Նախատեսվում է Հայաստանում 2019 թվականը հռչակել Կովկասյան ընձառյուծի տարի

Նախատեսվում է Հայաստանում 2019 թվականը հռչակել Կովկասյան ընձառյուծի տարի

Լուիզա Աբրահամյան` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի, ԷկոԼուրի համար

Նախատեսվում է Հայաստանում 2019 թվականը հռչակել Կովկասյան ընձառյուծի տարի: www.e-draf.am կայքում շրջանառության մեջ է դրվել «Կովկասյան ընձառյուծի պահպանության 2019 թվականի պետական ծրագիրը հաստատելու և 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Որոշման ընդունման դեպքում Հայաստանում կանցկացվի Կովկասյան ընձառյուծի միջազգային վեհաժողով, կթողարկվեն Կովկասյան ընձառյուծի թեմայով նամականիշեր և բացիկներ, կնկարահանվի և կցուցադրվի Հայաստանի կենսաբազմազանության մասին ֆիլմ, ինչպես նաև ցուցահանդես կանցկացվի:
2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում WWF-Հայաստանի ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանեցին կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։

«Տեղադրված ֆոտոթակարդների արձանագրած նյութերը ցույց են տալիս, որ անցյալ տարվա հրդեհից հետո բնությունը վերականգնվում է: Եթե ընձառյուծը վերադարձել է արգելոց, դա նշանակում է, որ նա ունի բավարար քանակությամբ որս։ Ընձառյուծի նկարահանումն ավելի է պարտավորեցնում, քանի որ այսուհետ պետք է լինենք շատ ավելի ուշադիր և ավելի հզորացնենք Հայաստանի Հանրապետության պահպանվող տարածքների պահպանության համակարգը»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնք Հայաստան հիմնականում գալիս են Իրանից: Հայաստանում ընձառյուծների ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը: Ընձառյուծի համար որս են բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը և այլ տեսակներ:

«Առաջին անգամ Կովկասյան ընձառյուծի բազմացումը ֆիքսել ենք 2015թ-ին Նախիջևան-Մեղրի սահմանային հատվածում: Բազմացման արդյունքում ծնված ձագերից մեկը հասել էր «Խոսրով»,- մեզ հետ զրույցում ասաց WWF հայաստանյան մասնաճյուղի բնապահպանական ծրագրերի ղեկավար Արսեն Գասպարյանը, և հավելեց,- Ընձառյուծի պոպուլյացիայի ավելացման նպատակով անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը, պայքարել որսագողության դեմ: Վերջինս կարևոր խնդիր է, որի կարգավորումը կապված է նաև բնապահպանության նախարարության հետ: Պահպանվող տարածքների տեսուչները երեկոյան վեցից հետո, ինչպես նաև շաբաթ, կիրակի օրերը չեն աշխատում: Կենդանու պահպանությունը չի կարող սահմանափակվել ու պետք է լինի քսանչորսժամյա: Տեսուչներին պետք է զինել և՛ գիտելիքով, և՛ տեխնիկական միջոցներով»:

Հիշեցնենք, որ Կովկասյան ընձառյուծի պահպանման համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և WWF- Հայաստանը օրերս ստորագրեցին համագործակցության հուշագիր: Հուշագրի համաձայն՝ WWF-Հայաստանը «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում պարտավորվել է աջակցել տեսչական մարմնին՝ ցուցաբերելով նյութատեխնիկական աջակցություն, նաև կազմակերպել դասընթացներ և վարժանքներ, որոնք կնպաստեն տեսչական մարմնի Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տարածքային բաժինների աշխատակիցների կարողությունների և հմտությունների բարելավմանը։ Տեսչական մարմինն իր հերթին պարբերաբար իրականացնելու է շրջայցեր՝ ընձառյուծի ապրելավայրերի պահպանության և որսագողության դեմ պայքարելու նպատակով:

19:27 Նոյեմբեր 19, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news