Արսեն Գասպարյան. «Որքան էկոտուրիզմը զարգանում է Հայաստանում, այնքան հանքարդյունաբերության ռիսկը նվազում է»

Արսեն Գասպարյան. «Որքան էկոտուրիզմը զարգանում է Հայաստանում, այնքան հանքարդյունաբերության ռիսկը նվազում է»

Լուիզա Աբրահամյան` ԵՊՀ ժուռնալիսիտկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի, ԷկոԼուրի համար

էկոտուրիզմի զարգացման տեսանկյունից Հայաստանը մեծ ներուժ ունի: «Հայաստանում հյուսիսից հարավ գնալով 6-7 ժամում մարդ կարող է տեսնել տարբեր էկոհամակարգեր: Հյուսիսում գերակայում են լայնատերև անտառները, մինչդեռ հարավն ավելի կիսանպատային գոտի է: Դա Հայաստանի հիմնական այցեքրատն է, հնարավորությունն է, որը մենք պետք է կարողանանք օգտագործել: Մեր կենսաբազամազանությունը հարուստ է»,- ասաց WWF-ի հայաստանյան մասնաճյուղի բնապահպանական ծրագրերի ղեկավար Արսեն Գասպարյանը:

Արսեն Գասպարյան, լուսանկարը վերցված է նրա ֆեյսբուքյան էջից

Ըստ նրա՝ էկոտուրիստի համար Հայաստանում ամենագրավիչ վայրերն են՝ թռչնադիտակումների տեսանկյունից «Արփի լիճ» ազգային պարկը և Արմաշի լճերը, Արփայի տարածքը, որտեղ ՀՀ կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին կարելի է տեսնել, Սոսու պետական արգելավայրը, որտեղ մի քանի դար կանգուն մնացած սոսիներ կան, «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիք» ազգային պարկը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, «Դիլիջան» ազգային պարկը, Արագածը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոց

Արմաշ, թռչնադիտարկում

Թեպետ առկա հնարավորություններին Հայաստանում մի շարք գործոններ խոչընդոտում են էկոտուրիզմի զարգացմանը: «Ոլորտի զարգացման առաջին խոչընդոտը մասնագետ զբոսավարների պակասն է: Եվրոպայից կամ ԱՄՆ-ից եկած էկոտուրիստը հաստատ ցանկանում է ստանալ որակյալ ծառայություն: Երկրորդ խոչընդոտն ապրելավայրերի կրճատումն է՝ պայմանավորված հանքարդյունաբերության զարգացմամբ: Որոշ տարածքներում զբոսաշրջային ծառայությունները բացակայում են, և առկա է ճանապարհների հասանելիության խնդիրը»,- ասաց Արսեն Գասպարյանը:

«Դիլիջան» ազգային պարկ

Այնուամենայնիվ, էկոտուրիզմի զարգացման դրական միտում Հայաստանում Արսեն Գասպարյանը տեսնում է: «Որքան էկոտուրիզմը զարգանում է, այնքան հանքարդյունաբերության ռիսկը նվազում է: Ջերմուկում բոլորը զբոսաշրջությամբ են զբաղվում և չեն ուզում այնտեղ հանք լինի: Հուշանվեր են վաճառում, տուրեր են կազմակերպում, ծառայություններ մատուցում, բնությունից կարողանում են օգտվել, կայուն եկամուտ ստանալ: Սա լավ օրինակ է՝ ինչպես էկոտուրիզմը կարող է զարգացնել տարածքն ու եկամուտ բերել: Հանքարդյունաբերությունն ու էկոտուրիզմը կողք կողքի չեն կարող զարգանալ»,- ասաց Արսեն Գասպարյանը:

Ջերմուկ առողջարան

Հայաստանում էկոտուրիզմի զարգացման համար WWF-Հայաստանը Շվեյցարիայի «Վեսսեր» հիմնադրամի հետ համատեղ և «Արահետներ հանուն փոփոխության» ՀԿ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացնում է «Բարև Թրեյլզ» ծրագիրը: 2018թ. մայիսի 19-26-ը և սեպտեմբերի 21-28-ը ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանեցին կամավորներ Գերմանիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից և Շվեյցարիայից ու հայ կամավորների հետ միասին Հարավային Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում դիտակետեր հիմնեցին, վերանորոգման աշխատանքներ իրականացրեցին, բուսական և կենդանական աշխարհները ներկայացնող ցուցանակներ տեղադրեցին, արահետի դժվարանցանելի մասերում բարեկարգման աշխատանքներ կատարեցին:


Լուսանկարները վերցված են WWF-Հայաստանի ֆեյսբուքյան էջից

«Կարևորն այստեղ այն է, որ նրանք մեր երկրի, մեր բնության ու մշակույթի հետ են ծանոթանում: Բոլորը սիրահարված են հեռանում: Եղել են մասնակիցներ, ովքեր Հայաստանից գնալուց հետո հայերեն տառերով դաջվածքներ են արել: Հավանում են Հայաստանի ջերմությունը, հյուրասիրությունը, մարդկային վերաբերմունքը, ինչի կարոտն իրենք ունեն»,- ասաց WWF-ի հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանը:

Հերմինե Հակոբյան, լուսանկարը վերցված է նրա ֆեյսբուքյան էջից:

Նա նշեց, որ այժմ բնապահպանության նախարարության հետ էկոտուրիզմի խթանման համար նոր ծրագիր են նախաձեռնել, որի շրջանակներում կայք կպատրաստվի, որը այցելուներին կներկայացնի Հայաստանի հարուստ բնաշխարհն ու մշակութային արժեքները:

15:19 Նոյեմբեր 15, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news