Նախարար՝ «Սևանի իշխան»-ի ցանցավանդակների տարածքում ֆոսֆորի կոնցենտրացիաներն առավել բարձր են, քան այլ տարածքներում

Նախարար՝ «Սևանի իշխան»-ի ցանցավանդակների տարածքում ֆոսֆորի կոնցենտրացիաներն առավել բարձր են, քան այլ տարածքներում

ԷկոԼուր

Սևանա լճում Ֆոսֆորի պարունակությունն աճում է: Այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Շրջակա միջավայրի օրվան նվիրված ասուլիսի ժամանակ:

Ֆոսֆորն այն աղտոտիչներից է, որը նպաստում է լճի ճահճացմանը:

«Ֆոսֆորի պարունակությունը Սևանա լճում աճում է մի քանի տարբեր աղբյուրներից, ներառյալ «Սևանի իշխան»-ը: Մենք հետազոտություններ ունենք, այս պահին անում ենք, բայց նաև գերմանական ինստիտուտն է ուսումնասիրություն կատարել, և հաշվետվությունը, որ նրանք մեզ ներկայացրել են, «Սևանի իշխան»-ի ցանցավանդակների տարածքում ֆոսֆորի կոնցենտրացիաներն առավել բարձր են, քան այլ տարածքներում,- ասաց Էրիկ Գրիգորյանը,- Եթե մասնագետները ցանցավանդակային տնտեսությունից առաջացող ֆոսֆորային կոնցենտրացիաները խնդրահարույց համարեն, ապա որոշում կկայացնենք դրանց հեռացման հետ կապված»:

Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 8-ին Բնապահպանական Հանրային դատարանի՝ «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճին սպառնացող վտանգների մասին» գործի քննության ժամանակ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի տնօրեն Վարդան Մամիկոնյանն ասաց, որ ներկայում իրենց արտադրությունը չի գերազանցում 150 տոննան: «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով» նախատեսվում է մինչև 2024 թվականը Սևանա լճում ցանցավանդակային եղանակով աճեցնել մինչև 50 000 տոննա ձուկ: Բնապահպանական Հանրային դատարանի նիստի ժամանակ Վարդան Մամիկոնյանը հայտնեց. «Շատ զգուշավոր կատարված մոնիթորինգի արդյունքներից ելնելով՝ առաջարկում են, որ չգերազանցենք 7-10 հազար տոննա արտադրությունը, հակառակ դեպքում կարող է լճին վնաս հասցվի: Մեր արտադրությունն այս պահին չի գերազանցում 100-150 տոննան: Խոսքը վերաբերում է ձկների տարեկան քաշաճին: Վերանայվող ծրագրում մենք սահմանը կդնենք ոչ ավել քան 7-8 հազար տոննան»: Այս ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 9 միլիարդ դրամ:

Սևանա լիճը ֆոսֆորով աղտոտվում է նաև ռեստորանային տնտեսությունների, քաղաքային և գյուղական բնակավայրերի կեղտաջրերի, գյուղատնտեսության շնորհիվ:

Լճի ափին օրինական և ապօրինի գործում է շուրջ 2400 հասարակական սննդի օբյեկտ, որից 300-ը մշտական, որոնք չունեն մաքրման կայաններ:

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Սևանի ավազանի քաղաքներում կառուցված մեխանիկական մաքրման կայանները չեն գործում լրիվ բեռնվածությամբ կոյուղացման ցանցի բացակայության պատճառով՝ Գավառ 60 տոկոս, Մարտունի 35 տոկոս, Վարդենիս՝ 20 տոկոս:

Հանձնաժողովի համաձայն՝«Քիմմաստեր» կազմակերպության առաջարկությամբ Սևանա լճի ավազանում տեղակայվել է «Տոպազ» մակնիշի կենսաբանական մաքրման 7 կայան, որոնց տարածքներում ծաղկում չի գրանցվել:

14:10 Հունիս 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news