբազմազանության փոխհատուցման միջոցառումները չեն նախատեսում որևէ միջոցառում նշված տեսակների վերաբերյալ:
Հանքի շահագործման արդյունքում ազդեցութուն կրող տարածքի թռչնաֆաունան բանական հարուստ է, այն ներառում է թռչունների 137 տեսակ, որոնցից 30–ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Կենսաբազմազանության փոխհատուցման հավելվածում՝ հավելված 11, նշվում են միայն ԲՊՄՄ Կարմիր ցուցակի 14 տեսակ: Փաստաթղթում ասվում է «Հատուկ ուշադրություն է դարձվել գորշ արջի և ձվադրող թռչունների պոպուլյացիաների համար անհրաժեշտ նկատառումներին...» (էջ 17-18): Սակայն Աղյուսակ 2-ում նշվում է միայն մեկ տեսակ՝ Տափաստանային հողմավար բազե (Falco naumanni), որի համար որպես փոխհատուցում առաջարկվում է միայն մոնիթորինգ՝ 200,000 USD գումարով: ՀՀ Կարմիր գրքում գրանցված այլ թռչնատեսակների փոխհատուցման միջոցառումները բացակայում են:

Ըստ նույն հավելվածի «…Այլ տեսակների պոպուլյացիաների վրա մնացորդային էական ազդեցություններ չեն ակնկալվում, որը պայմանավորված է կամ այն հանգամանքով, որ դրանք տեղակայված են ծրագրի ազդեցության գոտուց դուրս կամ, որ դրանք կարող են դիմակայել ակնկալվող ազդեցություններին»: «էական ազդեցություններ» արտահայտությունը անորոշ է, «ազդեցության գոտուց դուրս» արտահայտությունը հակասում է հավելվածներ 3 և 4-ում բերվող փաստերին, իսկ «կարող են դիմակայել ակնկալվող ազդեցություններին» պնդումը որևէ թռչնատեսակի համար չի հիմնավորվում որևէ կոնկրետ փաստով:

Բացի ՇՄԱԳ-ի փաստաթղթից, ուսումնասիրվել են դրա հավելվածներ 3 և 4-ը, ինչպես նաև «Natural and Critical Habitat Assessment for Amulsar, Armenia» (Jo Treweek, Pete Carey, Peter Adriaens and Bill Butcher, 2016) հաշվետվությունը (այսւհետ՝ NCHAA):

Հավելվածներ 3 և 4-ում և NCHAA-ում միգրացիա կատարող թռչնատեսակների և բնադրող թռչունների թվաքանակները (տեսակների և անհատների թվաքանակներ) համեմատվում են Վրաստանում՝ Բաթումի ստացված տվյալների և տեսակների համաշխարհային պոպուլյացիաների կամ կուտակումների տվյալների հետ (էջ 6, 33 հավելված 3, և էջ 30-31՝ NCHAA): Թեև նման համեմատությունները ընդհանուր առմամբ կարող են օգտակար լինել, սակայն Ամուլսարի հանքի ծրագրի առումով դրանք անտեղին/անիմաստ են, քանի որ ստեղծում են թյուր կարծիք թռչնատեսակների համար գլոբալ առումով տարածքի ոչ այնքան մեծ կարևորության մասին: Մինչդեռ ստացված տվյալները պետք է դիտարկվեն ազգային մակարդակում և այդ պարագայում հանքի շահագործման հետևանքով թռչնաֆաունայի կորուստները զգալի կլինեն: Հիմնական շեշտը պետք է դրվի այդ տեսակների պwպուլյացիաների կարևորությանը և հնարավոր ազդեցություններին ազգային մակարդակում:

Միևնույն ժամանակ, փաստաթղթերում գնահատումները, վերլուծությունները և եզրակացությունները կատարվել են ըստ առանձին տեսակների: Մինչդեռ ընդհանուր պատկերի և բացասական ազդեցության գնահատման համար պետք է գնահատել բոլոր տեսակների և դրանց պոպուլյացիաների ամբողջ համալիրը՝ գնահատելով բոլոր տեսակների անհատների թվաքանակները, որոնք կանհետանան ազդեցություն կրող տարածքներից:

NCHAA-ի էջ 32 –ում նշվում է որ գիշանգղի (Neophron percnopterus, EN) Հայաստանյան պոպուլյացիան կազմում է 50-55 զույգ: Այս թիվը որևէ հիմնավորում չունի, միևնույն ժամանակ անտեսվում է գրականության ցանկում բերվող ՀՀ Կարմիր գրքում նշվող 40-60 բնադրող զույգ թիվը: Նման չհիմնավորված թվեր են բերվում նաև այլ թռչնատեսակների համար:

Անհասկանալի է, ինչու են գհանատվել միայն գիշատիչ թռչունները և չեն գնահատվել Ամուլսարի տարածքի ազգային մակարդակում վտանգված այլ թռչնատեսակները, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ՇՄԱԳ-ի համար հիմք են հանդիսացել նշված հավելվածներ 3 և 4-ը և NCHAA-ն: Հետևաբար, նույն անճշտությունները, բացթողումները և հակասութունները կարելի է նշել ՇՄԱԳ-ի փաստաթղթի համար՝ էջ 248-249, 619-620, աղյուսակներ 5.7.2., 5.7.6: Օրինակ՝ փաստաթղթում մի քանի անգամ կրկնվում է, որ գիշանգղի բնադրող զույգը ազդեցություն կրող տարածքում սնունդ հայթայթելու համար անցկացնում է իր ընդհանուր ժամանակի 20%-ից պակաս ժամանակը, և, հետևաբար, տարածքն այնքան էլ կարևոր չէ տեսակի համար՝ էջ 645: Այս պնդումը չունի որևէ գիտական հիմնավորում:

ՇՄԱԳ-ում կրկնվում է նաև մեկ այլ թյուր պնդում, որ «Ծրագրի հետ առնչվող հողօգտագործման փոփոխությունները և խախտումները կազդեն տարբեր թռչնատեսակների վրա, սակայն շատերը, լինելով համեմատաբար տեղաշարժվող և հարմարվող, կկարողանան տեղափոխվել այլընտրանքային տարածքներ»՝ օրինակ աղյուսակներ 5.7.7 և 5.7.8: Այս պնդումն անհիմն է և անիրատեսական, քանի որ գոյություն չունեն ազատ «այլընտրանքային տարածքներ»: Եթե մոտակայքում նույնիսկ առկա են այդ տեսակի համար հարմար տարածքներ, ապա դրանք արդեն իսկ զբաղեցված են լինում նույն այդ տեսակի կողմից: Եթե բնադրող զույգը ստիպված է լքել տարածքը ապրելավայրերի ոչնչացման հետևանքով, ապա մեծ հավանականությամբ այդ զույգին կարելի է կորցրած համարել՝ ազգային մակարդակում:

Մի շարք աղյուսակներում, օրինակ՝ աղյուսակներ 5.7.10, 5.7.11 և 5.7.14, բերվում են անիրատեսական և որոշ դեպքերում առնչություն չունեցող առաջարկություններ տեսակների պահպանությանն ուղղված ակտիվ գործողությունների վերաբերյալ: Սա կրկնվում է փաստաթղթի տարբեր հատվածներում (էջ 645-647):

Ընդհանուր առմամբ, անբավարար են ուսումնասիրված ՀՀ Կարմիր գրքում գրանցված և ազգային մակարդակով կարևորություն ունեցող մի շարք տեսակներ, Ամուլսարի ծրագրի տարածքի թռչնաբանական կարևորությունը ազգային մակարդակում թերագնահատված է, բազմաթիվ տեսակների համար լրջորեն թերագնահատված է (կամ չի գնահատված) ծրագրի բացասական ազդեցությունը և չեն առաջարկված դրանց կորուստի փոխհատուցման որևէ միջոցառումներ: Հետազոտությունների արդյունքում տվյալները հաճախ սխալ են մեկնաբանվում, և հաշվետվություններում և ՇՄԱԳ-ում չեն օգտագործվել կամ անտեսվել են տարբեր տեսակների մասին հրատարակված գիտական տվյալներ: Ազդեցություն կրող տեսակների պահպանությանն ուղղված առաջարկվող միջոցառումները լուրջ փորձագիտական քննարկման կարիք ունեն: Հետևաբար, կենսաբազմազանության փոխհատուցման ծրագրում առաջարկվող միջոցառումները թերի են և քննարկման ու վերադիտարկման կարիք ունեն:

Ազդեցություն կրող տարածքները կենսաբազմազանության տեսանկյունից պետք է դիտարկվեն ոչ թե առանձին տեսակների առումով, այլ որպես մեկ ամբողջություն՝ կենսամիջավայր կամ էկոհամակարգ:

3. Կենսաբազմազանության փոխհատուցման ռազմավարությունում առկա են որոշակի բացթողումներ կամ թերություններ, որոնք բխում են նաև կենսաբազմազանության վերը նշված թերի ուսումնասիրություններից կամ թյուր մեկնաբանություններից:

Փաստաթղթում նշվում է. «Կենսաբազմազանության փոխհատուցման միջոցառումների նպատակն է` չունենալ հողի վրայի կենսաբազմազանության ոչ մի կորուստ և նախընտրելի է ապահովել հաշվեկշռի ավելացում՝ տեսակների կազմի, կենսամիջավայրերի կառուցվածքի, էկոհամակարգերի գործունեության և մարդկանց կողմից օգտագործման, կենսաբազմազանությանն առնչվող մշակութային արժեքների առումով»: Նշվում է նաև, որ «Ամուլսար լեռան վրա կան ընդարձակ, բազմազան ենթալպյան և լեռնային մարգագետիններ, որոնք, ԿՍ6/ԿՊ6-ում սահմանված չափանիշների համաձայն, համարվում են բնական կենսամիջավայր: Ծրագիրը մշտական և անշրջելի ազդեցություններ կթողնի այդ կենսամիջավայրերի վրա, որոնք առնվազն 500 հա են կազմում»:

Ակնհայտ է, որ բաց հանքի շահագործման դեպքում հնարավոր չէ ապահովել «ոչ մի կորուստ», քանի որ ծրագրի տարածքում բնական կենսամիջավայրը ամբողջությամբ վերացվելու է: Միևնույն ժամանակ ցանկացած փոխհատուցման միջոցառում, այդ թվում «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումը, կամ որևէ այլ դեգրադացված տարածքների վերականգնումը երբևէ չեն ստեղծի այն բնական կենսամիջավայրերը իրենց բնորոշ կենսաբազմազանությամբ և տեսակների միջև բարդ կապերով, որոնք ծրագրի իրականացման արդյունքում կկրեն «մշտական և անշրջելի ազդեցություններ»:

Փոխհատուցման ռազմավարությունում բացի «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումը նշվում են պահպանության լրացուցիչ գործողություններ միայն գորշ արջի և տափաստանային հողմավար բազեի համար, այն էլ մեծապես ուղղված դրանց մոնիթրինգին: Ազգային պարկի ստեղծումը և նշված պահպանության լրացուցիչ գործողությունները ակնհայտորեն անբավարար են տարածքի կենսաբազմազանությանը հասցվելիք վնասի և կորուստի փոխհատուցման համար:

Ազգային պարկի ստեղծումը ինքնին ողջունելի նախաձեռնություն է, սակայն այն չի կարող փոխհատուցել Ամուլսարի ծրագրի տարածքի կենսաբազմազանության կորուստը:

Ազգային պարկի ստեղծման և գործունեության համար նախատեսվող գումարների բաշխվածությունը վերանայման կարիք ունի, բացակայում են ազգային պարկի պահպանման/բուֆերային գոտու համայնքային ծրագրերը: Ազգային պարկի ստեղծման համար նախատեսված գումարը ուռճացված է, իսկ պահպանման ծախսերը և կոնկրետ պահպանության/վերականգնման գործողությունների համար նախատեսվող գումարները շատ փոքր են: Դա հանգեցնելու է ազգային պարկի անարդյունավետ աշխատանքին և կենսաբազմազանության թերի պահպանությանը: Ընդհանուր առմամբ. պահպանման ծախսերը պետք է վերահաշվարկվեն և նախատեսվեն առնվազն 10, իսկ ցանկալի է շատ ավելի երկար՝ մինչև 25 տարի ժամկետի համար:
Բնության համաշխարհային հիմնադրամի
հայաստանյան մասնաճյուղ, տնօրեն Կարեն Մանվելյան, կենսաբանական գիտությունների թեկնածու»:

19:51 Մայիս 25, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news