Քարանձավագիտական կենտրոնն առաջարկում է թանգարանացնել քարանձավները

Քարանձավագիտական կենտրոնն առաջարկում է թանգարանացնել քարանձավները

ԷկոԼուր

Հայաստանում քարանձավների վարձակալությունից ստացվող եկամուտը պետք է ուղղվի քարանձավների պահպանմանը և թանգարանացմանը: Այս կարծիքին է «Քարանձավագիտական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սամվել Շահինյանը:

«Թանգարանացման դեպքում քարանձավ մուտք գործողը կհասկանա՝ ինչպես են մարդիկ ներսում գործունեություն ծավալել՝ առանց խախտելու բնության և շրջակա միջավայրի հավասարակշռությունը»,- ասաց Սամվել Շահինյանը:

ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարված զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրման մրցույթի արդյունքում 2017թ-ին Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնվեց «Ինկար» ՍՊԸ-ին, «Արջի» և «Մոզրովի» քարանձավները` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին, «Արենի 1» («Թռչունների») քարանձավը`«Արենի-1 Քարայր» կոնսորցիումին, Արագածոտնի մարզի «Քարե դռներ» քարանձավները`«Աղձ միջնադարյան էթնոմշակութային համալիր թանգարան» ՍՊԸ և «Արտեմիս» ԱԿ կոնսորցիումին:

Նշենք, որ բնապահպանները դեմ էին քարանձավների վարձակալությանը, քանի որ արդյունքում կոչնչանա տեղի հարուստ կենսաբազմազանությունը: Մասնավորապես, Մագելանի քարանձավում հանդիպում է բուսական և կենդանական աշխարհի ընդհանուր 81 տեսակ, ինչը պայմանավորված է կենսաբազմազանությամբ հարուստ Նորավանքի կիրճում քարանձավի գտնվելով: Այս քարանձավը հայտնի է իր կարմիրրքյան չղջիկներով: Այստեղ բնադրում են 7-8 տեսակի չղջիկներ, որոնցից 5 տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում: Յուրաքանչյուր չղջիկ մեկ գիշերվա ընթացքում կարող է ոչնչացնել մինչեւ 500 միջատ: Փորձագետներն ու գիտնականներն պնդում են, որ Մագելանի քարանձավում մարդկային գործունեության հետևանքով չղջիկների 60-70 տոկոսը պակասել է:

Մոզրովի քարանձավում առկա են գեղեցիկ կարստային գոյացություններ` բազմագույն շիթաքարեր, կաթիլաքարեր, պտկաքարեր և բյուրեղներ: Անկախության տարիներին քարանձավի անվերահսկելության պայմաններում մարդիկ անարգել մուտք են գործել քարանձավ, կոտրել և գողացել քարանձավի շիթաքարերը, իսկ նրանց հետ ներս սղոսկած օդն ու փոշին խունացրել է քարանձավի կարստային գոյացությունների տեսքը և փոխել տեղի միկրոկլիման: Քարանձավը պատշաճ կերպով չպահպանելու դեպքում այնտեղ հազարավոր տարիների ընթացքում առաջացած կարստային գոյացությունները կարող են իսպառ ոչնչանալ: Քարանձավների էկոհամակարգերի և ամբողջականության ոչնչացման վտանգը սպառնում է նաև մյուս քարանձավներին:

14:30 Դեկտեմբեր 27, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news