Մեղրի համայնքի բնակիչները պահանջում են ուժը կորցրած ճանաչել Լիճքի հանքավայրի ծրագրի փորձաքննական եզրակացությունը

Մեղրի համայնքի բնակիչները պահանջում են ուժը կորցրած ճանաչել Լիճքի հանքավայրի ծրագրի փորձաքննական եզրակացությունը

ԷկոԼուր

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչները 12 ստորագրությամբ նամակ են ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին՝ պահանջով ուժը կորցրած ճանաչել «Թաթսթոուն» ՍՊԸ-ի Լիճքի պղնձի հանքավայրի ծրագրին 2015 թ-ին տրված փորձաքննական դրական եզրակացությունը: Բնակիչները մեկ այլ նամակով նաև պահանջում են մերժել «Թաթսթոուն» ՍՊԸ-ի՝ Մեղրի գետի Այրիջուր վտակից ջրառի համար ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու հայտը:

Բնակիչների դիմում-նամակում նշված է.

«ՀՀ Սյունիքի մարզի Լիճք համայնքի վարչական տարածքում «Թաթսթոուն» ՍՊԸ-ի՝ արդյունաբերական նպատակով Մեղրի գետի Այրիջուր վտակից՝ 2.09 լ/վրկ ջրառի նոր ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու 30.01.19 թ-ի հանրային լսումների ժամանակ պարզ է դարձել, որ «Թաթսթոուն» ՍՊԸ-ն նախկինում չի ունեցել ջրօգտագործման թույլտվություն:

21.12.15 թ-ին ընկերությանը տրված պետական փորձաքննության դրական եզրակացության (Բ 96) փորձաքննական պահանջների 3-րդ կետում նշված է հետևյալը․ «Քանի որ ներկայացված ՇՄԱԳ հաշվետվության բացահանքում տեխնոլոգիական պրոցեսների իրականացման համար ջուր նախատեսնվում է վերցնել Մեղրի գետի վտակ Այրիջուր գետից, անհրաժեշտ է մինչ գործունեության իրականացումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ ջրօգտագործման թույլտվություն»։

Լիճքի հանքավայրի տարածքում տվյալ ընկերությունը գործունեություն է իրականացրել 2017-2018 թ-ին և գործունեությունը դադարեցրել է 2018 թ-ի մայիսին:
Այսինքն, «Թաթսթոուն» ՍՊԸ-ն, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, խախտել է փորձաքննության պահանջը:

Բացի այդ, Մեղրի համայնքի շուրջ 3500 բնակիչների կողմից ստորագրություններով կազմվել է հանրագիր՝ հանքավայրի շահագործումն անհապաղ կասեցնելու և փորձաքննություն նշանակելու խնդրանք-պահանջով: Տվյալ պահանջի հիմք են հանդիսացել հետեւյալ հանգամանքները․

1) Հանքավայրը գտնվում է Մեղրի քաղաքի և այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտում, և հանքավայրի շահագործումը կարող է ինչպես որակական, այնպես էլ քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի և խմելու ջրամատակարարման համակարգի վրա: Հանքավայրի տարածքով է հոսում նաև տարածաշրջանը ոռոգման ջրով ապահովող Մեղրի գետը եւ Զվարագետը (Այրիջուր), որոնց աղտոտումը ծանր և վտանգավոր մետաղներով անխուսափելի է:

2) Հանքավայրը գտնվում է «Արևիք» ազգային պարկի տարածքում և նրա բուֆերային գոտում, անտառապատ է և ունի շատ հարուստ կենսաբազմազանություն:

3) Հանքավայրը գտնվում էլ Լիճք գյուղի բնակելի տարածքից անթույլատրելի հեռավորության վրա: Պայթեցումներից առաջացած ցնցումները խիստ վտանգում են գյուղի տների ամրությանը, գյուղը մշտապես գտնվում է պայթեցումներից առաջացած փոշու մեջ, ինչպես նաև գյուղից անընդհատ լսվում է աշխատող տեխնիկայի ձայնը:

4) Համոզված ենք, որ հանքավայրի շահագործումից համայնքի բյուջեին հատկացվող միջոցները և բացված աշխատատեղերը անհամեմատելի են այն վնասների հետ, որոնք այժմ կրում է Լիճք բնակավայրը և ամբողջ Մեղրի համայնքը,

5) Հանքավայրի շահագործումն ընդմիշտ փակում է Լիճք բնակավայրում այլ ոլորտների զարգացման հեռանկարը. զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, պարզապես ապրելու հնարավորություն, ինչպես նաեւ իրական վտանգի տակ է առնում Մեղրիի ամբողջ տարածաշրջանի էկոլոգիական անվտանգությունը:

Հանրագիրը Մեղրի այցելության ժամանակ 05.06.18 թ-ին հանձնվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով («Փորձաքննական դրական եզրակացությունը կարող է պարունակել պարտադիր կատարման ենթակա պահանջներ կամ պայմաններ, որոնց համար նշվում են ժամկետներ: Սահմանված ժամկետում նշված պահանջները կամ պայմանները չկատարելու դեպքում եզրակացությունը կորցնում է ուժը») և նույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով (Փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝ 1) գործունեությունն իրականացվում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով»), խնդրում ենք ուժը կորցրած ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը 21․12․2015թ․ տրված ԲՓ 96 պետական փորձաքննական դրական եզրակացությունը»:

 

19:14 Փետրվար 01, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news