Սեւանա լճում իշխանի արհեստական բուծման համար ցանցավանդակների թիվը կավելանա 2 անգամ

Սեւանա լճում իշխանի արհեստական բուծման համար ցանցավանդակների թիվը կավելանա 2 անգամ

ԷկոԼուր

Սույն թվականի մայիսի 12-ին` ժամը 12.00-ին, Կարճաղբյուրի գյուղապետարանում տեղի կունենան «Սևանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Սևանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսություն ստեղծելու հիմնական նպատակներն են` նմանատիպ տնտեսությունների կողմից Սևանա լճի և շրջակա միջավայրի վրա ազդեցության և էկոլոգիական ռիսկերի, ձկնաբանական, արտադրական և տնտեսագիտական ցուցանիշների` ձկների քաշաճի, կերակրման նորմաների, անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսների և ընթացիկ ծախսերի, ձկան ինքնարժեքի, տնտեսության շահութաբերության գնահատումը:

Նախատեսվում է Կարճաղբյուր համայնքի հարեւանությամբ 2015-2016թթ. տեղադրել մինչեւ 12 ցանցավանդակ, որտեղ ձկան արտադրողականությունը յուրաքանչյուր ցանցավանդակում հասցվելու է շուրջ  685 տոննայի:

Սևանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության հիմնումը իրականանալու է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում: Համալիր ծրագրով նախատեսվում է ոչ միայն ցանցավանդակային տնտեսությունների հիմնում, այլեւ մանրաձկան արտադրություն, ձկնամթերքի վերամշակում եւ իրացում: Համալիր ծրագրով նախատեսվում է մինչեւ 2023թ-ը Սեւանա լճում տեղադրել 74 ցանացավանդակ` աճեցնելով Սեւանա լճում մինեւ 50 000 տոննա ձուկ, որոնք կերակրվելու են 50 000 տոննա արհեստական կերով:

Եթե «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրում» նշվում էր, որ ձկան կերը պարունակելու է ֆոսֆոր եւ ազոտ (նյութեր, որոնք նպաստում են լճի ճահճացմանը), ապա  «Սևանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության» հայտում ձկան կերի մեջ ֆոսֆորի ու ազոտի մասին խոսք չկա:

«Ծրագրի բնապահպանական ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար կօգտագործվի աշխարի լավագույն արտադրողների կողմից առաջարկվող էկոլոգիապես կայուն կեր, որի բաղադրությունը կազմում են բացառապես բնական գյուղատնտեսական մշակաբույսերը, ձկան ալյուրը և ձկան յուղը: Բացի այդ, նախատեսվում է մոդելային տնտեսությունում փորձարկել բնական կերով (գամարուսներ) կերակրման հնարավորությունները և արդյունավետությունը», -մասնավորապես նշված է հայտում:

Նշենք, որՀՀ կառավարությունը սույն թվականի ապրիլի 16-ին երեք տարի ժամկետով հետաձգեց  համալիր ծրագրի շրջանակներում մանրաձկան արտադրությամբ, ձկնամթերքի վերմշակման եւ իրացման հարցերով զբաղվող «Սեւանի իշխան» ՓԲԸ-ի

կողմից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Առաջիկա 3 տարիների ընթացքում «Սեւանի իշխան» ՓԲԸ-ն ներկրելու է  2,667,790,000 դրամ արժողությամբ 118 անուն ապրանք: Ուշագրավ է, որ ապրանքների ցուցակը գլխավորող ձկան կերի համար նշված չէ արտահանման երկրի անունը: Միայն նշված է, որ ներմուծվելու է 180,000,000 դրամ արժողությամբ 160,000 կգ ձկան կեր:

Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման նկատառումներից ելնելով` հայտում նախատեսվում է մանրաձկան գործարանի կողմից լիճ բաց թողնել մանրաձկան  նվազագույնը 25%-ը: Իրենց հերթին  մասնավոր ցանցավանդակային տնտեսություններն տարեկան հասույթի 1,5%-ի չափով գնելու են շուրջ 200 000 մանրաձուկ և բաց են թողնելու Սևանա լիճ: Տարեկան շուրջ 133 միլիոն դրամ է ուղղվելու Սևանա լճի ավազանի խնդիրների լուծմանը: Այդ միջոցները գոյանալու են մանրաձկան արտադրության, ձկան վերամշակման և իրացման ոլորտներում ձևավորված շահութներից, ինչպես նաև ցանցավանդակային տնտեսությունների մասհանումներից՝ 200 դրամ մեկ կգ ձկան իրացումից և հասույթի 1.5 %-ը:

2014թ-ին Սեւանա լճի ջրի որակը բարենպաստ չի եղել ձկների համար: ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2014թ-ի տարեկան տեղեկանքի համաձայն`   Սևանա լճից վերցված փորձանմուշներում, ըստ ձկնատնտեսական նորմերով գնահատման, սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել են ԹԿՊ5-ի, ԹՔՊ-ի, վանադիումի, քրոմի և սելենի կոնցենտրացիաները: Մյուս կողմից Սեւանի ձկնապաշարների վրա մեծ ազդեցություն է թողնում ձկների բնադրավայրերի ոչնչացում, գերորսը, փոքր ՀԷԿ-երը: Միայն այս խնդիրների լուծման արդյունքում է հնարավոր Սեւանում ձկնապաշարների վերականգնում: Այս խնդիրների լուծման առնչությամբ «Սևանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտում կոնկրետ առաջարկներ չկան:

18:29 Մայիս 11, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news