«Լիդիանը» տեղեկացնում է, որ ստացել է Արփա գետից ջրօգտագործման թույլտվություն

«Լիդիանը» տեղեկացնում է, որ ստացել է Արփա գետից ջրօգտագործման թույլտվություն

ԷկոԼուր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությանը տրվել է Արփա գետից 11լ/վ ծավալով ջրօգտագործման թույլտվություն։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունից:

Հաղորդագրության մեջ «Լիդիան Արմենիա»-ն հիշեցնում է, որ նախկինում երկու անգամ դիմել է Արփա գետից երկարաժամկետ գործունեության համար անհրաժեշտ ավելի մեծ ծավալով (ավելի քան 40լ/վ) ջրառի համար, երկու դեպքում էլ ստացել է նախարարության մերժումը։ 2019 թ-ի դեկտեմբերի 23-ին ընկերությունը դիմել է նախկինից ավելի փոքր ծավալով ջրօգտագործման հայտով, որն, ըստ հաշվարկների, բավարար կլինի Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու համար։ «Լիդիան»-ը դիմել է նաև երկարաժամկետ գործունեության համար Դարբ գետից անհրաժեշտ ծավալով ջրառի հայտով, որը նույնպես մերժվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2019 թ-ի հոկտեմբեր ամսին։ Ընկերությունը վիճարկում է նախարարության այդ մերժումը ՀՀ վարչական դատարանում։

Հաղորդագրության մեջ մեջբերված են «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսի խոսքերը. «Գնահատելի է, որ կառավարությունը տրամադրել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը ջրօգտագործման թույլտվությունը, որն անհրաժեշտ է շինարարությունը վերսկսելու համար։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ ընկերությունը՝ շարունակվող ապօրինի շրջափակման պատճառով, դեռևս զրկված է իր տարածք մուտք գործելու հնարավորությունից, ինչը հանգեցրել է նրան, որ ընկերությունը չի կարողացել ներգրավել Ամուլսարի ծրագրի շինարարության ավարտի համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորում»:

Հիշեցնենք, որ «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ»-ը 2020 թ-ի փետրվարի 5-ին ապացուցակվեց Տորոնտոյի ֆոնդային բորսայից ցուցակագրման հետագա պահանջների չկատարման պատճառով: Տորոնտոյի ֆոնդային բորսան կասեցրել էր «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի սովորական բաժնետոմսերի առուվաճառքը 2019 թ-ի դեկտեմբերի 23-ին:

«Լիդիան»-ը հայտարարել է, որ շարունակելու է աշխատել երեք հնարավոր լուծումների ուղղությամբ՝ վաճառք, ծրագրի վերաֆինանսավորում, և/կամ արբիտրաժային գործընթաց:

 

Փետրվար 21, 2020 at 14:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր