Նիկոլ Փաշինյան. «Կովկասյան հովազն արձագանքել է այս տարին իր անվամբ կոչելու մեր որոշմանը»

Նիկոլ Փաշինյան. «Կովկասյան հովազն արձագանքել է այս տարին իր անվամբ կոչելու մեր որոշմանը»

ԷկոԼուր

«Երեկ լուրերի թողարկումից իմացա, որ կովկասյան հովազն արձագանքել է այս տարին իր անվամբ կոչելու մեր որոշմանը, ընկել է թակարդի մեջ՝ տեսախցիկ-թակարդի», - կատակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության հունվարի 10-ի նիստին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչ քայլեր են իրականացվում Հայաստանում կովկասյան ընձառյուծի պահպանման համար:

Ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն արձագանքեց. «Չորեքշաբթի նախատեսվում է Էմիրատների (Արաբական Միացյալ Էմիրություններ) բնապահպանության և կլիմայի նախարարի հետ կենդանիների բազմացման ծրագրի վերաբերյալ հուշագիր ստորագրել: Նրանք շատ լավ փորձ ունեն, մեծ ծրագրեր են իրականացրել, մասնավորապես Աֆրիկյան երկրներում: Իրենց նախարարն է առաջարկել, որ մենք համագործակցենք այդ շրջանակներում: Բացի վերականգնողական ծրագրից, որը պետք է դեռ քննարկենք, շատ կարևոր են նաև միգրացիոն ուղիները և այն տարածքները, որտեղ հանդիպում է կենդանատեսակը: Դա Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերն են: Պետք է այնտեղ ստեղծենք բավարար պայմաններ և սոցիալ-տնտեսական առումով, որպեսզի մարդիկ լրացուցիչ ճնշման չենթարկեն կենդանատեսակին: Կովկասյան ընձառյուծի առկայությունը ենթադրում է, որ բավարար էկոհամակարգ է ձևավորված և բեզոարյան այծերի, և մուֆլոնի և այլ նման տեսակների համար: Նախատեսում ենք, որ մասնավոր սեկտորն էլ կներգրավվի այս ծրագրերին»:

Նշենք, որ Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնք Հայաստան հիմնականում գալիս են Իրանից: WWF-Հայաստանը զգալի ջանքեր է ներդրել Կովկասում ընձառյուծի կարգավիճակի գնահատման ուղղությամբ: Շահագրգիռ կողմերի հետ համատեղ WWF-ը մշակել է Ընձառյուծի պահպանության տարածաշրջանային ռազմավարություն և Հայաստանի համար ազգային գործողությունների ծրագիր, որից հետո սկսել է դրա իրականացումը: 

Հայաստանի կառավարությունը 2019 թվականը հռչակեց Կովկասյան ընձառյուծի տարի: «Կովկասյան ընձառյուծի պահպանության 2019 թվականի պետական ծրագիրը հաստատելու և 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին» կառավարության որոշմամբ՝ Հայաստանում կանցկացվի Կովկասյան ընձառյուծի միջազգային վեհաժողով, կթողարկվեն Կովկասյան ընձառյուծի թեմայով նամականիշեր և բացիկներ, կնկարահանվի և կցուցադրվի Հայաստանի կենսաբազմազանության մասին ֆիլմ, ինչպես նաև ցուցահանդես կանցկացվի:

16:48 Հունվար 10, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news