ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը` ի դեմս «Դիլիջան» ազգային պարկի ղեկավար Աշոտ Դավթյանի, պատասխանեց «ԷկոԼուր»-ի հրապարակային հայտարարությանն այն մասին, որ Դիլիջանում կառուցվում են անօրինական օբյեկտներ, որոնց համար հատվում է անտառը, եւ որ ազգային պարկի տարածքը մասնատվել է կտորների եւ, փաստացիորեն, վաճառվել է: Հավելենք, որ դա անհամատեղելի է ազգային պարկի գլխավոր գործառույթի հետ, որը Դիլիջանի անտառների յուրահատուկ էկոհամակարգի եւ կենսաբազմազանության պահպանությունն է:
«ԷկոԼուր»-ի հետ հեռախոսազրույցում «Դիլիջան» ազգային պարկի ղեկավար Աշոտ Դավթյանն անհամաձայնություն հայտնեց հայտարարությանը եւ տվեց հետեւյալ պարզաբանումը: Ազգային պարկի 33 765 հա տարածքից պարկի կառավարման ներքո գտնվում է 28 000 հա: Մնացած հողերը համայնքների կառավարման ներքո են: Ռեկրեացիոն գոտին զբաղեցնում է 4 194 հա տարածք: Այդ տարածքում կան 46 տարածքների սեփականատերեր, որոնք ընդհանուր առմամբ զբաղեցնում են 47 հա տարածք: Եւս 67 հա տրված է Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման համար: Բացի «Լեռնային Հայաստան» համալիրից մնացած բոլոր տարածքները դեռ կառուցապատված չեն, թեպետ անժամկետ վարձակալության են վերցված: Այսինքն, Դավթյանի խոսքերով, ազգային պարկի ռեկրեացիոն գոտին կառուցապատված չէ: Ինչ վերաբերվում է շինություններին, ապա, Դավթյանի խոսքերով, այդ օբյեկտները գտնվում են համայնքների տարածքում, եւ դրանց օրինական կամ անօրինական լինելու համար պատասխանատվություն են կրում համայնքները:
Մեր կողմից նշենք, որ բացի ռեկրեացիոն գոտուց եւ արգելոցային տարածքներից, որոնք եւսմոտ 10% տարածք են զբաղեցնում, ազգային պարկի մնացած տարածքը տնտեսական նշանակության գոտի է: Այդ գոտում գտնվում են համայնքները եւ անտառը, որը կարող է օգտագործվել տնտեսական նպատակներով, օրինակ` ծառահատում իրականացնել: Անտառային ֆոնդի մեջ մտնում են նաեւ վարելահողերը, արոտավայրերը, մարգագետինները:
Որպեսզի այս հարցում հստակություն մտցնենք, մենք հարցնում ենք Բնապահպանության նախարարությանը`
-նախարարությունն ու՞նի այն օբյեկտների ցուցակը, որոնք կառուցվել են «Դիլիջան» ազգային պարկի 33 765 հա տարածքում,
-«Դիլիջան» ազգային պարկի մենեջմենթ պլանում նշված ի՞նչ տարածքներ (անտառային ֆոնդ, ռեկրեցին գոտի, մարգագետին, արոտավայր, բնակավայր, վարելահող եւ այլն) են զբաղեցնում այդ օբյեկտները
-դրանցից որո՞նք ունեն բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն:
Օգոստոս 19, 2011 at 12:30