Դիլիջան առողջարանը որոշել են թունավորել օճառի արտադրության գարշահոտությամբ

Դիլիջան առողջարանը որոշել են թունավորել օճառի արտադրության գարշահոտությամբ

ԷկոԼուր

«Դիլիջան» ազգային պարկում պատրաստվում են զարգացնել քիմիական արդյունաբերությունը: ՀՀ կառավարությունը հաստատեց Դիլիջան համայնքում քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը՝ օճառի և օծանելիքի արտադրություն: Որոշման նախագիծն առաջարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: էկոնոմիկայի նախարարության առաջարկած նախագծում կան հիմնավորումներ, որոնք ճշգրտման կարիք ունեն: Օրինակ, որ արտադրությունը «Դիլիջան» ազգային պարկից դուրս է: Սակայն հայտնի է, որ Դիլիջան քաղաքը գտնվում է ազգային պարկի ներսում և այնտեղ թույլատրված է տնտեսական գործունեություն, որը չի սպառնում ազգային պարկի էկոհամակարգին:

Հարցը, թե ինչպես կարող են ազդել այդ քիմիական արտադրությունները Դիլիջան քաղաքի և էկոհամակարգերի վրա, որոշման նախագծում բացված չէ: Նշված է միայն, որ ոչ մի ռիսկ շրջակա միջավայրի վրա ձեռնարկությունները չեն պարունակում: Սակայն, ծանոթանալով օճառի արտադրությանը, իմանում ենք թափոնների մասին, որոնց մասին որոշման նախագծում ոչինչ ասված չէ:    

«… Թափոնների  մեջ պարունակվում են ազատ ճարպաթթուներ, նրանց քայքայման միացություններ և երկաթի աղեր: Նրանք ունեն սուր տհաճ հոտ: Արտադրությունները, որոնք աշխատում են ավտոկլավի մեթոդով, առաջացնում են ցինկ պարունակող տոքսիկ հոսքաջրեր…  Գարշահոտ արտադրական ջրերի հոսքը դեպի կոյուղի անթույլատրելի է…» (Նավթի և գազի հանրագիտարան):

Ակնհայտ է, որ Դիլիջանը, լինելով առողջարան և կարևոր զբոսաշրջային վայր, պետք է պաշտպանված լինի նման ազդեցությունից:

Ինչ վերաբերում է հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակին, ապա ՀՀ բնապահպանության նախարարությունը սույն թվականի փետրվարին բացասական կարծիք է հայտնել այս նախագծին: «Առաջարկվում է նախագիծը հանել շրջանառությունից, քանի որ նախագծով հաստատվող հավելվածում թվարկված քիմիական արդյունաբերության գործունեության տեսակների իրականացումը հակասում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի «թ», 17-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» և «է», 17-րդ հոդվածի 3-րդ մասի «է» կետերին, 18-րդ և 20-րդ հոդվածներին և ՀՀ կառավարության 11.05.2002թ. «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 920-Ն որոշմամբ հաստատված «Դիլիջան» ազգային պարկի կանոնադրությամբ ամրագրված` ազգային պարկի արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն, տնտեսական և պահպանման գոտիների օգտագործմանը և պահպանությանը»: Նախարարության առաջարկությունը մերժվել է և մարտին բնապահպանության նախարարությունը առաջարկել է մեղմացման միջոցների ցանկ, որը ընդունվել է մասնակի:

16:58 Հունիս 16, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news