Փաստաբաներն Ամուլսարի ծրագրի հարցերով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն բնապահպաններին

Փաստաբաներն Ամուլսարի ծրագրի հարցերով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն բնապահպաններին

ԷկոԼուր

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հարցերով բնապահպանները փաստաբաններից կստանան անվճար իրավաբանական օգնություն:

«2014 թվականին ՀՀ կառավարության կողմից տրվել է Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրավունքը և ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլտվությունը:
Այժմ իրականացվում է Ամուլսարի ծրագրի շինարարությունը:

Բնապահպանները և փորձագետները շարունակաբար բարձրաձայնում են Ամուլսարի ծրագրի կապակցությամբ իրենց մտահոգությունները, մասնավորապես այն, որ ծրագիրը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները։ Ըստ փորձագետների՝ Ամուլսարի նախագիծն ունի մի քանի սերունդների կյանքի տևողությամբ թթվային դրենաժ առաջացնելու մեծ ռիսկ։ Նշված թթվային դրենաժը վտանգի կենթարկի Արփա, Դարբ և Որոտան գետերն ու տարածքի բնական միջավայրը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

Ինչպես բխում է ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններից, արդի դարաշրջանում սոցիալ-իրավական պետությունն իրականացնում է որոշակի ընդհանուր և հանրորեն անհրաժեշտ գործառույթներ ներքին և արտաքին ոլորտում: Այդպիսի գործառույթներից մեկն էլ էկոլոգիական (բնապահպանական) գործառույթն է` որպես պետության գործունեության հիմնական ուղղություններից մեկը:

Սահմանադրությամբ ամրագրված այդ գործառույթի ներգործության օբյեկտներն են շրջակա միջավայրը և բնական պաշարները: Հասարակության առջև կանգնած խնդիրն է ապահովել մարդու կյանքի համար բնական, էկոլոգիապես անվտանգ շրջակա միջավայրի պայմաններ:

Պետությունը պարտավոր է ձեռնարկել շրջակա միջավայրի պահպանությանը, վերականգնմանը և բարելավմանն ուղղված միջոցառումներ, ապահովել բնական ռեսուրսների պահպանությունը և ռացիոնալ օգտագործումը, ինչպես նաև չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վտանգել շրջական միջավայրը:

Հաշվի առնելով մեր քաղաքացիների առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ստեղծում է կամավոր փաստաբանների խումբ, ովքեր անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն քաղաքացիներին, այդ թվում՝ բնապահպաններին:

Իրավաբանական օգնությունը ներառելու է Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրավունքի և բնապահպանական թույլտվությունների տրամադրման, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման, ինչպես նաև ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված այլ ընթացակարգերի պահպանման ուղղությամբ ուսումնասիրությունները և իրավաբանական խորհրդատվությունը:

Կամավոր փաստաբանների կազմի, ինչպես նաև նախաձեռնության հետ կապված այլ հարցերի մասին ՀՀ փաստաբանների պալատը լրացուցիչ կտեղեկացնի հանրությանը», - ասված է Արա Զոհրաբյանի հայտարարության տեքստում:

 

16:43 Հուլիս 09, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news