Բաց նամակ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Բաց նամակ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Էկոլոգիական հասարակական դաշինք, Հետք

Ինչպես հայտնի է, դեռևս 2010թ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն /այսուհետև` ՊԵԿ/ արտաբյուջետային միջոցներից 505 մլն ՀՀ դրամ էր ուղղել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Դիլիջանի ստեղծագործական տունը ձեռք բերելու, իսկ 2011թ. ավելի քան 330 մլն ՀՀ դրամ է ուղղել դրա շինաշխատանքների համար: Ըստ ՊԵԿ-ի` Դիլիջան ուսումնական կենտրոնի համալիրն ունի 3.5 հա ընդհանուր տարածք, որի վրա շինություններն ընդամենը զբաղեցնում են 8000քմ, իսկ մնացածն անտառածածկ տարածք է: 

Մեզ մոտ անհանգստություն չէր առաջանա այս կապակցությամբ, եթե ՀՀ կառավարությունը «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող մի հատված`22.535 հա մակերեսով անտառածածկ տարածք, չտրամադրեր ՊԵԿ-ին: Ի դեպ այս մասին տեղեկացվել ենք 2011թ. դեկտեմբերի 13-ին մամուլի միջոցով, ըստ որի «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող 22.535 հա մակերեսով անտառածածկ տարածքը 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով /առանց կառուցապատման/ տրամադրվում է ՊԵԿ-ին` իր ոլորտի ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն ու սեմինարների անցկացումը կազմակերպելու նպատակով: Ինչի մասին արդեն նախապատրաստվել էր ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որը ՀՀ բնապահպանության նախարարի կողմից ներկայացվելու էր ՀՀ կառավարության 15.12.2011թ. նիստին: Սակայն բնապահպան ակտիվիստների և մամուլում բարձրացված աղմուկի արդյունքում նշյալ որոշման նախագիծը 14.12.2011թ. հանվեց ՀՀ կառավարության 15.12.2011թ. նիստի օրակարգից, բայց ի զարմանս մեզ, 2011թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին առանց մրցույթի, վարձակալության իրավունքով հողամաս տրամադրելու մասին» թիվ 1902-Ա (անհատական իրավական ակտի տեսքով) որոշումը, որը Ձեր կողմից հաստատվեց 2012թ. հունվարի 10-ին:

Բայց դեռևս 2011թ. դեկտեմբերի 14-ին ՊԵԿ-ի նախագահի հրավերով մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցել են վերը նշված հարցի քննարկմանը: Այդ քննարկմանը մասնակցել են ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը, փոխնախագահ Արմեն Ալավերդյանը, շինարարական աշխատանքների համար պատասխանատու Աշոտ Գրիգորյանը եւ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդևանյանը: Հասարակական կազմակերպություններից` քննարկմանը մասնակցել են Սիլվա Ադամյանը (Թռչնասերների կենտրոն), Հասմիկ Ասլանյանը («Շողեր» միություն), Արման Վերմիշյանը (Բուրգ), Մերի Խաչատրյանը (Սախարովի կենտրոն), Ինգա Զառաֆյանը (ԷկոԼուր), ինչպես նաև «Հայնյուզ» կայքի լրագրողը:

ՊԵԿ-ի նախագահը իր բացման խոսքում հայտնեց իր անհանգստությունը շինարարության նախագծի վերաբերյալ մամուլում տեղ գտած բացասական հրապարակումների կապակցությամբ, իսկ «Դիլիջան» ազգային պարկին պատկանող անտառածածկ տարածքի վերաբերյալ հայտնել, որ այն նախատեսված է ոչ թե կառուցապատման, այլ զբոսանքների համար, եւ անվտանգության համար ցանկապատվելու է: ՊԵԿ-ը պաշտպանելու է կանաչ տարածքը, ոչ միայն ինքը ծառ չի կտրելու, այլև ուրիշներին թույլ չի տալու:

Չնայած, բնապահպանների անհամաձայնությանն ու դժգոհությանը ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ ինքը նույնիսկ կարող է հրաժարվել այդ 22.535 հա տարածքից, եթե դրանից բնությունը շահելու է: Այդ կապակցությամբ բնապահպանները առաջարկեցին, այդ դեպքում Բնապահպանության նախարարությունը թող իրականացնի հանրային լսումներ, սակայն ՊԵԿ նախագահն ու Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը պնդեցին, որ դրա կարիքը չկա: ՀՀ ՊԵԿ նախագահը մի քանի անգամ շեշտում էր, որ միջազգային չափանիշներին համապատասխան ուսումնական կենտրոն է կառուցելու, տարեկան մոտ 50 երկրից կայցելեն Հայաստան և մեր կառավարությունը դրամաշնորհների հոսքի հնարավորություն կունենա, իսկ բնությունը չի տուժելու, քարով չեն ցանկապատելու, այլ երկաթե ցանցով:

Հանդիպման վերջում մտահոգ բնապահպանները հասկացան, որ ՊԵԿ-ի նախագահն իրենց հանդիպման էր հրավիրել ընդամենը տեղեկացնելու, թե ինչ լայնածավալ ծրագիր ու աշխատանք է պատրաստվում իրականացնել, և որ այդ ծրագրից միայն ՊԵԿ-ը չի շահելու, այլև բնությունը: 

Այնուամենայնիվ, սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ կառավարության ներկայացուցիչը փորձում է բնապահպաններին համոզել, որ իր կողմից իրականացվող կամ հովանավորվող ծրագիրը չի վնասում շրջակա միջավայրը, բայց իրականում այլ պատկեր ենք արձանագրում…օրինակները բազմաթիվ են: 

Մեզ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Բնապահպանության նախարարությունը «Դիլիջան» ազգային պարկի մասնատմանը «հովանավորում» է, քանի որ ժամանակին էլ օգնեց ռուսաստանյան ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանին` «Դիլիջան» միջազգային դպրոցին 67հա անտառային տարածք տրամադրելու հարցում, կրկին այդ հարցը չքննարկելով շահագրգիռ հասարակության հետ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը նշյալ որոշման նախագծին կից ՀՀ կառավարությանը ներկայացրել էր միայն շահագրգիռ կազմակերպությունների կարծիքների մասին տեղեկանքներ և հիմնավորումներ: ՀՀ ֆինանսների նախարարությունն առարկություններ է ներկայացրել այդ որոշման նախագծի 1-ին կետի վերաբերյալ, քանի որ պարզ չէր, թե վարձակալական հիմունքներով տրամադրվող հողամասն ում սեփականությունն է հանդիսանում պետության, թե համայնքի, և 2-րդ` հստակեցման կարիք ունի նաև 22.535 հա հողամասի վարձավճարի չափը և դրա ֆինանսական աղբյուրը, քանի որ այն ենթադրում է պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն: Այս առարկություններն ընդունվել է մասամբ, որոշման նախագծում կատարվել է համապաատսխան փոփոխություն:

Իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը նկատել է, որ համաձայն Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի առաջարկվող տարածքի սահմաններում գտնվում է պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող միջնադարյան գյուղատեղին, առաջարկվում է վարձակալության տրվող հողամասի մակերեսը ճշգրտելու նպատակով ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան որոշման նախագիծը նախապես համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության հետ: Սակայն, զարմանալիորեն, ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնել է, որ դիտողություններ ու առաջարկություններ չունի: 

Պարոն վարչապետ, այսպիսով, մենք, որպես շահագրգիռ հասարակություն, հարկ ենք համարում անդրադառնալ և արտահայտել մեր դժգոհությունն այս որոշման թե ընդունման ընթացակարգի, և թե նրա բովանդակության վերաբերյալ: Մենք գտնում ենք, որ վերը նշված որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ:

Նախևառաջ, ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, որը միևնույն ժամանակ ճանաչված է ՀՀ կողմից վավերացված «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կովենցիայի (այսուհետ` Օրհուսի կոնվենցիա) կատարման ՀՀ պետական լիազոր մարմին, բացահայտ խախտել է Օրհուսի կոնվենցիայի պահանջները:

Օրհուսի կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն պարտավորվող պետություններից յուրաքանչյուրը երաշխավորում է տեղեկության մատչելիության իրավունքը, հաuարակության` որոշումների ընդունման գործընթացի մաuնակցության եւ արդարադատության մատչելիության իրավունքը շրջակա միջավայրի հետ կապված հարցերով` uույն Կոնվենցիայի դրույթներին համապատաuխան:

Ինչպես ամրագրված է Օրհուսի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 5-րդ կետում` շահագրգիռ հաuարակությունը դա այն հաuարակությունն է որը ենթարկվում է ազդեցության կամ կարող է ենթարկվել ազդեցության որոշում ընդունելու գործընթացով, այն հարցերով, որոնք կապված են շրջակա միջավայրի հետ կամ որոնք շահագրգռվածություն ունեն այu գործընթացում, uույն uահմանման նպատակների համար հաuարակական կազմակերպությունները, որոնք աջակցում են շրջակա միջավայրի պահպանությանը եւ համապատաuխանում են ազգային oրենuդրության կողմից ներկայացվող բոլոր պահանջներին, համարվում են շահագրգիռ կազմակերպություններ: Օրհուսի կոնվենցիան ապահովում է իր մտահոգությունը հայտնելու հասարակության իրավունքը, իսկ պատշաճ կերպով այդ մտահոգությանն արձագանքելու պետական կառավարման մարմինների պարտավորությունը, ինչպես նաև իշխանությունների գործունեության և որոշումների ընդունման գործընթացի թափանցիկության ու հրապարակայնության ապահովումը:

Սակայն, որպես կանոն մեր հանրապետությունում շահագրիգռ հասարակությանը չի տրվում այդ հնարավորությունը, որպեսզի վերջինս կարողանա օգտվել Օրհուսի կոնվենցիայով իրեն տրված իրավունքներից, մեր կարծիքով այն պայմանավորված է ՀՀ կառավարության` ի դեմս Բնապահպանության նախարարության և մյուս նախարարությունների ու գերատեսչությունների, ոչ թափանցիկ և գաղտնի աշխատելաոճի հետ:

Ի վերջո, ՀՀ բնապահպանության նախարարությունը տվյալ նախագծի շուրջ հանրային լսումներ չի անցկացրել, չնայած այն հանգամանքին, որ Դիլիջանում գործում էտեղեկատվական կենտրոնը, որի միջոցով կարելի էր ապահովել շահագրգիռ հասարակության մասնակցությունը տվյալ նախագծի քննարկմանը:

Բացի այդ, շահագրիգիռ հասարակությանը չի ներկայացվել համապատասխան տեղեկատվություն այն պայմանների վերաբերյալ, որ ազգային պարկի ռեկրեացիոն գոտու անտառածածկ տարածքից վարձակալության հիմունքներով տրամադրելու է ՊԵԿ-ին, որն էլ ցանկապատելու է այն: Նույնիսկ մենք չենք կարող ստուգել, թե արդյոք այն համապատասխանում է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման ծրագրին, կամ այդ տարածքն իրոք ազգային պարկի ռեկրեացիոն գոտու մեջ է մտնում, թե` ոչ:

Այսպիսով, «Դիլիջան» ազգային պարկին պատկանող անտառածածկ տարածքը որևէ մեկի տրամադրելն ու ցանկապատելն անթույլատրելի ենք համարում: Ցանկապատումը, ինչպիսի տարբերակով էլ, որ այն կատարվի, միևնույն է ազդելու է «Դիլիջան» ազգային պարկի ողջ էկոհամակարգի[1], կենսաբազմազանության[2] վրա, սահմանափակվելու է կենդանական աշխարհի[3] ներկայացուցիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը, խաթարվելու է էկոլոգիական համակարգերի կայունությունը, հավասարակշռությունն ու ամբողջականությունը[4], հնարավոր ուղղակի և անուղղակի ազդեցության արդյունքում` տուժելու են ազգային պարկում առկա կենդանիները, նրանք փաստացի կկորցնեն իրենց բնակության միջավայրը, միգրացիայի ուղիները և բնադրավայրերը:

Չէ որ «Կենդանական աշխարհի մասին» և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքներով սահմանված են, որ չի կարելի խախտել կենդանական ու բուսական համակեցությունների ամբողջականությունը:

Հետաքրքիր է, «Դիլիջան» ազգային պարկի տարածքի ներսում ցանկապատ անցկացնելով, ՊԵԿ-ն ինչպես է պահպանելու կենդանական ու բուսական համակեցությունների ամբողջականությունը, իսկ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինությունն ու Բնապահպանության նախարարությունն այս կապակցությամբ որևէ եզրակացություն ներկայացրել են ՀՀ կառավարությանը, թե` ոչ:

Հարկ է նկատել, որ «Բնության հատուկ պահպանվող տարածքի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդ. համաձայն ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում արգելվում է՝

բ) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը:

Ավելին, նույն օրենքի 20-րդ հոդ. համաձայն ` բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը: 

Այսպիսով, ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով հիշատակված իրավական ակտերի պահանջները մենք պահանջում ենք, որպեսզի ՀՀ կառավարությունը վերանայի իր կողմից 29.12.2011թ. ընդունված թիվ 1902-Ա որոշումը և ուժը կորցրած ճանաչի այն: 

Եթե ոչ, ապա հանձնարարել Բնապահպանության և Մշակույթի նախարարություններին անհապաղ իրականացնի հանրային լսումներ և մեզ ներկայացնի այս և այն հիմնավորումները, որոնք հիմք են ընդունվել «Դիլիջան» ազգային պարկին պատկանող անտառածածկ տարածքից` 22.535 հա, առանց խոչընդոտների և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության ՊԵԿ-ին տրամադրելու և այն ցանկապատելու համար:

Միևնույն ժամանակ, այդ նախարարությունները մեզ ներկայացնեն մասնագիտորեն հիմնավորված եզրակացություններ, որ «Դիլիջան» ազգային պարկին պատկանող անտառածածկ տարածքից ՊԵԿ-ին վարձակալության տրվող հողամասում բացակայում են պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող միջնադարյան գյուղատեղին և ազգային պարկի անտառածածկ տարածքում կարելի է անցկացնել ցանկապատ, որը չխաթարի կամ խախտի ազգային պարկի էկոհամակարգի ամբողջականությունը: 

Պարոն վարչապետ, ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ Ձեր արձագանքը:  

12:03 Փետրվար 20, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news