Հանքարդյունաբերության ճնշումը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի վրա մեծանում է

Հանքարդյունաբերության ճնշումը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի վրա մեծանում է

ԷկոԼուր

Հանքարդյունաբերության ճնշումը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի վրա մեծանում է:

«Գեղի Գոլդ» եւ «Լեռ-Էքս» ընկերությունները նախատեսում են օգտակար հանածոներ որոնել Գեղի գետի ավազանում` Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքում:

«Գեղի Գոլդ»-ի հայտում նշված է. ««Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքի հետ համընկնող հատվածներում աշխատանքներն իրականացնելիս` նախատեսվում է առաջնորդվել ՀՀ կառավարության 15.10.2009թ.-ի թիվ 1187-Ն որոշման պահանջներով»: Նշենք, որ հայտում նշված կառավարության որոշումը «Զանգեզուր» պետական արգելավայրի ստեղծման մասին է, եւ արգելավայրի կանոնադրության մեջ հստակ պահանջ կա. «Արգելավայրի պահպանման գոտու տարածքում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը»:  

«Զանգեզուր» պետական արգելավայրը ընդգրկված է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի կազմում: Բացի այս արգելավայրից «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի կազմում  ընդգրկված են «Արեւիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Խուստուփ», «Բողաքար» եւ «Սև լիճ» պետական արգելավայրեր, եւ «Շիկահող»պետական արգելոցը:

Հիշեցնենք, որ այս տարի բնապահպանական փորձաքննության ներկայացվեց «Թաթսթոուն» ՍՊԸ-ի Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թղկուտի տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության հայտը, որի համաձայն` որոնողական աշխատանքների որոշ տարածքներ համընկնում են «Արեւիկ» ազգային պարկի տարածքների հետ:

 «Թաթսթոուն» ՍՊԸ-ն բնապահպնական փորձաքննության է ներկայացրել նաեւ Լիճքի պղնձի հանքավայրի շահագործման ՇՄԱԳ հաշվետվությունը, որի համաձայն Լիճքի պղնձի բացհանքը «Արեւիկ» ազգային պարկից հեռու է լինելու ընդամենը 780 մետր:

«Լեռ-Էքսի» դեպքում հայտնի է, որ որոնելու են պղինձ: Ընկերության ներկայացրած հայտի համաձայն` «Լեռ-Էքս»-ը իրեն տրամադրված  Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասում տարեկան 150 հազար տոննա հանքաքարի արդյունահանման ՀԱ-Լ-14/488 հատուկ լիցենզիայով կարող է հանքը շահագործել միայն փակ եղանակով, ինչը «Լեռ-Էքս»-ը ոչ նպատակահարմար եւ անշահութաբեր է համարում: 2012-2015թթ. ընթացքում ընկերությունն իրականացրել է որոնողական աշխատանքներ եւ դեռևս չի հայտնաբերել տնտեսական նշանակություն ունեցող բացահանքով շահագործման համար պիտանի հանքանյութի կուտակումներ: Այժմ ընկերությունը նախատեսում է լրացուցիցչ գեոքիմիական, գեոֆիզիկական և երկրաբանական աշխատանքներ իրականացնել, որոնց կհաջորդեն հորատման աշխատանքներ արդեն անջատված թիրախային տեղամասերում:

«Գեղի Գոլդ»-ի ներկայացրած հայտում ընդհանրապես չի նշվում, թե ինչ են որոնելու:

«Լեռ-Էքս» ՍՊԸ-ի ներկայացրած Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրում 2015-17թթ ընթացքում օգտակար հանածոների ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի լսումները տեղի կունենան սույն թվականի նոյեմբերի 26-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդի գյուղապետարանում:

«Գեղի Գոլդ» ՍՊԸ-ի ներկայացրած Գեղի գետի ավազանի հանքային դաշտի երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի լսումները տեղի կունենան սույն թվականի դեկտեմբերի 8-ին` ժամը 15:30-ին, ՀՀ Սյունիքի մարզի  Նոր Աստղաբերդի գյուղապետարանում:

«Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լիճքի պղնձի հանքավայրի շահագործման Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումները տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 10-ին` ժամը 12:00-ին, Սյունիքի մարզի Լիճքի գյուղապետարանում:  

Նոյեմբեր 24, 2015 at 15:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր