ՀՀ քննչական կոմիտեն կարճել է Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեն կարճել է Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի քրեական գործը

ԷկոԼուր

ՀՀ քննչական կոմիտեն կարճել է Խոսրովի արգելոցում 2017 թ-ի օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի համար հարուցված քրեական գործը:

SHANTNEWS-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնել է. «Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ  խոտհնձիչները և անտառտնտեսության աշխատակիցները գտնվել են հրդեհի առաջնային այրման գոտուց՝ առաջին օջախից բավական մեծ հեռավորության վրա, ուստի  հրդեհի առաջացումը խոտհնձիչների շահագործումից, քիչ կալորիականության աղբյուրներից և բաց կրակից, այն է՝ չմարված ծխախոտի գլանակ, այրվող լուցկի, կրակայրիչ և այլն, կարելի է բացառել»։

Քննչական կոմիտեն չի հայտնաբերել հանցակազմ անտառի տեղամասերից մեկի պետ Պետրոս Հովհաննիսյանի արարքներում և արձանագրել է, որ Պետրոս Հովհաննիսյանի կողմից առավել վտանգի այլ աղբյուր հանդիսացող խոտհնձիչի շահագործման ընթացքում անզգույշ վերաբերմունք դրսևորելու հետևանքով «Զիմնի» կոչվող հատվածում հրդեհի առաջացման վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել։

Ըստ Սոնա Տռուզյանի՝ հրդեհն, ամենայն հավանականությամբ, առաջացել է չոր խոտի ինքնաբռնկումից՝ հաշվի առնելով օդի բարձր ջերմաստիճանը, տեղումների բացակայությունը, խոտածածկ տարածքների ու չոր խոտի քանակությունը:

Նշենք, որ նախնական վարկածներում հրդեհի բնածին լինելը բացառվում էր: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը համոզմունք էր հայտնել, որ հրդեհը անփութության հետևանք է: Իսկ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ հայտարարել էր, որ արգելոցի հրդեհը ծագել է միաժամանակ երեք տարբեր օջախներից, որոնք գտնվել են միմյանցից բավական մեծ հեռավորության վրա, ինչը հիմք է տալիս եզրակացնել, որ հրդեհը չէր կարող լինել բնածին։

«Ի սկզբանե մասնագիտորեն, լուսանկարներ ցույց տալով պնդում էին, որ հրդեհը մարդկային գործոնի հետևանք է, իսկ այսօր որոշեցին, որ բնությունն էր մեղավոր: Այս եզրակացությունն ինձ համար անհասկանալի է և բացարձակ համոզիչ չէ», - Քննչական կոմիտեի եզրակացության վերաբերյալ էկոլուրի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

16:49 Մարտ 20, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news