ԷկոԼուր
Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Տեղեկատվության ազատության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի մշակումն իրականացվել է 780 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Այս մասին ս․թ․ ապրիլի 6-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը։
««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը (բաղկացած ընդամենը 2 պարբերությունից) մշակվել է 780.000 ԱՄՆ դոլարով դրամաշնորհի շրջանակում՝ Շրջակա միջավայրի նախարարության կողմից։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մի շարք տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով տրամադրել մանրամասներ այս դրամաշնորհի մասին։
ԻԱԿ-ին ի պատասխան՝ նախարարությունը որպես այս օրենսդրական փոփոխության հիմնավորում նշում է ծրագրի շրջանակում իրականացված փորձագիտական վելուծությունը, սակայն պատասխան գրություններից և ոչ մեկով այդպես էլ չի տրամադրել ո՛չ վերլուծությունը, ո՛չ դրա հրապարակման պաշտոնական հղումը, ոչ էլ, թե կոնկրետ ո՛ր փորձագետներն են մշակել օրենքի նախագիծը։
Նաև մեր այն պնդմանը, թե Շրջակա միջավայրի նախարարությունում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ տեղի է ունեցել հանրային քննարկում, ապա ինչու այդ մասին որևէ տեղեկատվություն առկա չէ նախարարության կայքում, պաշտոնական գրությամբ պատասխանել են. «նախարարության պաշտոնական կայքում չի տեղադրվել տեխնիկական խնդիրների պատճառով»»,- գրել է Շուշան Դոյդոյանը։
Հիշեցնենք, որ քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ դեմ են այս օրինագծին՝ պահանջում են մերժել այն:
Լուսանկարը՝ Շուշան Դոյդոյանի ֆեյսբուքյան էջից
Ապրիլ 06, 2020 at 14:54