Հակված եմ, որ Ամուլսարն աշխատի. ՀՀ փոխվարչապետ

Հակված եմ, որ Ամուլսարն աշխատի. ՀՀ փոխվարչապետ
«Բավական բարդ է ասել՝ երբ կբացվի Ամուլսարը, բայց ես հակված եմ, որ այն աշխատի»: Այս մասին 2021թ. սեպտեմբերի 24-ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Հարցին, թե դրա վերաբերյալ բնապահպանների հետ հանդիպումներ ունեցել եք, փոխվարչապատն արձագանքել է. «Ես նկատի ունեմ, որ դա պետք է լինի բնապահպանական բոլոր նորմերին համապատասխան: Երբ նշվում է, որ ես հակված եմ, որ Հայաստանում աշխատի որևէ հանք, բացվեն աշխատատեղեր, բյուջեում լինեն հավելյալ գումարներ, որոնք կփակեն նշված ծակուծուկերը, բնականաբար, ես դա ասում եմ բնապահպանական նորմերին համապատասխանության պարագայում»: 
 
Դիտարկմանը, թե մտահոգություններ կան, որ հարակից համայնքները կտուժեն, և մարդկանց առողջությանը վտանգ կսպառնա, Պապիկյանն արձագանքել է. «Ես կարծում եմ՝ մենք չենք կարող անել բան, որը նման ռիսկեր կարող է բերել: Միշտ կարող են լինել մարդիկ, ովքեր կհակարդարձեն, կունենան այլ կարծիքներ: Խոսքը վերաբերում է հիմնավոր հարցերին ու հիմնավոր պատասխաններին: Ամեն ինչ փաստերի դաշտում»:  

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործը, որի շրջանակներում նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն: Այդ փորձաքննության կատարումը հանձնարարվել էր «Earth link & Advanced Resources Development» (ELARD) լիբանանյան ընկերությանը: Փաստաթղթային փորձաքննության իրականացման համար լիբանանյան ընկերությանը ՀՀ կառավարության կողմից վճարվել է 450,944 ԱՄՆ դոլար: ELARD-ը փորձաքննության արդյունքում Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ մի շարք ռիսկեր է նշել իր եզրակացության մեջ: Այդ եզրակացության հրապարակումից հետո առաջ քաշվեց Ամուլսարի ծրագրին տրված բնապահպանական փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու հարցը, որն առկախվեց: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացրեց պետական լիազոր մարմինների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և ELARD և TRC  կազմակերպությունների դիրքորոշումը Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի վերաբերյալ: Այդ փաստաթղթում 13 կետով ներկայացրեցին Ամուլսարի ծրագրում առկա բացթողումներն ու թերությունները, այդ թվում փաստաթղթի 13-ում մասնավորապես նշված է. «Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի՝ ներկայացված փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում հանգել են հետևյալ եզրահանգումների. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ՇՄԱԳ հաշվետվության 2.9-րդ «Ռադիացիոն ֆոն» բաժինը պետք է ամբողջությամբ վերանայվի, հաշվի առնելով 1952-54թթ.-ին Ամուլսարի տարածքում կատարված ուրանի հետախուզական աշխատանքների հաշվետվությունը: Եթե հանքանյութի ակտիվությունը գերազանցի ՀՀ օրենսդրությամբ սահմանված արժեքը, դրա կառավարումը պետք է իրականացվի համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի N439 Ն որոշման պահանջների»:

Այդ փաստաթղթով առաջարկվեց հանձնարարել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տեսչական ստուգումներ անցկացնել, ինչը ևս տեղի չունեցավ:



Սեպտեմբեր 24, 2021 at 13:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր