Խոսրովի արգելոցի շուրջ բուֆերային գոտին պետք է ընդլայնել և տալ նրան պահպանման նոր բարձր ռեժիմ

Խոսրովի արգելոցի շուրջ բուֆերային գոտին պետք է ընդլայնել և տալ նրան պահպանման նոր բարձր ռեժիմ

ԷկոԼուր

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը հասարակության կողմից ընկալվում է որպես ազգային աղետ: Հրդեհը շարունակվեց օգոստոսի 12-ից 16-ը: Օգոստոսի 17-ի դրությամբ Ռուսաստանի «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը 3 օրվա ընթացքում արդեն իրականացրեց իր 15-րդ թռիչքը Խոսրովի արգելոցի վրա: ՀՀ կառավարության համաձայն` Խոսրովում այրվեց 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հեկտարը՝ անտառածածկ: Մինչդեռ WWF-Հայաստանը տալիս է նախնական, բայց կոռեկտ գնահատական այրված տարածքների վերաբերյալ: Օգոստոսի 15-ի դրությամբ, ըստ WWF-Հայաստանի, հրդեհն ընդգրկել է 2733 հա տարածք, որից 201 հա` գիհու անտառ, 1624 հա` բուսածածկ տարածք, մնացածը` լայնատերև անտառներ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչով դիմել է բնակչությանը` ցուցաբերել զգոնություն և զգուշություն և չվնասել աղետի պատճառով անվտանգ վայրեր ու թաքստոցներ փնտրող կենդանիներին: Իսկ որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ զերծ մնալ ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի որսահանդակների բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց: ՀՀ բնապահպանության նախարարը նաև հանձնարարել է Բնապահպանական պետական տեսչությանը ուժեղացված հսկողություն սահմանել վերոհիշյալ շրջաններում՝ ուշադրության կենտրոնում պահելով Կարմիր գրքում գրանցված կենդանիներին:

Օգոստոսի 18-ին ՀՀ կառավարության նիստում անտառային հրդեհների վերաբերյալ գնահատական տվեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: « ԱԻՆ-ում կիրականացվեն մանրակրկիտ ուսումնասիրություններ, կարվեն մասնագիտական հետևություններ՝ քաղված դասերը սերտելու, անտառային հրդեհների արձագանքելու կարողությունների զարգացնելու և անտառային հրդեհների կանխարգելման համար պատասխանատու այլ կառույցների հետ համատեղ նման աղետների ռիսկերը նվազեցնելու նպատակով»,- մասնավորապես ասաց փոխվարչապետը:

Facebook-ում և այլ հասարակական ցանցերում տարբեր առաջարկություններ են հնչում, որ Խոսրովի բուսականության կամ անտառի վերականգնման նպատակով պատրաստ են անտառատնկում իրականացնել: Արգելոցն այն վայրն է, որտեղ մարդու միջամտություն չպետք է լինի: Դա վայրի բնության տարածք է, բարձր պահպանման ռեժիմով: Այն պետք է վերականգնվի ինքնուրույն պայմաններում:

Մենք առաջարկում ենք ՀՀ կառավարությանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ բուֆերային գոտին ընդլայնել, որը կունենա բարձր պահպանման ռեժիմ, ինչպես արգելոցում: Այստեղ պետք է բացառվի մարդու կողմից իրականացվող ցանկացած գործունեություն: Միայն այդ դեպքում Խոսրովի արգելոցի հրդեհից այրված տարածքները կկարողանան ինքնավերականգնվել: Խոսրովի արգելոցը վայրի բնության պահպանման տարածք է, և այն չպետք է վերածվի մարդու կողմից ստեղծված արհեստական տարածքի:

15:52 Օգոստոս 17, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news