Սոչիի ազգային պարկում զբոսաշրջային կլաստերի կառուցումը պոտենցիալ վտանգ է ընձառյուծի պոպուլացիայի վերականգնման ծրագրի համար

Սոչիի ազգային պարկում զբոսաշրջային կլաստերի կառուցումը պոտենցիալ վտանգ է ընձառյուծի պոպուլացիայի վերականգնման ծրագրի համար

ԷկոԼուր

Սոչիի ազգային պարկում զբոսաշրջային կլաստերի կառուցումը պոտենցիալ վտանգ է առաջավորասիական ընձառյուծի պոպուլացիայի վերականգնման ծրագրի համար, ԷկոԼուրի հետ զրույցում ասաց WWF-Ռուսաստանի «Ռուսական Կովկաս» տարածաշրջանային մասնաճյուղի տնօրեն Վալերի Շմունկը: Ծրագիրը իրականացնում են ՌԴ-ի Էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությունը WWF-Ռուսաստանի հետ համատեղ: Տարածքը, որտեղ կառուցվում է զբոսաշրջային կլաստերը, հանդիսանում է ընձառյուծի միգրացիոն ուղի:

«Հիմա փոխել են ֆունկցիոնալ գոտիավորման սխեման: Կրասնայա Պոլյանա շրջանում գտնվող արգելոցային տարածքի կատեգորիան փոխել են ռեկրեացիոն գոտու: Սա ամենամեծ խնդիրն է, որովհետև այդտեղով է անցնում ընձառյուծի միգրացիոն ուղին, այդտեղ են բնակվում Կարմիր գրքում գրանցված շատ կենդանիներ և բույսեր: Դա յուրահատուկ վայր է, Մզիտմա գետի ակունքն է, որը սնուցում է Մեծ Սոչիի զգալի մասը», -  ասաց Վալերի Շմունկը:

Զբոսաշրջային կլաստերի կառուցումը իրականացնում է «Ռոզա Խուտոր» ընկերությունը: Վ. Շմունկի խոսքերով՝ շատ միջազգային փորձագետներ, ովքեր աշխատում են ընձառյուծի պոպուլացիայի վերականգնման ծրագրում, մտահոգված են և ցանկանում են դուրս գալ ծրագրից, եթե Ռուսաստանը շարունակի այդ տարածքների շինարարությունը: 

«Այս փուլում մենք արել ենք հնարավոր ամեն ինչ: Մենք գրել ենք բոլոր հնարավոր նամակները պետական հաստատություններին: Ցավոք, դեռևս ոչ մի արդյունք չկա: Մեր հույսը Ռուսաստանի և միջազգային հանրության ճնշումն է, որը կոչ է անում Ռուսաստանին կատարել իր վրա վերցրած միջազգային պարտավորությունները: Ռուսաստանը պարտավորվել է ձեռք չտալ այդ տարածքներին՝ որպես փոխհատուցում վնասի, որը հասցվել է հատուկ պահպանվող տարածքների հողերին 2014 թ-ի Օլիմպիադային պատրաստվելու ժամանակ», - նշեց Վալերի Շմունկը և հավելեց, որ իրականում սա շատ մեծ ռիսկ է և առաջին հերթին վերաբերում է երկրի միջազգային համբավին:

11:48 Դեկտեմբեր 24, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news