Առանց բնապահպանական փորձաքննության Գոշ լճի տարածքում որևէ գործողություն չի իրականացվելու. Արծվիկ Մինասյան

Առանց բնապահպանական փորձաքննության Գոշ լճի տարածքում որևէ գործողություն չի իրականացվելու. Արծվիկ Մինասյան

ԷկոԼուր

«Վենդոռ» ՍՊԸ-ն Գոշ լճի տարածքում որևէ գործողություն չի կարող իրականացնել, քանի դեռ բնապահպանական փորձաքննություն չի անցել այն ծրագիրը, որն իրենք մտադիր են լինելու իրագործել: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ նախարարությունում Գոշ լճի հարցով մտահոգ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող Գոշ լիճը 60 տարով վարձակալության է հանձնված «Վենդոռ» ՍՊԸ-ին: Օրերս ընկերությունը լճի տարածքում ծանր տեխնիկա էր աշխատեցրել՝ խախտելով տեղի լանդշաֆտը և էկոհամակարգը, ինչը մեծ աղմուկ առաջացրեց հասարակության շրջանում: Ներկայում աշխատանքները դադարեցված են:
«Հեռու Գոշից» նախաձեռնության անդամները արշավական-բնապահպանների հետ եղել են Գոշ լճի տարածքում և արձանագրել. «Լրիվ քանդված վիճակ էր: Ափի երկայնքով մոտ երկու մետր բարձրությամբ հանված էր տիղմը, որի վրա կային արմատախիլ արված ծառեր, ճյուղեր: ... Թրթուրավոր տեխնիկան, մինչև լիճ հասնելը, ճանապարհին ինչ խանգարող ծառ եղել է, լավագույն դեպքում հատել է, մնացած բոլոր դեպքերում այդ մեծ ծառերն ուղղակի արմատախիլ են արված: Լճից վերև գտնվում է բնական աղբյուր, որտեղից բավականին լայն և շատ խորը փորված ջրագծի տեղ կա, որը համարյա հասնում է մինչև լիճ»։

«Հեռու Գոշից» նախաձեռնության անդամ Արմեն Ավագյանը նախարարին փոխանցեց Գոշ լիճ բարձրացող ճանապարհին և լճի տարածքում հատված և արմատախիլ արված ծառերի լուսանկարներ: Արծվիկ Մինասյանը խոստացավ ուսումնասիրել դրանք:

«Տիղմը, որը ձևավորվել է լճի ափին, տեղափոխվելու է, և լճի այդ տարածքը մաքրվելու է: Աշխատանքներն իրականացվելու են ազգային պարկի կողմից՝ վարձակալի ֆինանսավորմամբ: Մենք հետևելու ենք, որպեսզի հավուր պատշաճի վարչական պատասխանատվության ենթարկվի նախաձեռնողը, ով առանց դրական փորձաքննություն անցած ծրագրի իրականացրել է այս գործողությունը», - նշեց բնապահպանության նախարարը: Նա հայտնեց, որ ծառայողական քննության հիման վրա նկատողություն է հայտարարվել այդ տարածքի անտառապահին:
«Հեռու Գոշից» նախաձեռնության անդամ Հայկ Մարկոսյանը հարց ուղղեց նախարարին. «Երրորդ դեմքի պատիժ է սահմանվել, օրենքը խախտվել է, ի՞նչն է պատճառը, որ այդ պայմանագիրը պահում եք և չեք խզում»:

Ի պատասխան Արծվիկ Մինասյանն ասաց, որ նախարարությունը շարժվում է պայմանագրի դրույթներով. «Օրենքը հղում է տալիս պայմանագրային հարաբերություններին, մենք հիմա շարժվում ենք պայմանագրով: Պայմանագրի որևէ դրույթ, որն այդպիսի իրավունք է տալիս, ցավոք, չկա»:

Հանդիպման մասնակից, մասնագիտությամբ իրավաբան Տաթև Սողոյանն ասաց. «Օրենքը չի սահմանափակում, որ միայն պայմանագրով նախատեսված հիմքերի դեպքում է պայմանագիրը ենթակա խզման: Օրենքը թույլ է տալիս, որպեսզի պայմանագիրը դատական կարգով վիճարկվի և լուծարվի»: Այնուհետև Սողոյանը հարց ուղղեց նախարարին՝ ինչ բացատրություն է տվել ընկերությունն արդեն իսկ կատարված գործողությունների վերաբերյալ, որ մյուս կողմը ցանկություն է հայտնել շարունակել պայմանագրի կատարումը:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ, ըստ ընկերության բացատրության, նրանք այնտեղ իրականացրել են լճի շրջակայքի մաքրման աշխատանքներ: Իսկ թե մաքրման աշխատանքներից հետո ինչ է մտադիր այդտեղ կառուցել վարձակալը, նախարարը չհստակեցրեց: «Մրցույթի պայմաններից մեկը՝ առաջարկներն են: Այն առաջարկը, որ ներկայացված է, վերաբերում է նվազագույն ներդրման գումարին՝ 300 միլիոն դրամ, վարձակալության վճարին և այն, որ էկոտուրիզմին համապատասխան աշխատանքներ են իրականացվելու: Տարածքը ներառում է լիճը և ափամերձ տարածքը: Պայմանագրում ամրագրված է, որ չի կարող գործունեություն ծավալվել, կառուցապատում իրականացվել առանց դրական եզրակացություն ունեցող ծրագրի», - ասաց Արծվիկ Մինասյանը:
«Եթե այդ տարածքը նրանց տրված է 60 տարով, և իրենք ունեն շինթույլտվություն, կառուցապատում լինելու է: Իսկ թե ինչ են կառուցելու՝ ընկերությունը զերծ է մնում մեկնաբանությունից», - ասաց «Դիլիջան» ազգային պարկ տնօրենի տեղակալ Վաղինակ Վասիլյանը:

««Դիլիջան» ազգային պարկը Հայաստանում միակ տեղը չէ, որտեղ կատարվում են ապօրինի և առանձին դեպքում նաև վանդալիզմի հասնող վայրագություններ: Մենք փորձում ենք ուժեղացնել մեր կարողությունները, այդ թվում՝ տեսչական ստուգումների միջոցով: Մենք ամբողջ համակարգում ռեֆորմի խնդիր ունենք: Միայն «Դիլիջան» ազգային պարկը շուրջ 34.000 հա տարածք է ընդգրկում: Այսօր պահպանման ծառայությունն իրականացնող տեսչական և անտառպահպանման ամբողջ բլոկը 50-55 մարդ է ներառում: Միջին հաշվով՝ յուրաքանչյուր անձին բաժին է ընկնում շուրջ 650-700 հա տարածք: Միայն մարդկային ներուժով փորձել այս ամենը հսկել՝ չափազանց բարդ է: Մենք մեր միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ CNF-ի, աշխատում ենք տեխնիկական վերազինումներ իրականացնել, որպեսզի կարողանանք ավելի ուժեղացնել հսկողությունը: Խնդիրը նաև այն է, որ ամբողջ ազգային պարկի տարածքը նպատակային պահպանելու, օգտագործելու տեսակետից մենք կարիք ունենք համակարգային փոփոխությունների, ծրագրային գաղափարների, մոտեցումների, որտեղ էկոլոգիական մոտեցումը պետք է լինի առաջնահերթ», - ասաց բնապահպանության նախարարը:

Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց այն ակտիվիստներին, ովքեր նպաստում են ապօրինությունների բացահայտմանը:

Շնորհակալագիր շնորհվեց արշավորդ Տիգրան Շահբազյանին՝ բնապահպանական խնդիրների վերհանման և բնությանը հասցված վնասների բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքների համար: Նշենք, որ Տիգրան Շահբազյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով ահազանգում է Հայաստանի անտառներում իրականացվող ապօրինի հատումների մասին:

Լուսանկարները՝ «Հեռու Գոշից» նախաձեռնության:

18:39 Ապրիլ 22, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news