«Դիլիջան» ազգային պարկի նոր կառավարման պլանով ավելանալու են արգելոցային և արգելավայրային գոտիների մակերեսները

«Դիլիջան» ազգային պարկի նոր կառավարման պլանով ավելանալու են արգելոցային և արգելավայրային գոտիների մակերեսները

ԷկոԼուր

Փետրվարի 23-ին գործադիրը հավանության արժանացրեց «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանին և միջոցառումների ծրագրին: Կառավարման պլանի գերակա նպատակն է ազգային պարկի գոտիավորումն առավելագույնը համապատասխանեցնել Բնության պահպանության միջազգային միության կողմից 2-րդ կատեգորիայի համար սահմանված չափորոշիչներին, այն է` ազգային պարկ, որտեղ էկոհամակարգերը պահպանվում են հիմնականում ռեկրեացիայի նպատակով:

Նոր կառավարման պլանով ավելանալու են ազգային պարկի արգելոցային և արգելավայրային գոտիների տարածքները, փոքրանալու են ռեկրեացիոն և տնտեսական գոտիների տարածքները: 33765 հա տարածք ունեցող ազգային պարկում եթե 2007-2011 թվականների կառավարման պլանով արգելոցային գոտիների ընդհանուր մակերեսը կազմում էր 2,277 հա, ապա նոր պլանով մինչև 2026 թվականը այդ մակերեսը պետք է հասնի 13,593.1 հեկտարի (ազգային պարկի 40.3%): Արգելավայրային գոտին 935 հեկտարի փոխարեն պետք է կազմի 8,408.3 հեկտար (ազգային պարկի 24,9%): Ազգային պարկի ռեկրեացիոն գոտիների ընդհանուր մակերեսը 4,194 հեկտարից կկրճատվի 1,724.1 հեկտարի (ազգային պարկի 5.1), իսկ տնտեսական գոտին` 26, 359 հեկտարից 10,039.5 հեկտարի (ազգային պարկի 29.7): Ազգային պարկի 8167 հեկտար բուֆերային գոտին 2026թ-ին կազմելու է 18,920 հեկտար: Մինչև 2021 թվականը վերականգնվելու է ազգային պարկի 101.6 հա տարածք:

«Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանի միջոցառումների ծրագրով նախատեսված են վարչական, պահպանության, մոնիթորինգի և գիտական աշխատանքների, ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման, այցելուների, կրթության և հանրային իրազեկման ծրագրեր:
«Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ և Կովկասի բնության հիմնադրամի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ:

19:20 Փետրվար 23, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news