Ինչպես լուծել թափառող շների խնդիրը. «Դինգո թիմը» առաջարկություն է ներկայացրել ՀՀ կառավարություն

Ինչպես լուծել թափառող շների խնդիրը. «Դինգո թիմը» առաջարկություն է ներկայացրել ՀՀ կառավարություն

Սյուզաննա Ավագյան՝ ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանողուհի, ԷկոԼուրի համար

«Դինգո թիմ» ՀԿ-ն թափառող շների խնդրի լուծման առաջարկություն է ներկայացրել ՀՀ կառավարություն: «Երկու տեսակի աշխատանք պետք է տարվի․ նախ պետք է վերահսկվի տնային բուծումները, որ ով ուզում է, երբ ուզում է կենդանիներին չկարողանա բուծել, և պետք է մասսայական ստերջացում իրականացվի: Մենք կառավարությանն առաջարկել ենք, որպեսզի դրսից ավելի փորձված կազմակերպություն բերի։ Մենք փորձ ունենք աշխատելու Կենդանաբույծների համաշխարհային ասոցիացիայի հետ, նրանք երկու անգամ եկել են Հայաստան, որոշակի քանակի ստերջացում են արել»,- ասաց «Դինգո թիմ» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Օվսաննա Հովսեփյանը։ Նա նշեց, որ գարնանն ասոցիացիայի անդամները պատրաստվում էին կրկին գալ Հայաստան՝ բարեգործական նկատառումներով իրենց սեփական ռեսուրսներով 3000 կենդանի ստերջացնելու, սակայն Երևանի քաղաքապետարանը խնդիր է առաջացրել, քանի որ եթե նրանք գային ստերջացնելու, ապա ինչ պետք է աներ «Յունիգրաֆ Իքս» ընկերությունը:

Ըստ Օվսաննա Հովսեփյանի՝ թափառող շների հարցի լուծման համար կարևոր է նաև հասարակության իրազեկումն ու կենդանիների հանդեպ ճիշտ վերաբերմունքի ձևավորումը։ «Շատերը իրազեկ չեն: Առաջարկում ենք ստերջացված շուն բերել բակ, իրենց թվում է, թե ստերջացվում է, բայց բոլոր խնդիրները մնալու են։ Իրականում ստերջացված շան հետ կորում են բոլոր խնդիրները, կորում է առողջության հետ կապված վտանգը, կորում է նաև ոհմակների վտանգը»,- ասաց Օվսաննա Հովսեփյանը՝ նշելով, որ խնդրի կարգավորման մյուս կարևոր նախապայմանը կենդանիների պաշտպանության մասին օրենքի ընդունումն է։

Հիշեցնենք, որ շուրջ տասը տարի թափառող կենդանիների ստերջացման և քնեցման ոլորտում մենաշնորային դիրք էր զբաղեցնում «Յունիգրաֆ Իքս» ընկերությունը: 2018թ-ի գարնանը այս ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել. «Յունիգրաֆ Իքս»-ում բացահայտվել էր 185 միլիոն դրամի յուրացում։

Ներկայումս Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար նոր մրցույթ հայտարարել, որին կներկայացվեն միջազգային ստանդարտներին համապատասխանող պահանջներ:

Լուսանկարները` Սյուզաննա Ավագյանի

14:46 Դեկտեմբեր 14, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news