Սոցիալական լարվածություն Տավուշում, բնակիչները պայքարում են անտառ մտնելու համար

Սոցիալական լարվածություն Տավուշում, բնակիչները պայքարում են անտառ մտնելու համար

ԷկոԼուր

Մայիսի 26-ին Տավուշի մարզի Դիլիջանի Շամախյան թաղամասի, Գոշ, Հաղարծին և Թեղուտ համայնքների բնակիչները հավաքվել էին Դիլիջանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով թույլ տալ իրենց մտնել անտառ և դուրս բերել այնտեղից թափուկ:

Անտառն այստեղ ավելի խիստ հսկողության տակ է, քանի որ ունի ազգային պարկի կարգավիճակ: «Դիլիջան» ազգային պարկի ղեկավարությունը թույլ չի տվել բնակիչներին մտնել անտառ:

«Էս սեզոնին չեն թողնում՝ մարդիկ գնան, թափուկ հավաքեն: Սպասում են՝ ձյունը գա, նոր ասում են՝ եկեք, հավաքեք: Բայց էդ ժամանակ ավելի դժվար է, ձնին, ցեխին չի լինում անտառից փայտ հավաքել, ծախսերն էլ շատ են: Հիմա ավելի հեշտ է», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Հաղարծինի համայնքապետ Սարգիս Պողոսյանը:

Համայնքապետը նշեց, որ եթե լիներ այլընտրանք, բնակիչները չէին մտնի անտառ. «Մարդիկ տարբերակ չունեն, միակ տարբերակը գազն է: Մարդը պիտի գազ վառի, ոչ թե գնա, անտառից փայտ բերի, վառի: Թող գազը էժանացնեն, մարդն էլ անտառ չի մտնի, թե չէ վայրենացրել են մեր ժողովրդին...ի՞նչ անեն, տարբերակ չունեն»:

«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը ԷկոԼուրին հայտնեց, որ անտառից փայտանյութ դուրս բերելու արգելքը եղել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով:

«Մենք 4 ամիս ունենք բնապահպանության նախարարի կողմից հանձնարարական, որ ոչ մի տեսակի փայտանյութ դուրս չբերվի անտառից: Բնակիչներին դա դուր չի գալիս, քանի որ դրանով են ապրում», - ասաց Սահակ Մուրադյանը: Հարցին՝ ինչի հետ է կապված նախարարի հանձնարարականը, ազգային պարկի տնօրենը պատասխանեց. «Ժամանակին, որ թույլ տվեցինք մտնել անտառ և թափուկ դուրս բերել, ընթացքում ծառահատումներ եղան՝ 700-ից ավելի ապօրինի ծառահատում»:

Այնուամենայնիվ, ինչպես նշեց Սահակ Մուրադյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի միջնորդությամբ հարցը կարգավորվել է, և բնակիչներն արդեն կարող են համապատասխան վճարում կատարելուց հետո մտնել անտառ և հավաքել թափուկը, իսկ 1 խմ թափուկի արժեքը 5400 դրամ է:

16:36 Մայիս 27, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news