Երեւանում անցկացվեց «Կլիմայի փոփոխությունն ու դրա առաջացրած վտանգները կենսաբազմազանության համար» խորագրով ցուցահանդես (Լուսանկարներ)

Երեւանում անցկացվեց «Կլիմայի փոփոխությունն ու դրա առաջացրած վտանգները կենսաբազմազանության համար» խորագրով ցուցահանդես (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված ՄԱԿ-ի COP21 համաժողովի նախօրեին` նոյեմբերի 26-ին, Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխությունն ու դրա առաջացրած վտանգները կենսաբազմազանության համար» խորագրով ցուցահանդես-աճուրդ: Կազմակերպիչը Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն (WWF-Հայաստան) էր: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները ներկայացնող լուսանկարներ, որոնք հիմնվել են Գերմանիայի աջակցությամբ:

«Հայաստանն ունի առանձնահատուկ կենսաբազմազանություն, բայց այն վտանգված է: Այդ իսկ պատճառով Բնության համաշխարհային հիմնադրամը ՀՀ բնապահպանության նախարարության հետ միասին 2002 թ-ից հատուկ պահպանվող տարածքների ստեղծման ծրագրերի միջոցով փորձում է պահպանել այդ կենսաբազմազանությունը: Հատուկ պահպանվող տարածքները նախկին 10 տոկոսի համեմատ ներկայումս կազմում են Հայաստանի 13 տոկոսը: 2009 թ-ից Գերմանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի կառավարության աջակցությամբ հիմնվեց «Արփի լիճ» ազգային պարկը, որն առաջին անդրսահմանային ազգային պարկն է, սահմանակից է Վրաստանի կողմից «Ջավախեթի» ազգային պարկին: Հայաստանի հարավում նույնպես մի շարք պահպանվող տարածքներ են հիմնվել՝ «Արևիկ», «Զանգեզուր», «Խուստուփ»: Նաև ծրագիր ենք իրականացրել` Կովկասում էկոմիջանցքների ստեղծման հետ կապված», - ասաց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

«Հայաստանը պետք է հպարտ լինի իր ունեցած լանդշաֆտով ու պարկերով և պետք է ամեն ինչ անի, որպեսզի պահպանի դրանք: Այս ցուցահանդեսը կազմակերպվել է Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից, ով միշտ կարևոր գործընկեր է համարվել Գերմանիայի կառավարության համար», - նշեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը:

WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, շնորհակալություն հայտնելով Գերմանիայի դեսպանատանը նման միջոցառում կազմակերպելու հարցում ցուցաբերած աջակցության համար, նշեց, որ սա ցուցահանդես-աճուրդ կազմակերպելու առաջին փորձն է, և որ աճուրդի ողջ հասույթը փոխանցվելու է  «Գնիշիկ» համայնքային պահպանվող տարածքին: «Գնիշիկը համայնքային պահպանվող տարածքի յուրահատուկ մոդել է, որի օրինակը կարելի է տարածել նաև հանրապետության այլ համայնքներում ևս»,- նշեց Կարեն Մանվելյանը:

 
 
 
 
 
 
 


Նոյեմբեր 27, 2015 at 17:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր