Խոսրովի արգելոցից մինչև Մեղրի. էկոտուրիզմի զարգացում հատուկ պահպանվող տարածքներում

Խոսրովի արգելոցից մինչև Մեղրի. էկոտուրիզմի զարգացում  հատուկ պահպանվող տարածքներում

ԷկոԼուր

«Խոսրովի անտառ» պետական արգելոցից մինչև Մեղրի Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կզարգացնեն էկոտուրիզմը: Այս առիթով փետրվարի 21-ին Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնը, Բնության հանաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

«Այսօր հիմք է դրվում մի մոտեցման, որը թույլ կտա համակցված բարեփոխումների միջոցով իրականացնել կայուն և մրցունակ զբոսաշրջության զարգացում հատուկ պահպանվող տարածքներում, որը հիմնված կլինի բնական ռեսուրսների կայուն օգտագործման և համայնքային ունակությունների զարգացման վրա»,- ասաց Արման Խաչատրյանը: 

Կարեն Մանվելյանը նշեց, որ  WWF-ը դիտում է էկոտուրիզմը որպես բնական ռեսուրսների կայուն օգտագործման միջոց: «Աշխարհում դա կոչվում է այցելուների ծրագիր: Այցելուների խումբը բաղկացած է լինելու ամենաշատը 10 հոգուց: Օրեկան կարող են այցելել առավելագույնը 50 հոգի: Բացի պահպանվող տարածքներում իրականացվող աշխատանքներից, մենք աշխատում ենք նաև համայնքների հետ՝ փորձելով այնտեղ խթանել այլընտրանքային ապրելամիջոցների ստեղծման գործընթացը»,- ասաց Կարեն Մանվելյանը՝ հավելելով, որ էկոտուրիզմը կարող է հարակից համայնքների համար դիտվել որպես եկամուտի աղբյուր: 

Քանի որ խոսքը գնում է հատուկ պահպանվող տարածքների մասին, հարց է առաջանում՝ չի՞ վնասի արդյոք տուրիզմը բնության պահպանությանը: Դեյվիդ Մորիսոնի կարծիքով՝  ճիշտ ուղղությամբ ընթացող տուրիզմը բնության պահպանության հետ գնում է ձեռք ձեռքի. «Խոսքը էկոտուրիզմի մասին է, այլ ոչ թե զանգվածային տուրիզմի:  Մենք չենք ուզում տեսնել, որ մարդիկ իրենց ետևից թողնում են գարեջրի շիշ կամ աղբ: Մենք ուզում  ենք, որ երիտասարդները, մեծերը, արշավականները գան ծանոթանալու վայրի բնությանը»: Դեյվիդ Մորիսոնի խոսքով՝ այցելուների քանակը  և նրանց գործողությունները վերահսկվելու են: Կովկասի բնության հիմնադրամը  ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում այժմ արդեն ներդնում է տարեկան  650 000 դոլար գումար: 

22:59 Փետրվար 21, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news