Ի՞նչ ցանցավանդակային մասնավոր ձկնաբուծարանի գործունեություն է դադարեցվել Սևանա լճում

Ի՞նչ ցանցավանդակային մասնավոր ձկնաբուծարանի գործունեություն է դադարեցվել Սևանա լճում

ԷկոԼուր

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամում տեղյակ չեն, թե ինչ ցանցավանդակային մասնավոր ձկնաբուծական տնտեսության գործունեություն է դադարեցվել Սևանա լճում: Հիշեցնենք, որ այդ մասին նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը իր ներկայացրած երկամյա գործունեության հաշվետվության մեջ:

Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսությունները գտնվում են Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի ենթակայության տակ: Հիշեցնենք, որ Հիմնադրամի կողմից ստեղծված «Սևան Ակվա» ՓԲԸ-ն իրականացնում է իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձկան արտադրություն, ապրանքային ձկան աճեցում Սևանա լճում տեղադրված ցանցավանդակներում: Իսկ Հիմնադրամի ստեղծած «Սևանի իշխան» ՓԲԸ-ն իրականացնում է ‹‹Սևան Ակվա›› ՓԲԸ-ի արտադրած իշխանի ամառային և գեղարքունի ենթատեսակների ապրանքային ձկան վերամշակումն ու իրացումը:

Հիմնադրամին ուղղված ԷկոԼուրի հարցերին՝ 

  •          Ի՞նչ ցանցավանդակային մասնավոր ձկնաբուծական տնտեսության գործունեություն է դադարեցվել Սևանա լճում, ե՞րբ և ի՞նչ հիմնավորմամբ
  •          «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» ՓԲԸ-ները շարունակո՞ւմ են իրենց գործունեությունը, թե՞՝ ոչ
  •          Որքա՞ն ցանցավանդակ կա Սևանա լճում ներկայիս դրությամբ և քանի՞ տոննա ձուկ է աճեցվում յուրաքանչյուր ցանցավանդակում
  •          Որքա՞ն մանրաձուկ է 2019թ-ին բաց թողնվել Սևանա լիճ, որքա՞ն է բաց թողնվել 2020թ-ին կամ որքանի՞ բացթողումն է նախատեսվում այս տարի
  •          Վերջին երկու տարիների ընթացքում ի՞նչ բնապահպանական միջոցառումներ է ձեռնարկել Հիմնադրամը

պատասխանել է հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը:

Նրա 08.05.2020թ-ի թիվ 02/05 պատասխան նամակում նշված է.

«Հայտնում ենք, որ չունենք որևէ տեղեկատվություն ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից ներկայացված երկամյա գործունեության հաշվետվության 19-րդ կետում նշված Սևանա լճում ցանցավանդակային մասնավոր ձկնաբուծական տնտեսության գործունեության դադարեցման վերաբերյալ:

«Սևան Ակվա» ՓԲԸ պատկանող ցանցավանդակային տնտեսությունում առկա է 12 ցանցավանդակ, որոնցում բուծվում է 250 տոննա ընդհանուր քաշով գեղարքունի և ամառային իշխանի՝ 80-4000 գրամ միջին քաշով ձկներ:

Հարկ է նշել, որ երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված, սոցիալական աջակցության նպատակով նշված ձկնապաշարից անհատույց տրամադրվում է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը: Բարեգործական նպատակներով տրամադրվող ձկնապաշարը նախատեսվում է մինչև 18-20 տոննա և ավելի:

Բնապահպանական միջոցառումների շրջանակներում Հիմնադրամը 2019թ. իրականացրել է մանրաձկների բացթողում Սևանա լիճ և/կամ Սևանի իշխանի հիմնական ձվադրավայր հանդիսացող գետեր, ինչպես նաև Սևանա լճի համալիր մոնիթորինգի աշխատանքներ:

2019 թվականի տարեսկզբին Հիմնադրամի կողմից առաջարկվել է բաց թողնել մեծաքանակ՝ շուրջ 500.000 1-2 գրամ միջին քաշով Սևանի իշխանի մանրաձուկ, սակայն, ի վերջո, ընդհանուր առմամբ բաց է թողնվել 72 հազար հատ ավելի մեծ չափի մանրաձուկ: Սևանի իշխանի մանրաձկան առաջին խմբաքանակը բաց է թողնվել ամառային ենթատեսակի 22.5 գրամ միջին քաշով, շուրջ 11,000 (տասնմեկ հազար)  և գեղարքունի ենթատեսակի 3.5 գրամ միջին քաշով շուրջ 40,000 (քառասուն հազար) հատ մանրաձուկ: Այնուհետև, իրականացվել է մանրաձկան երկրորդ խմբաքանակի բացթողումը ամառային իշխանի 21.5 գրամ միջին քաշով շուրջ 11,000  (տասնմեկ հազար)  և գեղարքունի իշխանի 45.2 գրամ միջին քաշով շուրջ 10,000 (տասը հազար) հատ մանրաձուկ: Ձկների բացթողումը իրականացվել է Կարճաղբյուր և Մասրիկ գետերի հարակից հատվածներում:

Համալիր ծրագրի շրջանակներում գործող մանրաձկան գործարանում 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ձևավորվել է մեծ քանակությամբ ձկնապաշար, մասնավորապես, տարբեր չափերի մանրաձկներ, որոնք նպատակահարմար է բաց թողնել բնական պայմաններ, քանզի չենք ցանկանում լրացուցիչ ծանրաբեռնել Սևանա լիճը՝ ավելացնելով ցանցավանդակները և դրանցում բուծվող ձկնապաշարը:

Ելնելով մանրաձկան գործարանի արտադրական հզորություններից և Սևանի իշխանի կենսաբանական առանձնահատկություններից՝ նպատակահարմար է 2020 թ. մանրաձկան բացթողնման աշխատանքները մեկնարկել մայիս-հունիս ամիսներին և շարունակել մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներ՝ արդյունքում բաց թողնելով տարբեր չափերի (1-40գ) քաշով՝ շուրջ 200.000 հատ մոտ 20 գ և ավելի քան 300.000 հատ 1-2 գ միջին քաշով ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձկներ:

Բացի այդ, հաշվի առնելով, որ ներկայում առավել վտանգված է ամառային իշխանի բնական պաշարը և այդ կենդանատեսակն առհասարակ, առաջարկություն ենք ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն՝ Համալիր ծրագրի շրջանակներում առկա և ցանցավանդակներում պահվող շուրջ 120.000 հատ 82 գ միջին քաշով ամառային իշխանի ծնողական կազմի փոխարինող առանձնյակներից մի մասը՝ 50.000-70.000 հատ, բաց թողնել Սևանա լիճ՝ դրան որպես սնունդ բուծելու փոխարեն: Այս խմբաքանակի բացթողնման համար առաջարկվում է աստիճանական ադապտացիոն եղանակ, մասնավորապես, անհրաժեշտ խմբաքանակը կարող է առանձնացվել և պահվել հատուկ ցանցավանդակում, կերակրվել մասամբ բնական կերով (գամարուս) և բաց թողնել անմիջապես Սևանա լիճ:

2020թ. մանրաձկան բացթողնման ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը առավել հստակ կլինի առաջիկայում, երբ հայտնի կլինի Շրջակա միջավայրի նախարարի հրամանով ստեղծված՝ մանրաձկան բացթողնման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի դիրքորոշումը, ինչի հիման վրա համապատասխան առաջարկ կներկայացվի Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին»:

Մայիս 08, 2020 at 20:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր