Կառավարության ընդունած որոշումը կգործի այն ժամանակ, երբ Սևանա լճում կլինի ձկան և խեցգետնի արդյունագործական պաշար

Կառավարության ընդունած որոշումը կգործի այն ժամանակ, երբ Սևանա լճում կլինի ձկան և խեցգետնի արդյունագործական պաշար

ԷկոԼուր

Ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» 1667-Ն որոշումը:

Որոշմամբ կանոնակարգվում են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների, արդյունագործական որսի քանակների, ձևերի որոշման, Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացները:

Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ որոշման անհրաժեշտությունը բխում է Սևանա լճի՝ ռեսուրսի սահմանափակ լինելու, ազգային անվտանգության և ռազմավարական նշանակության, էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանման գերակայությունն ապահովելու, Սևանա լճի առողջացման և ամբողջ էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործի՝ պետական մակարդակով կառավարման և Սևանի պահպանությունը և լիճը որպես էկոլոգիապես հավասարակշռված համակարգ գալիք սերունդներին փոխանցելու համազգային հիմնախնդրի դիտարկման սկզբունքներից:

«Այս կարգի ընդունմամբ փորձ է արվում կանոնակարգել Սևանա լճում խեցգետնի և սիգի հաշվառման, վերարատադրության, որսի կազմակերպման հարաբերությունները: Առաջին անգամ է նման կարգավորում տրվում, և այս կարգավորումը տալուն զուգահեռ ևս այլ օրենսդրական նախաձեռնություններ ունենք: Նպատակը նաև նա է, որպեսզի սահմանվեն հստակ կանոնները, հստակորեն ժամանակահատվածում՝ տեսակները, ինչպես է իրականացվելու որսը, և այս գործունեությունը փորձենք տանել օրինական դաշտ», - նախագծի ներկայացման ժամանակ ասել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Ըստ որոշմամբ ընդունված կարգի՝ ամեն տարի լիազոր մարմինը, շրջակա միջավայրի նախարարությունը, պարտավոր է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի իրականացման պայմանագրերի կնքման գործընթացը սկսելու մասին զանգվածային լրատվության միջոցներով ծանուցել հասարակությանը և տեղադրել իր պաշտոնական կայքէջում: Լիազոր մարմինը նաև պարտավոր է իր պաշտոնական կայքէջում պարբերաբար տեղադրել տվյալ տարվա համար կնքված պայմանագրերի և սահմանված արդյունագործական պաշարի սպառված չափաքանակների վերաբերյալ տեղեկատվություն:

Սակայն որոշումը գործելու է այն ժամանակ, եթե լճում լինի այդ հիդրոբիոնտների արդյունագործական պաշարը, ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

«Վերջին տարիներին նկատվում է սիգի պաշարների աճի միտում: Սիգի արդյունագործական պաշարը լճում կազմում էր մոտ 730 տոննա, սակայն ձկնաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը գտնում է, որ սիգի պաշարները լճում նպատակահարմար է շահագործել այն ժամանակ, երբ արդյունագործական պաշարը գերազանցի 1000 տոննայի սահմանը, դա թույլ կտա լճում ունենալ սիգի կայուն պաշար:

Այս տարի շատ վատ է խեցգետնի վիճակը: Արդեն գրանցվել է խեցգետնի արդյունագործական պաշարների կրճատման միտում: Խեցգետնորսիչների որսունակությունը նախորդ տարիների համեմատ գրեթե տասն անգամ նվազել է: Պատճառը խեցգետնի պոպուլյացիայում տարածված հիվանդություններն են և պաշարների վատ կառավարումը: Հավանաբար ինստիտուտը կառաջարկի արգելել խեցգետնի որսը Սևանա լճում:

Յուրաքանչյուր տարի ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը պետական կարիքների համար հայտարարում է Սևանա լճում խեցգետնի և ձկների պաշարների հաշվառման և օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանման մրցույթ: Այս տարի մրցույթը ուշ հայտարարվեց՝ օգոստոսի 20-ին, և արդյունքները դեռևս պատրաստ չեն: Սիգի պաշարները դեռ գնահատման փուլում են, դրանք հայտնի կդառնան դեկտեմբերի 5-7-ը» - նշեց Էվելինա Ղուկասյանը:

Նոյեմբեր 29, 2019 at 17:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր