Ամերիկացի մասնագետներն արձանագրել են, որ Խոսրովի արգելոցի հրդեհից բույսերի արմատները չեն վնասվել

Ամերիկացի մասնագետներն արձանագրել են, որ Խոսրովի արգելոցի հրդեհից բույսերի արմատները չեն վնասվել

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խումբը սեպտեմբերի 9-ին Խոսրովի պետական արգելոցում ուրախությամբ արձանագրել է, որ հրդեհից կարճ ժամանակ անց նկատվում է բույսերի վերաճ, ինչը վկայում է այն մասին, որ դրանց արմատային համակարգերը վնասված չեն: Տերևակալումներ են նկատվել նաև հրդեհից վնասված լայնատերև ծառերի մի մասի մոտ:

Մասնագետները ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբեան» բնապահպանական կենտրոնի մասնագետների հետ միասին ուսումնասիրություններ են կատարել արգելոցի այրված մի շարք տեղամասերում, իրականացրել փաստագրումներ և գնահատումներ: Դիտարկել են «Խոսրովի անտառ» արգելոցում առկա ջրային համակարգերը, հակահրդեհային ենթակառուցվածքների առկա համակարգերը /ճանապարհները, գետերը, աղբյուրները/: Գնահատել անտառային և խոտածածկ հատվածներին հասցված վնասը, հողի մակերեսի այրվածքների խորությունը:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի բաժնի պետ Արամ Աղասյանն ասել է, որ ուսումնասիրություններ և մոնիթորինգ իրականացնելու նպատակով նախատեսվում է այրված տարածքներում գիտական նպատակներով առանձնացնել փորձահրապարակներ, որտեղ իրականացվելիք ուսումնասիրությունների արդյուքները թույլ կտան հետագայում մոդելավորել և կանխատեսել բնական էկոհամակարգերի վերականգնման ընթացքը:

Հիդրոլոգ Դանա Բաթլերը նշել է, որ գնահատելու են ռիսկերը` հետագայում հրդեհները կանխարգելելու նպատակով:

Սեպտեմբերի 13-ին խումբը մեկնել է Արտավանի անտառներ` տեղում վիճակին ծանոթանալու նպատակով: Ըստ Միացյալ Նահանգների անտառային ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թևզաձեի` ԱՄՆ մասնագետների խումբը կգնահատի վնասները և կտրամադրի կարճաժամկետ և երկարաժամկետ մասնագիտական օժանդակության առաջարկներ: ՀՀ և ԱՄՆ կառավարություններին տրամադրվելիք եզրակացությունը հիմք կարող է հանդիսանալ նաև տեխնիկական աջակցության համար:

17:41 Սեպտեմբեր 14, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news