«ԲարևԹրեյլզ» ծրագրի կամավորները «Պլանավորված Տաթև ազգային պարկ»-ում կատարեցին էկոտուրիզմի զարգացման աշխատանքներ (Լուսանկարներ)

«ԲարևԹրեյլզ» ծրագրի կամավորները «Պլանավորված Տաթև ազգային պարկ»-ում կատարեցին էկոտուրիզմի զարգացման աշխատանքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Մայիսի 19-26-ը Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի 35 կամավորներ «Պլանավորված Տաթև ազգային պարկ»-ում էկոտուրիզմի զարգացմանը միտված աշխատանքներ կատարեցին «ԲարևԹրեյլզ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակը հարավային Հայաստանի պահպանվող տարածքներում («Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ», «Պլանավորվող Տաթև ազգային պարկ» և «Զանգեզուր կենսոլորտային համալիր») էկոտուրիզմի ենթակառուցվածքների բարելավումը և ընդհանուր առմամբ Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է որպես էկոտուրիզմի համար նպաստավոր երկիր:

Ինչպես ԷկոԼուրին տեղեկացրեցին WWF Հայաստանի գրասենյակից, եռամյա ծրագրի առաջին փուլում կատարվել են հետևյալ աշխատանքները`

• բարեկարգվել է «Տանձատափ»-«Սատանի կամուրջ» արահետը
• ստեղծվել է 2 կամուրջ, որոնցից մեկը «Տաթևի Մեծ Անապատ» վանք տանող ճանապարհին, որի բացակայությունը նախկինում դժվարություններ էր առաջացնում վանք այցելող զբոսաշրջիկների համար
• արահետի տարածքում տեղադրվել է բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև պատմամշակութային վայրերը ներկայացնող տեղեկատվական 17 ցուցանակ
• արահետի գլխամասերում տեղադրվել է տեղեկատվական 2 կրպակ, որոնք այցելուներին ներկայացնում են արահետի մասին համապարփակ տեղեկատվություն
• իրականացվել է արահետի ամբողջական գծանշում
• արահետի դժվարանցանելի մասերում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ՝ հասանելիությունը և անվտանգությունը բարձրացնելու նպատակով
• մաքրվել են «Սատանի կամուրջ» տանող ճանապարհի պատերի գրառումները:

Կամավորներն այցելել են մի շարք պատմամշակութային վայրեր, բնության հուշարձաններ, ծանոթացել հայկական մշակույթի և բնաշխարհի հետ։ Վերադառնալով իրենց երկրներ` նրանք լծվել են Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործին:

Կամավորների երկրորդ խումբը Հայաստան կժամանի այս տարի աշնանը:

«ԲարևԹրեյլզ» էկոտուրիզմի զարգացման ծրագիրը նախաձեռնել են «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF Հայաստան) և Շվեյցարիայի «Վեսսեր» հիմնադրամը: Ծրագրի իրականացմանն աջակցել է «Արահետներ հանուն փոփոխության» հասարակական կազմակերպությունը։

 
 
 
 
 

15:25 Մայիս 31, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news