«Դիլիջան» ազգային պարկի տարածքի վարձակալման վերաբերյալ քննարկում Պետեկամուտների կոմիտեում

«Դիլիջան» ազգային պարկի տարածքի վարձակալման վերաբերյալ քննարկում Պետեկամուտների կոմիտեում

ԷկոԼուր

Դեկտեմբերի 16-ին Պետական եկամուտների կոմիտեն հասարակական կազմակերպություններին հրավիրեց` քննարկելու կոմիտեին «Դիլիջան» ազգային պարկից տարածք տրամադրելու հարցը: Քննարկմանը մասնակցեցին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, փոխնախագահ Արմեն  Ալավերդյանը, շինարարական աշխատանքների համար պատասխանատու Աշոտ Գրիգորյանը եւ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդեւանյանը: Հասարակական սեկտորից քննարկմանը մասնակցեցին Սիլվա Ադամյանը (Թռչնասերների կենտրոն), Հասմիկ Ասլանյանը («Շողեր» միություն), Արման Վերմիշյանը (Բուրգ), Մերի Խաչատրյանը (Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն), Ինգա Զարաֆյանը (ԷկոԼուր):

Խնդիրը վերաբերվում է Դիլիջանում շինարարությանը, որը մտադիր է իրականացնել կոմիտեն: Գագիկ Խաչատրյանն անհանգստություն հայտնեց շինարարության նախագծի վերաբերյալ մամուլում բացասական հրապարակումների կապակցությամբ: Նրա խոսքերով` կոմիտեն մտադիր է ուսումնական կենտրոն կառուցել Կինեմատոգրաֆիստների տան տարածքում, այսինքն` արդեն իսկ գոյություն ունեցող շինությունների փոխարեն, որոնք անպետք են դարձել: Կինեմատոգրաֆիստների միությունից գնված ամբողջ տարածքը զբաղեցնում է մոտ 3 հա եւ մտնում է Դիլիջան քաղաքի վարչական տարածքի մեջ: Ինչ վերաբերվում է «Դիլիջան» ազգային պարկին, ապա Գ. Խաչատրյանի խոսքերով` տարածքը նախատեսված է ոչ թե կառուցապատման, այլ զբոսանքների համար, եւ անվտանգության համար ցանկապատված է: 

Հասարակությանն առաջին հերթին չի գոհացնում այս հարցի նկատմամբ շահագրգիռ գերատեսչության` Բնապահպանության նախարարության վերաբերմունքը, որի ենթակայության տակ է գտնվում «Դիլիջան» ազգային պարկը: Ի՞նչ գոտու հաշվին է նախարարությունը 22,5 հա տրամադրում Պետեկամուտների կոմիտեին, եւ այդ գոտուց ի՞նչ հեռավորության վրա են գտնվում ազգային պարկի արգելոցային գոտիները: Ինչպե՞ս դա կազդի ազգային պարկի էկոհամակարգի, կենսաբազմազանության պահպանման վրա, եւ ինչո՞ւ է նախարարությունը ազգային պարկի մասնատմանը հովանավորում, հարցնում են հասարակական կազմակերպությունները: Բոլոր չափանիշներով նախարարությունը պետք է այդ եւ այլ հարցերի պատասխաներ` կազմակերպելով հասարակական լսումներ, այն էլ որ Դիլիջանում գործում է Օրհուս կենտրոն: Այնուամենայնիվ, լսումներ չեն անցկացվել, նույնիսկ լսումներ չեն անցկացվել ռուսաստանյան ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանի կողմից ֆինանսավորվող  «Դիլիջան» միջազգային դպրոցին 67 հա անտառային տարածք տրամադրելու դեպքում:

Դեռ վերջերս «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը խոսում էր ազգային պարկի ծանրաբեռնվածության մասին, որն աճում է ամռանը` զբոսաշրջության սեզոնին: Դիլիջանը կառուցապատվում է, իսկ ծանրաբեռնվածությունը կաճի տարեցտարի: Ինչպե՞ս է ազգային պարկը պատրաստվում նվազեցնել այդ ծանրաբեռնվածության հետեւանքները, եւ ինչպե՞ս է դա համընկնում ազգային պարկի կառավարման պլանի հետ, որն առանց այդ էլ չի համապատասխանում ընդունված միջազգային չափանիշներին: Այս հարցը նույնպես բաց է մնում:

13:56 Դեկտեմբեր 19, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news