Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաները շարունակում են մնալ վտանգված

Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաները շարունակում են մնալ վտանգված

ԷկոԼուր

Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաները շարունակում են մնալ վտանգված: Ցամաքեցրած գետերի պատճառով իշխանը զրկված է բնական վերարտադրության հնարավորությունից: Չնայած արգելքներին` սիգի ապօրինի որսը լճում շարունակվում է: Ծայրահեղ վատ վիճակում են գտնվում մյուս ձկնատեսակների պոպուլյացիաները: Սևանա լճի կենսառեսուրսների արդի վիճակը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը «Հայաստանի կենսաբազմազանության պահպանման կիրառական կողմերը» խորագրով ՀՀ ԳԱԱ-ում անցկացված կլոր սեղանի ժամանակ:

«Սևանի իշխանի պոպուլյացիան լճում շարունակում է գոյատևել ի հաշիվ արհեստական պայմաններում աճեցված մանրաձկան՝ բացառելով այս տեսակի բնական վերարտադրությունը գետերում», - հայտարարեց Բարդուխ Գաբրիելյանը: Նա նշեց, որ իշխանի պաշարները շարունակում են մնալ նախորդ տարվա մակարդակին՝ մոտ 1-2 տոննայի սահմաններում, քանի որ մի կողմից բաց է թողնվում, մյուս կողմից՝ որսվում է:

«Իշխանի երկու ենթատեսակ` ձմեռային բախտակը և բոջակը, իսպառ վերացել է: Մնացել է երկու տեսակ՝ գեղարքունի և ամառային բախտակը, որոնք ձվադրում էին գետերում: 28 գետից ձվարադրավայր են հանդիսանում հիմնականում 9-ը: Վերջին տարիներին այդ գետերի վիճակը բարվոք չէ: Բացի ոռոգման համակարգերից, որոնք վերցնում են ջուրը, նաև իրենց ազդեցությունն են թողնում փոքր ՀԷԿ-երը»:

Ծայրահեղ վատ վիճակում են գտնվում Սևանի էնդեմիկ վտանգված արդյունագործական ձկնատեսակների՝ կողակի և բեղլուի պոպուլյացիաները:

Ինչ վերաբերվում է սիգի պաշարներին, ըստ Բարդուխ Գաբրիելյանի, 2013-2016 թվականներին Սևանա լճում արձանագրվել է սիգի արդյունագործական պաշարների աճի միտում, ինչը նախորդ տարիներին բեղուն սերնդով պոպուլյացիայի համալրման արդյունքն է: Ձկնաբանը համարում է, որ դա բավարար չէ, և առաջարկում է պահպանել 2017 թվականին այս ձկնատեսակի արդյունագործական որսի արգելքը՝ ապահովելով լճում նրա բնական վերարտադրության բարենպաստ պայմանները:

18:07 Փետրվար 23, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news