Երևանի կենդանաբանական այգու խնդիրները, այգու զարգացման հեռանկարները (Լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգու խնդիրները, այգու զարգացման հեռանկարները (Լուսանկարներ)

Արմանուշ Գևորգյան￿` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի ԷկոԼուրի համար

Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1940 թվականին։ Ըստ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի` այգին զբաղեցնում է 85 000 մ² տարածք, որից կենդանիների համար նախատեսված կառույցներինը՝ 52 000 մ²։

Երևանի կենդանաբանական այգու խնդիրների և բարեփոխումների մասին զրուցեցինք այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանի հետ։

Երևանի կենդանաբանական այգին ի՞նչ խնդիրներ ունի:

-Մենք ունենք այգու սահմանների խնդիր: Ունենք ցանկապատ, որը արվել է դեռ խորհրդային տարիներից, բայց մեր սահմանները դրանից ավելին է: Քանի որ դեռ խորհրդային տարիներից դրան ուշադրություն չի դարձվել, քաղաքացիները ամենավերևից ապօրինի մշակելով իջել են և բավականին մեծ տարածքներ զավթել և տարիներով խնամել են այդ տարածքները: Եթե մենք հիմա ցանկանանք, օրենքով կարող ենք վերցնել այդ տարածքները, եղել են այդպիսի դեպքեր, բայց մենք չունենք հնարավորություններ՝ մեր այդ իրավունքը ներկայումս կենսագործելու: Ֆինանսական նոր ներդրումներ չունենք: Կա էլեկտրական ցանցերի խնդիր: Այս հսկայական տարածքի էլեկտրամոնտաժը շատ վաղուց է արված, նոր է միայն վերջերս կառուցված կարանտինային հատվածի էլեկտրոմոնտաժը: Իսկ մնացած տարածքինը հին է և անհրաժեշտություն կա փոխելու:

Ռուբեն Խաչատրյանի կողմից այգու տնօրինումը ստանձնելուց հետո ի՞նչ բարեփոխումներ են իրականացվել այգում, որքանո՞վ են լավացել կենդանիների պահման պայմանները:

- Այգու տարածքն ավելի է մեծացել. այն ժամանակ այգին սահմանափակվում էր մի փոքր հատվածով: Բոլոր վանդակները քառակուսի փոքր վանդակներ էին, որոնցում իրար կողքի շարված էին առյուծը, վագրը, արջերը, և նրանք համարյա շարժվելու տեղ չունեին:

Առաջին ձեռքբերումներից է լեմուրի վանդակը, որովհետև դա այն կենդանին է, որը երբեք այգում չենք ունեցել և հիմա ուենք:

Այն ժամանակ կենդնիները ցուցափեղկերի նման էին, և մարդիկ գալիս, նայում ու գնում էին, իսկ հիմա կարող է 15-20 րոպե սպասեն, մինչև կենդանիներին տեսնեն: Հիմա համարյա թե ազատության մեջ են:
Այն ժամանակ այգուց սարսափելի հոտ էր գալիս, ամբողջ գետը, որը իջնում էր այգու տարածքով, ծառայում էր որպես կոյուղատար, բոլոր կենդանիների աղբը լցվում էր գետի մեջ, գետն էլ, այդ բույրը տարածելով այգով, անցնում էր: Հիմա ամբողջ կոյուղատարն առանձնացված է, նորոգված է:

Որքա՞ն կենդանի, սողուն և թռչուն է պահվում կենդանաբանական այգում:

-Երևանի կենդանաբանական այգում պահվում է` 41 տեսակի 233 թևավոր թռչուն, 13 տեսակի 88 գլուխ սմբակավոր, 1 տեսակի 1 գլուխ կնճիթավոր, 1 տեսակի 4 գլուխ ձեռնաթևավոր, 1 տեսակի 4 գլուխ պարկավոր, 15 տեսակի 46 գլուխ գիշատիչ, 28 տեսակի 110 գլուխ սողուն, 43 տեսակի 231 ձուկ, 2 տեսակի 2 գլուխ երկկենցաղ:

2018թ-ի ձմռանը տուբերկուլյոզի պատճառով սատկեցին 4 լամաներ, ինչպես նաև դրանց հարևանությամբ պահվող 1 գլուխ կխտարը, 1 գլուխ դավթի եղջերուն, 19 գլուխ կամերունյան այծերը և ևս 8 գլուխ լամաները, որոնք նույնպես կարող էին հնարավոր վարակի աղբյուր հանդիսանալ, խոտանվել են և սահմանված կարգով ոչնչացվել: Այս կենդանատեսակներին փոխարինող կենդանատեսակներ բերվե՞լ են այգի, յուրաքանչյուրից քանի՞ գլուխ:

-Ցավոք սրտի ավելացվել է մեկ գլուխ լամա:

Ի՞նչ միջոցառումներ են արվում նման հիվանդությունները կանխելու համար:

-Կենդանաբույժը, կենդանաբույծn ամեն օր շրջում են այգում, ամեն օր հետևում են կենդանիների վարքին, սննդին: Դեպքից հետո, բոլոր այն կենդանիները, որոնք եղել են այդ տարածքում, քնեցվել են և սահմանված կարգով ոչնչացվել, դրանից հետո ամբողջ տարածքի հողն է փոխվել, մշակվել:

2017թ-ի գարնանը թափառող շները մտան եղնիկների ցանցավանդակ, արդյունքում 3 եղնիկ սատկեց, 1-ը վնասվածքներ ստացավ: Ի՞նչ վիճակում է վնասված եղնիկն այժմ, և ինչ միջոցառումներ են իրականացվել նման դեպքերի կանխարգելման համար:

-Դե նախ ասեմ, որ շների ներխուժումը եղել է ցանկապատի անմիխիթար վիճակի պատճառով, նույնիսկ տեղեր ունենք, որ թեքվել է, որովհետև կառուցվել է 60-70-ական թվականներին: Եղել են 3 հղի եղնիկ, որոնք սատկել են, 1-ը վնասվել և ոտքը ջարդել, որոնց մենք խոտանել ենք, որովհետև իմաստ չկար պահելու:

Տարիներ առաջ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը էկոլոգիական կրթության և կենսաբազմազանության ազգային կենտրոն ստեղծելու ծրագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետարան: Կենտրոնը պետք է ունենար կրթական մաս` քոլեջ, պետք է լիներ նաև մի հատված, որը վերաբերելու էր հանրությանը, և դա կենդանաբանական այգին է: Լրատվամիջոցներից մեկին տված Ռուբեն Խաչատրյանի հարցազրույցի համաձայն՝ դա ոչ թե հայաստանցիների պատկերացրած այգին պետք է լիներ, այլ մի վայր, որտեղ կենդանիներն ազատ են, և այցելուն, «հայտնվելով բնության մեջ», հնարավորություն ունի ուսումնասիրել նրանց վարքագիծը, ապրելակերպը: Այլ կերպ ասած` կենդանաբանական այգին պետք է արգելավայր դառնար, որտեղ կենդանիները ազատ տարածքներում կապրեն: Ի՞նչ կասեք այս ծրագրի մասին:

-Այս ծրագիրը մասամբ իրականցվել է, բայց մենք հակված էինք, որ այն կենդանիները, որոնք վայրի բնությունից են բերվել, հետ գնան նորից վայրի բնություն: Բայց իրականում դա շատ բարդ է, որովհետև արջն արդեն սովորել է մարդու հետ շփվել, արդեն կտրվել է վայրի բնությունից, և կեր հայթայթելն էլ կարող է բարդություն առաջացնել, չնայած, մենք կերակրելն էլ այնպես ենք կազմակերպում, որ արջը շրջի և գտնի կերը ողջ օրվա ընթացքում:

Կենդանաբանական այգու զարգացման, բարելավման համար ապագա ի՞նչ ծրագրեր են մշակվում:

-Մեզ մոտ կա մի տարածք, որտեղ քարերի վրա փորագրություններ և նկարներ կան: Հնագետների հետ նախնական զրույցում խոսել ենք այդ մասին, և նրանք ասացին, որ տեղյակ են, և որ դա հնավայր է, որը պեղված չէ: Մենք հիմա մտածում ենք, թե ինչպես անենք, որ այդ հնավայրն էլ ներառենք մեր այցելուներին ներկայացնելու վայրերի մեջ:

Ունենք այգու հիմնավոր վերափոխման ծրագիր և հիմա դրա իրականացման ուղիներն ենք փնտրում: Պետք է կապիկների համար մեծ ազատավանդակներ լինեն, թռչունների համար ոչ թե այսպիսի վանդակներ, այլ լինի հսկայական տարածքի վրա մեծ ցանց, որտեղ թռչունները ազատ կարողանան թռչել:







Լուսանկարները` Արմանուշ Գևորգյանի

13:59 Նոյեմբեր 06, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news