Հայաստանում նոր «Տաթև» ազգային պարկ

Հայաստանում նոր «Տաթև» ազգային պարկ

ԷկոԼուր

Սույն թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ «Տաթև» ազգային պարկի և Կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծման ծրագրերի քննարկման մեկնարկային աշխատանքային հանդիպումը: Ծրագրերի հիմնական նպատակն է Տաթևի տարածաշրջանում ստեղծել ազգային պարկ, որը կապահովի տարածքի էկոհամակարգերի և հարուստ կենսաբազմազանության պահպանությունը։

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Արմեն Գևորգյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը:

«Գաղափարը կայանում է նրանում, որպեսզի այդ տուրիստական ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք Սյունիքի մարզում, մասնավորապես Տաթևի տարածաշրջանում, նաև զուգակցվեն բնապահպանական ծրագրերով, կարողանանք ստեղծել ազգային պարկ Տաթևի շրջակա համայնքների հարող տարածքներում և այդ բնությունը դարձնել էլ ավելի գրավիչ օտարերկրյա և Հայաստանի զբոսաշրջիկների համար»,- ասաց IDeA հիմնադրամի տնօրեն Արմեն Գևորգյանը:

«Համայնքները այս տարածաշրջանում հնարավորություն են ունենալու զբաղվելու լիարժեք գյուղատնտեսությամբ… Ունենք նախադրյալներ, որ տարածքում պարտադիր պետք է կառուցենք վերամշակման գործարան, որը հնարավորություն կտա բերքի ավելցուկը ամբողջությամբ մթերել և նոր արտադրանքի տեսքով պիտակավորել և դուրս հանել շուկա», - իր խոսքում մասնավորապես ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

«Անցած 5 տարիների փորձը ցույց տվեց, որ «Տաթևի թևեր» ծրագիրն իսկապես ՀՀ-ի հաջողված ծրագրերից մեկն է, և եթե կոնկրետ թվերով խոսենք, այդ 5 տարիների ընթացքում ուղիղ 10 անգամ զբոսաշրջությունն ավելացավ այդ տարածաշրջանում, և դրա հետ մեկտեղ նաև տարածաշրջանի գյուղական համայնքներում արդեն զարգացումն ակնառու է», - ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ մարզպետարանը, որպես տարածքային իշխանություն, պատրաստ է աջակցելու ծրագրի շարունակականությանը:

««Տաթև» ազգային պարկը ընդգրկելու է մոտ 15000 հեկտար տարածք: Աշխատանքները ընթանալու են երկու փուլով: Առաջինը պլանավորումն է մինչև կառավարության որոշումը, իսկ երկրորդ փուլը կապված է ենթակառուցվածքների ստեղծման հետ:  Առաջին փուլը կարժենա մոտ 200.000 եվրո համայնքային ներդրումների հետ միասին, իսկ երկրորդ փուլը մոտ 1 միլիոն եվրո»,- նշեց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:  

Նրա խոսքերով` տարածքը ընձառյուծի քարայծների, հայկական մուֆլոնների, կովկասյան մարեհավի, կասպիական ուլարի և մի շարք այլ տեսակների ապրելավայրն է, ունի հարուստ բուսականություն, յուրահատուկ է նաև իր ռելիկտային անտառներով:

Այսօրվա դրությամբ ազդակիր համարվում է 11 համայնք, բայց ավելի հստակ թիվ կլինի այն ժամանակ, երբ կհավաքագրվեն բոլոր տվյալները, պատրաստ կլինի վերջնական քարտեզագրումը:

«Քարտեզները մենք պետք է համաձայնեցնենք հողատերերի հետ: Դրանք կարող են լինել համայնքային, պետական, Հայանտառի և այլ սեփականատերերի հողատարածքներ: Մենք պետք է փորձենք անհատական հողերը հանել, բայց համայնքային և պետական հողերը ներգրավենք», - ասաց Կարեն Մանվելյանը:

Ապրիլ 29, 2015 at 14:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր