«Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան». Հայկ Մարության

«Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան». Հայկ Մարության

ԷկոԼուր

«Ցավով ու վրդովմունքով պետք է նշեմ, որ նախկինում մեր քաղաքում հանուն մարդկանց անվտանգության ու հարմարավետության ընտրվել էր կենդանիների ոչնչացման մեթոդը: Անգամ մի կողմ թողնելով այս ոլորտում ֆինանսական և այլ կարգի չարաշահումները, մենք այսօր փաստում ենք, որ նախկին պրակտիկան անմարդկային է, ժամանակավրեպ և անարդյունավետ…

Ես պաշտոնապես հայտարարում եմ. մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Մենք այսուհետ չենք պայքարելու կենդանիների դեմ, մենք պայքարելու ենք հանուն մարդկանց և կենդանիների նորմալ համակեցության, որպեսզի մեր քաղաքում իրենց հարմարավետ ու անվտանգ զգան և՛ մարդիկ, և՛ կենդանիները»,- ասել է
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ «Հայտնի մարդիկ՝ հանուն անտուն կենդանիների» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի շրջանակներում:

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն իր հերթին խոսել է անտուն կենդանիների հանրային խնամքի և անվտանգության հարցում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին:

«Քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ առաջարկելու նախագիծն արդեն վաղուց պատրաստ է, իմ սեղանին դրված, և նոր խորհրդարանում ես պատրաստվում եմ ներկայացնել խնդիրը և խնդրել, որ խորհրդարանն անպայման աջակցի մեզ», - նշել է Լենա Նազարյանը:

«Փրո Փոուզ» բարեսիրական կազմակերպության հիմնադիր Էլսիկ Ղեզլաշորին հույս է հայտնել, որ կենդանիների նկատմամբ մարդկային վերաբերմունքի դրական փոփոխությունը կդրվի գործնական հիմքերի վրա:

Միջոցառման ժամանակ Երևանի քաղաքապետարանի և բրիտանական «Փրո Փոուզ» կազմակերպության միջև ստորագրվել է կենդանիների հիմնախնդիրների վերահսկման մասին համագործակցության հուշագիր:

Ըստ հուշագրի՝ կենդանիների բարեկեցությանն ուղղված ծրագրեր կիրականացվեն ոլորտի կարգավորման, հանրային վերահսկողության հաստատման, կանոնակարգերի մշակման, ռազմավարական ծրագրերի և կրթական նախագծերի իրականացման ու մի շարք այլ ուղղություններով:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

 

14:39 Դեկտեմբեր 17, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news