Ձկնաբան` Սևանա լիճ բաց թողնվող ձկնատեսակները գեղարքունի չեն

Ձկնաբան` Սևանա լիճ բաց թողնվող ձկնատեսակները գեղարքունի չեն

ԷկոԼուր

 «Սևանա լիճ բաց  թողնվող ձկնատեսակները ոչ թե գեղարքունի են , այլ` կարմրախայտ, գեղարքունու հիբրիդներ, կամ անհայտ ծագման այլ սաղմոններ»,- Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության եւ դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր  Սամվել Պիպոյանը դեկտեմբերի 15-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ: «Բնապահպանության նախարարությունը 60 միլիոն դրամ է տրամադրում որոշակի կազմակերպությունների (դրանք ձկնային տնտեսություններ են), որպեսզի դրանք իրենց աճեցրած գեղարքունին և ամառային իշխանը բաց թողնելու համար տրամադրեն մանրաձկներ: Քանի որ նրանք չեն կարողանում ապահովել անհրաժեշտ քանակ, բայց գումար ստանալը միշտ էլ հաճելի է, այս ձկնատեսկներին նրանք խառնում են այլ ձկնատեսակներ, որպեսզի գումար աշխատեն՝ բնավ չմտածելով, թե Սևանա լիճ ինչ ձկներ են ընկնում»,- ասաց Սամվել Պիպոյանը` նշելով, որ ձկների միջեւ տարբերությունները տեսնելու համար կարելի է ընդամենը վերցնել Հայաստանի կենդանիների կարմիր գրքում տեղադրված  գեղարքունու լուսանկարը (այն կատարվել է 1998 թվականին)  և  համեմատել այն այսօրվա իշխանի հետ: Նա նշեց, որ ընդհանրապես Սևանա լճի ավազանում չի եղել կարմրախայտ հասկացողություն, եղել է ալաբալախ, որը համարվում է այսօրվա իշխանի գետային ձև: Սակայն այսօր կա մաքուր կարմրախայտ: «Վերջին անգամ երբ մենք գնացինք Գեղարքունիք, Սևան թափվող գետերից մեկում արձանագրեցինք այնտեղ ապրող մաքուր կարմրախայտ: Դա ասում եմ ոչ միայն ես այլ նաև Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի մասնագետները: … Որտեղի՞ց հայտնվեցին այդ ձկները այդ գետերում՝ Սևանի ավազանում: Եթե բաց ենք թողել այդտեղ կարմրախայտ, այդ ձուկը ինքնաբերաբար բարձրանալու է գետի վերին հոսքեր և փորձելու է ապրել այդտեղ»:

Սամվել Պիպոյանը շեշտեց. «Մենք ունենք մաքուր գենոֆոնդը պահելու խնդիր: Գենետիկական աղտոտումը կենսաբանական աղտոտման ամենաաայլանդակ տեսակներից մեկն է: Եթե մենք ասենք, որ ունենք Սևանում իշխան, դա իրականում իշխան չէ»:

Ձկնաբանը նշեց, որ այս ձկնատեսակների ձագերին միմյանցից շատ դժվար է տարբերել, քանի որ սաղմոնների մանրաձկները 7-8 սմ հասակում միմյանց շատ նման են: Իսկ դրանք Սեւանա լիճ են բաց թողնվում առավելագույնը այդ հասակում: Միայն գենետիկական ուսումնասիրությունները կարող են ցույց տալ, որ դրանք տարբեր տեսակներ են, իսկ գենետիկական ուսումնասիրություններ Հայաստանում չեն կատարվում:

Անդրադառնալով իշխանի վերարտադրության խնդրին` Սամվել Պիպոյանը նշեց, որ վերջին 50-60 տարվա ընթացքում Սևանի ավազանում իշխանի բնական վերարտադրություն չի եղել, որովհետև գետերի հուները միշտ թարփերով փակվում են: Բացի ձկնագողությունից իշխանի մանրաձկների համար վտանգ են ներկայացնում Սևան ներմուծված նոր ձկնատեսակները: «Վերջերս  Սևանի ավազան է ընկել երկու նոր  ձկնատեսակ, մեկը ամուրյան նրբաձկնիկն է, մյուսը՝ արևելյան տառեխիկը, որը չի եղել Սևանա լճում: Սրանք թափոնային փոքրիկ ձկնիկներ են, որոնք կարող են սնվել այլ ձկնատեսակների մանրաձկներով և նրանց ձկնկիթով: Հետևաբար, երբ մենք խոսք ենք տանում, թե Սևանի իշխանը պետք է վերականգնվի և պետք է տեղի ունենա նրանց բնական վերարտադրությունը, ձկները բազմանում են վերին հոսքում և նրանց մանրաձկները հետ են գալիս: Տառեխիկը, որը ապրում է միջին հոսքում արդեն կարող է սնվել իշխանի մանրաձկներով»,- ասաց Սամվել Պիպոյանը: Նա նշեց, որ այս տեսակները Սևանի ավազանում առաջին անգամ ֆիքսվել է 2007 թվականին: Հիմա դրանք մեծաքանակ են:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանն  ասաց, որ այս խնդրի մասին առաջին անգամ է լսում: Նա մեծ կարեւորություն տվեց հնչեցված ահազանգին եւ խոստացավ այն ներկայացնել նախարարությունում:

16:38 Դեկտեմբեր 16, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news