Կառավարությունը չի հրաժարվում Վայոց ձորի քարանձավներում տուրիզմի զարգացման մտքից

Կառավարությունը չի հրաժարվում Վայոց ձորի քարանձավներում տուրիզմի զարգացման մտքից

ԷկոԼուր

Չնայած բնապահպան հասարակության առարկությանը՝ կառավարությունը չի հրաժարվում Վայոց ձորում գտնվող հատուկ պահպանվող քարանձավներում տուրիզմի զարգացման մտքից: Կառավարությունը 55 միլիոն դոլլարի վարկ է վերցնում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից, որի մի մասն ուղղվելու Մոզրովի և Մագելի քարանձավներում տուրիզմի զարգացման համար ենթակառուցվածքների ստեղծմանը: Որոշումն ընդունվեց սույն թվականի հունիսի 9-ին: Նախատեսվում է այցելուների համար տեղեկատվական կենտրոնների, սրճարանների, հասարակական զուգարանների, ապահով կայանատեղիների, ճանապարհների կառուցում, լուսավորության անցկացում: Հասկանալի չէ, թե ինչպես պետք է ապահովվի զբոսաշրջիկների անվտանգությունը, երբ քարանձավների մուտքամասերում կա փլուզման վտանգ, մյուս կողմից եթե իրականացվեն քարանձավների մուտքերի ամրացման աշխատանքներ և անցկացվի լուսավորություն, ապա դա կարող է ոչնչացնել քարանձավների ներքին  բնական աշխարհը:

Մասնավորապես Մագելի քարանձավն իրենից ներկայացնում է հազվագյուտ էկոհամակարգ, որը շատ նուրբ է և հեշտությամբ կարող է վնասվել: Այստեղ ապրում են Կարմիր գրքում գրանցված 5 տեսակի չղջիկներ: Չղջիկները չեն դիմանա քարանձավում մարդկանց աղմուկին, նախատեսվող շինարարական աշխատանքներին, լույսին: Փորձագետներն ու գիտնականներն պնդում են, որ Մագելի քարանձավում  մարդկային գործունեության հետևանքով  չղջիկների 60-70 տոկոսը պակասել է: Արդեն 5-6 տարի է, ինչ Մագելի քարանձավը զբոսաշրջությամբ զբաղվող բիզնեսի ուշադրության կենտրոնում է. այն գտնվում է զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից մեկի՝ Նորավանքի  ճանապարհին: Այս ամբողջ ընթացքում շարունակվում է պայքար բնապահպանների և զբոսաշրջությամբ զբաղվող բիզնեսի միջև:

Մոզրովի քարանձավը գտնվում է Արփի գյուղից դեպի Մոզրով գյուղ տանող ճանապարհի կողքին: Քարանձավում առկա են գեղեցիկ կարստային գոյացություններ` բազմագույն շիթաքարեր, կաթիլաքարեր, պտկաքարեր և բյուրեղներ: Անկախության տարիներին քարանձավի անվերահսկելության պայմաններում մարդիկ անարգել մուտք են գործել քարանձավ, կոտրել և գողացել քարանձավի շիթաքարերը, իսկ նրանց հետ ներս սղոսկած օդն ու փոշին խունացրել է քարանձավի կարստային գոյացությունների տեսքը և փոխել տեղի միկրոկլիման: Քարանձավը պատշաճ կերպով չպահպանելու դեպքում այնտեղ հազարավոր տարիների ընթացքում առաջացած կարստային գոյացությունները կարող են իսպառ ոչնչանալ:

Հիշեցնենք, որ 2015թ-ի դեկտեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց  «Զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագիրը  հաստատելու մասին»  որոշումը: Այս ծրագրի շրջանակներում 2016 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը  պետք է ընկերությունների համար հայտարարի մրցույթ քարանձավները անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու և զբոսաշրջության նպատակներով օգտագործելու համար:

Լուսանկարում Մոզրովի քարանձավն է: Լուսանկարը վերցված է www.hy.wikipedia.org կայքից:

11:48 Հունիս 13, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news