«Նիգ Մայնինգ»-ը մտադիր է ոսկի որոնել «Արևիք» ազգային պարկի կողքին

«Նիգ Մայնինգ»-ը  մտադիր է ոսկի որոնել «Արևիք» ազգային պարկի կողքին

ԷկոԼուր

«Նիգ Մայնինգ» ՍՊԸ-ն մտադիր է ոսկի որոնել «Արևիք» ազգային պարկի հարակից տարածքում: Խդեբանցի ոսկու հանքերևակումում 2018-2020 թթ-ին երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ ընկերության հայտը ներկայում անցնում է բնապահպանական փորձաքննություն:
Խդեբանցի ոսկու հանքերևակումը տեղակայված է ՀՀ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղից 7.0 կմ դեպի հյուսիս և Լիճք գյուղից 20 կմ դեպի արևելք, ընդգրկում է Շվանիձոր և Ծավ գյուղերին պատկանող տարածքները:

Ուսումնասիրության համար հայցվող տարածքը կազմում է 529.2 հեկտար: Նախատեսվում է հորատել 50-ից մինչև 100 մետր խորությամբ 40 հորատանցք: Ըստ հայտի` հորատման ժամանակ կօգտագործվեն նախկինում կառուցված ճանապարհները: Տարածաշրջանի հիմնական ջրային զարկերակը Արաքս գետն է իր ձախակողմյան բազմաթիվ վտակներով, այդ թվում` Մեղրի գետով:

Մեղրու շրջանն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ: Բազմազան է անողնաշարավորների ֆաունան: Ինչպես նշվում է հենց հայտում, նախատեսվող գործունեության հարակից տարածքներում բավական հաճախ են հանդիպում ՀՀ Կարմիր գրքում գրանցված Հնդկական մացառախոզը, Լայնականջ ոզնին և Անտառակատուն: Բարձրադիր լեռներում խիստ հազվադեպ կարող են հանդիպել Գորշ արջը և Ընձառյուծը: Նախագծողների համոզմամբ` երկրաբանական ուսումնասիրությունների համար հատկացված տարածքում ուսումնասիրությունների ժամանակ կենդանիների ցամաքային միգրացիոն ուղիներ, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեսակներ չեն հայտնաբերվել: Ըստ հայտի` բացակայում են նաև կարմիրգրքյան բուսատեսակները:

«Խդեբանցի հանքերևակման դաշտի երկրաբանական ուսումնասիրությունների համար հայցվող տարածքը հարավում սահմանակից է «Արևիք» ազգային պարկի տարածքին, հարավ-արևելքում և հյուսիս արևմուտքում հայցվող տարածքի և ազգային պարկի սահմանները հեռու են իրարից», - նշված է հայտում:

16:43 Փետրվար 19, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news