Նոր կենդանատեսակ՝ նոր իրավիճակ Ամուլսարի ծրագրի հետ կապված

Նոր կենդանատեսակ՝ նոր իրավիճակ Ամուլսարի ծրագրի հետ կապված

ԷկոԼուր

Վայոց ձորի մարզում գտնվող Ամուլսար լեռան վրա կենդանաբան Վասիլ Անանյանը հայտնաբերել է Հայաստանի ֆաունայի համար նոր տեսակ՝ Aeshna juncea (եղեգնուտային շերեփագի):

ֆեյսբուքյան իր էջում Վասիլ Անանյանը հայտնում է, որ նոր տեսակը հայտնաբերվել է 2018-2019 թթ-ին՝ նշելով. «Սա հազվագյուտ և փոքրաքանակ սառցային շրջանի վերապրուկ է Հայաստանում»:

Այս նոր տեսակի բացահայտումը նոր իրավիճակ է ստեղծում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հարցում: Aeshna juncea տեսակն ընդգրկված է IUCN-ի կարմիր գրքի վտանգված տեսակների ցանկում:

Ամուլսարի տարածքում այս տեսակի առկայությունը, որպես Կարմիր գրքում գրանցված տեսակ, պետք է ներառված լիներ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ում և եզրակացության մեջ, ինչպես և այլ տեսակներ, որոնք գտվում են անհետացման եզրին: Ամուլսարի ծրագրին եզրակացություն տրվել է 2016թ-ին, իսկ ՀՀ կենդանիների կարմիր գիրքը վերահրատարակվել է 2010 թվականին: ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձներ անհետացման եզրին գտնվող և հազվագյուտ հանդիպող տեսակներին և տար իր եզրակացությունն այդ հարցի առնչությամբ, քանի որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, կենդանական աշխարհի պետական հաշվառումն իրականացվում է ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ, ինչը լիազոր մարմինը չի արել: Քանի որ մինչ օրս ՀՀ կենդանիների կարմիր գիրքը չի թարմացվել, ապա հազվագյուտ այս տեսակի հետ կապված որոշումներ ընդունելիս պետք է առաջնորդվել IUCN-ի կարմիր գրքով:

Նշենք, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածով և «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի կարմիրգրքյան տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը:

Հիշեցնենք, որ նախկինում Ամուլսարի տարածքում WWF-Հայաստանի մասնագետները հայտնաբերել էին 1 տեսակի Կարմիր գրքում կրիտիկական վիճակում գտնվող բույս (Potentilla porphyrantha - Մատնունի ծիրանավոր) և մոտ 25 տեսակի կենդանիներ: 2014 թ-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը սահմանելու մասին» թիվ 781-Ն որոշումը, որով թույլատրվեց Կարմիր գրքում գրանցված բուսատեսակը տեղափոխել այլ վայր: Ամուլսարի տարածքում հայտնաբերված Մատնունի ծիրանավոր բույսը թույլատրվեց տեղափոխել Սևանի բուսաբանական այգի: Բնապահպաններն այս որոշումը համարեցին ապօրինի:

2018 թ-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Ամուլսարի տարածքում հայտնաբերեց Կարմիր գրքում գրանցված «Ապոլո» տեսակի թիթեռ և «Ոզնաթուփ մեխակի» տեսակի բույս: Ի դեպ, «Ապոլո» թիթեռը կրկին հայտնաբերել է Վասիլ Անանյանը: Տեսչական մարմնի այդ ժամանակվա ղեկավար Արթուր Գրիգորյանը որոշում կայացրեց պարտավորեցնել ընկերությանը ձեռնպահ մնալ որոշակի գործողություններ կատարելուց Ամուլսարի տարածքում, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությանը (ներկայում Շրջակա միջավայրի) առաջարկել ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթին տրված դրական եզրակացությունը:

Տեսչական մարմնի որոշումից հետո նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը Ամուլսարի հանքավայրի տարածքում իրականացրած 1-օրյա ուսումնասիրության արդյունքում չհայտնաբերեց Կարմիր գրքում գրանցված տեսակներին, և մերժեց տեսչական մարմնի ղեկավարի առաջարկը: ‹‹Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ն դատական հայցն ներկայացրեց ընդդեմ տեսչական մարմնի՝ պահանջով ‹‹Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին›› որոշումն անվավեր ճանաչել: ՀՀ վարչական դատարանը բավարարեց ընկերության հայցը:

«Lydian International» ընկերությունը՝ ի դեմս իր դուստր «Lydian Armenia» ընկերության, ցանկանում է բաց եղանակով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը և ցիանային եղանակով հանքաքարից կորզել ոսկին: Շուրջ 1.5 տարի հանքավայր տանող ճանապարհները փակ են Ջերմուկի բնակիչների կողմից, ովքեր դեմ են ծրագրի իրագործմանը:

Վասիլ Անանյանի հրապարակած լուսանկարներում պատկերված են Aeshna juncea-ի արուները և ձվադրող էգը

Փետրվար 03, 2020 at 17:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր