Միջազգային փորձագետները կուսումնասիրեն Ամուլսարի ծրագրի հնարավոր ազդեցությունը ջրերի վրա

Միջազգային փորձագետները կուսումնասիրեն Ամուլսարի ծրագրի հնարավոր ազդեցությունը ջրերի վրա

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ նախատեսվում է միջազգային հեղինակավոր կազմակերպության ներկայացուցիչների այց Հայաստան` ուսումնասիրելու Ամուլսարի ծրագրի հնարավոր ազդեցությունը ջրերի վրա:
«Սեպտեմբերի 17-ին մենք ակնկալում ենք միջազգային բավական հեղինակավոր կազմակերպության այց Հայաստան, որի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի ուսումնասիրեն երկրաբանական, հիդրոերկրաբանական և ընդհանրապես ջրերի վրա հնարավոր ազդեցությունները: Սա մենք ենք անում` մեր միջոցներով, պետք է գան և գնահատեն և նաև տան գնային առաջարկ, որից հետո, կարծում եմ, կառավարությունը ինքը որոշակի միջոցներ կտրամադրի, որպեսզի, վերջիվերջո, պետությունն ունենա որոշակի հարցերի պատասխաններ: Այս հետազոտությունների բացակայությունն է, որ իրականում չի տալիս բավարար տեղեկատվություն Հայաստանին, որպեսզի որոշի, թե ռիսկերն ինչքանով են կառավարելի և ինչքանով կառավարելի չեն... Ես` ինքս, կարծում եմ, որ Ամուլսարի ծրագրի ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա հիմնական խնդիրն է, որը պետք է ուսումնասիրվի», - ասաց Էրիկ Գրիգորյանը:

Անդրադառնալով Ամուլսարի ծրագրին դրական բնապահպանական եզրակացություն տրամադրած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին` նախարարն ասաց. «Ամուլսարի ծրագիրը, որի ՇՄԱԳ-ը իրականացվել է բազմաթիվ ինստիտուտների կողմից, ծախսվել է հսկայական գումարներ, եզրակացությունը տվել է մեկ փորձագետ: Եզրակացություն տվող ՊՈԱԿ-ն ունի 5-6 փորձագետ, և մենք հեռու ենք այն մտքից, որ այդ փորձագետներն ունեն բավարար գիտելիքներ` այդ բազմաբնույթ և տարբեր ուսումնասիրությունները որակական և բովանդակային առումով գնահատելու: Այդ պատճառով երբ ներկայացվում են իզոտոպային կամ մոդելավորված ստորգետնյա ջրերի հետազոտություններ, պետք է ընդունենք, որ գնահատելու կարողություններ ուղղակի չի եղել, և ավելի շուտ ֆիկտիվ բնույթ է կրել փորձաքննական եզրակացությունը»:

Բնապահպանության նախարարը նշեց, որ ներկայում շրջանառվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրինագիծ, ըստ որի մեծածավալ ծրագրերի իրականացման ժամանակ պետությունը կարող է ներդրողների ֆինանսներով ներգրավել միջազգային, տեղական կազմակերպությունների, փորձագետների, որպեսզի իրականացնեն գնահատում:

Անդրադառնալով ներկայում իրականացվող փորձաքննական գործընթացի փոփոխություններին, Էրիկ Գրիգորյանն ասաց. «Բնապահպանական փորձաքննության գործընթացը, որի վերաբերյալ բազմաթիվ մտավախություններ կան և բազմաթիվ խնդիրներ կան եզրակացությունների վերաբերյալ հասարակության մոտ, այս պահին ամբողջությամբ այլ մեթոդաբանությամբ է գործում: Մենք վարձել ենք միջազգային ծրագրերի շրջանակներում երկու փորձագետ, որոնք և մուտք լինելուց և ելք լինելուց բոլոր փաստաթղթերն ուսումնասիրում են: Եթե նրանք դրական կարծիք չեն տալիս, ապա որևէ փորձաքննական եզրակացություն դրական չի ստանում»:

 

20:16 Սեպտեմբեր 07, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news