Գիտնականն առաջարկում է փորձագիտական խումբ ստեղծել` որոշելու Ամուլսարի տարածքում հայտնաբերված բույսի տեսակը

Գիտնականն առաջարկում է փորձագիտական խումբ ստեղծել` որոշելու Ամուլսարի տարածքում հայտնաբերված բույսի տեսակը

ԷկոԼուր

«Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-ի փոխնախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Օգանեզովան առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանին փորձագիտական խումբ ստեղծել` որոշելու Ամուլսարի տարածքում հայտնաբերված բույսի տեսակը:

Պաշտոնյաներին ուղղված Գոհար Օգանեզովայի նամակում նշված է.

«Դիմում եմ ձեզ «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-ի անունից: Հայտնի է, որ «ՀԲԸ»-ի մի քանի անդամների միջև ստեղծվել է մի լարվածություն` կապված Ոզնաթուփ (Acantholimon) ցեղի նոր գտածոյի որոշման հետ: Նոր գտածոյի կարմիր գրքի կարգավիճակը վիճարկվում է: Նյութը հավաքվել է Ամուլսարի այն հատվածից, որը պատկանում է Լիդիան Արմենիային:

Համարում եմ, որ հարցն ունի հեշտ լուծում, եթե ստեղծվի հնարավորություն հավաքել բոլոր էքսպերտներին, որոնք աշխատել են այդ բույսի հետ` Մ. Հովաննիսյանին, Ա. Ներսիսյանին, Ի. Արևշատյանին, Ն. Զաքարյանին (ցավոք «ՀԲԸ-ի» նախագահ Է. Գաբրիելյանը մինչև գարուն բացակայելու է երկրից): Ինչպես նաև հրավիրել «ՀԲԸ» մի քանի ուրիշ անդամների, և փորձել նորից որոշել այդ բույսը, օգտագործելով Մ. Հովհաննիսյանի հեղինակած որոշիչ-բանալին, որը հրատարակվել է «Թախտաջանիա» հանդեսի 1 համարում (2011 թ.), և գալ ընդհանուր կարծիքի: Պետք է ընդգծել, որ կարգաբանության մեջ այդպիսի տարաձայնությունները արտառոց երևույթ չեն. բույսը` որպես կենդանի էակ, հատկություն ունի ներկայացված լինելու փոփոխականություններով:

Իսկ եթե կան կասկածներ մեր մասնագետների կարծիքի մասին, և կա միտում հրավիրել արտասահմանյան մասնագետ, ես համարում եմ կարևոր և նույնիսկ անհրաժեշտ, որ Հայաստանի վերոնշյալ մասնագետների խումբն աշխատի այդ մասնագետի հետ միասին: Միայն այդ դեպքում մենք կարող ենք գալ բույսի կարգաբանական պատկանելիության մասին ընդհանուր եզրակացության»:

Նոյեմբեր 26, 2018 at 16:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր