«Արփի լիճ» ազգային պարկում այս տարի ապօրինի անտառհատումներ դեռ չեն հայտնաբերվել (Լուսանկարներ)

«Արփի լիճ» ազգային պարկում այս տարի ապօրինի անտառհատումներ դեռ չեն հայտնաբերվել (Լուսանկարներ)

ԷկոԼուր

ՀՀ Շիրակի մարզում գտնվող «Արփի լիճ» ազգային պարկում այս տարի ապօրինի անտառհատումներ դեռ չեն հայտնաբերվել: Այս մասին ԷկոԼուրին ասաց «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը «Արփի լիճ» ազգային պարկ մոնիտորինգային այցի ժամանակ: Մոնիտորինգին մասնակցեցին նաև «Շողեր միություն» և «ԷկոԼուր» ՀԿ-ների ներկայացուցիչները:

«Անցյալ տարի այստեղ հայտնաբերվել է շուրջ 25 ապօրինի հատված ծառ, իսկ այս տարի դեռևս ապօրինի հատում չենք հայտնաբերել», - ասաց Արամ Գյուլխասյանը:

Հարցին՝ ինչի հաշվին են նվազել անտառհատումները, Արամ Գյուլխասյանը պատասխանեց. «Թե անտառտնտեսության աշխատակիցների հսկողության, թե մարդիկ են հասկանում, որ պետք չէ անտառին վնաս տալ, թափուկը սկսել են անվճար տրամադրել, նաև «Արցախ անտառ»-ն է Հայաստանին օգնում, մեծ քանակությամբ վառելափայտ է գալիս վաճառքի»:

Մոնիտորինգի ընթացքում ԷկոԼուրի ֆոտոխցիկը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ֆիքսեց նախկինում հատված ծառերի կոճղեր, ընկած ծառեր և ճյուղեր, սակայն սանիտարական մաքրում ազգային պարկի տնօրինության կողմից չի իրականացվում: «Սանիտարական մաքրում իրականացնելու դեպքում մենք մի այլ խնդրի առաջ ենք կանգնում՝ վնասվում են բնական վերաճած ծառերը, այդ իսկ պատճառով մենք դադարեցրել ենք... Տեղի բնակիչները չունեն թափուկի կարիք, այստեղ բավականին լավ զարգացած է  անասնապահությունը, և տները ջեռուցում են աթարով», - ասաց  «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Արա Պետրոսյանը:

Միեւնույն ժամանակ տնօրենը նշեց, որ ազգային պարկի նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու համար ձմեռային աշխատանքների ժամանակ անհրաժեշտ են ամենագնացներ, ինչպես նաև տեսախցիկներ:

«Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է 2009թ-ին: Պարկի ստեղծման համար KfW գերմանական զարգացման բանկը հատկացրել է 2.2 միլիոն եվրո: Ազգային պարկն ունի 44 աշխատակից, հիմնականում հարակից համայնքներից: Աշխատավարձը կազմում է ամսական 60 հազար դրամ: Ազգային պարկի տնօրենի խոսքով՝ հունվարի մեկից աշխատավարձերը բավականին կբարձրանան:

Մեր կողմից նշենք, որ խստաշունչ ձմեռներով հայտնի այս տարածաշրջանում ապօրինի անտառահատումների նվազման պատճառ կարող է լինել ոչ միայն հսկողությունն ու մարդկանց գիտակցության բարձրացումը, այլ երկրում մեծ թափ հավաքած արտագաղթը:

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Սեպտեմբեր 24, 2015 at 16:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր