«Պատանի ռենջերները». ցուցահանդես մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

«Պատանի ռենջերները». ցուցահանդես մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

ԷկոԼուր

«Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ»-ը (WWF-Հայաստան), «Արփա» պահպանվող լանդշաֆտը և «Այբ» դպրոցը, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի աջակցությամբ, հունվարի 14-ից ներկայացնում են «Պատանի ռենջերները» խորագրով ցուցահանդես մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում:

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Պատանի ռենջերների ծրագիր» կրթական նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է Հայաստանում 2017 թ-ից: Ծրագրի ընթացքում «Այբ» դպրոցի և «Արփա» պահպանվող լանդշաֆտի հարակից Արենի ու Խաչիկ բնակավայրերի դպրոցների սաներն իրականացրել են վայրի բնության դաշտային հետազոտություններ ու քննարկումներ՝ մտքեր փոխանակելով պահպանվող տարածքի բնապահպանական խնդիրների և դրանց լուծումների շուրջ, նշագրել էկոտուրիստական արահետներ, տեղադրել տեղեկատվական ցուցանակներ, իրականացրել սեմինարներ համայնքների դպրոցներում բնապահպանական խնդիրների վերաբերյալ: «Այբ» դպրոցի սաները Վայոց ձորի իրենց հասակակից ընկերների համար կազմակերպել են դասեր՝ ներկայացնելով բնապահպանական խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ։

Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների մեծ մասի հեղինակը «Այբ» դպրոցի սաներն են։ Դրանք ներկայացնում են ծրագրի առավել հետաքրքրական պահերը, ինչպես նաև «Արփա» պահպանվող լանդշաֆտի բնաշխարհը և պատմամշակութային վայրերը:

«Պատանի ռենջերների ծրագիրը» միջազգային նախագիծ է, որը նախաձեռնվել է EUROPARC ֆեդերացիայի կողմից 2002 թ-ին՝ երիտասարդներին էկոլոգիական կրթության հիման վրա միավորելու նպատակով: Ծրագիրը գործում է ԵՄ-ի 19 երկրների 80 պահպանվող տարածքներում՝ մի շարք բնապահպանական միջոցառումների միջոցով միավորելով շուրջ 5000 մասնակցի:

Այս մասին տեղեկացնում է «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի» հանրային կապերի բաժինը:

18:45 Հունվար 15, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news