«Զանգեզուր» կենսոլորտային համալիր. հարցեր առանց պատասխանների

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր. հարցեր առանց պատասխանների

ԷկոԼուր

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրը ստեղծվել է 2013 թ.: ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի բնութագրմամբ՝ այն լավագույն բնապահպանական ծրագիրն է՝ 8.25 միլիոն եվրո արժողությամբ:

Խնդիրը

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մեջ միացված են տարբեր պահպանման ռեժիմներ ունեցող բնության հատուկ պահպանվող տարածքներ` «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը:  Մեկ միավորի կառավարման ներքո է ընդհանուր 70 000 հեկտար տարածք:

Նպատակներն են՝

-կազմակերպել միջազգային մրցույթ` ծրագիրն իրականացնելու համար ընտրելու կազմակերպություն

- քարտեզագրել եւ հստակեցնել «Արեւիկ» ազգային պարկի սահմանները

-ուսումնասիրել եւ տալ  հարեւան համայնքերի սոցիալ-տնտեսական վիճակի գնահատական:

Իրավիճակը

  1. Համալիրի սահմանների քարտեզագրումն ավարտված չէ
  2. Համալիրի կանոնադրությունը չկա, քանի որ մշակված չէ կառավարման համակարգը
  3. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում չկա «կենսոլորտային համալիր» սահմանումը, որին կհամապատասխաներ նրա կարգավիճակը եւ պահպանման ռեժիմը
  4. «Լավագույն» բնապահպանական ծրագիրը համայնքներում չի քննարկվել, տեղեկատվություն գործնականում չկա, կամ այն լիարժեք չէ:

Համայնքները չգիտեն, թե բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության ինչ ռեժիմի սահմաններում են գտնվում  եւ որ գործունեությունն է համապատասխանում ՀՀ բնապահպանական օրենսդրությանը, ինչ տնտեսական գործունեություն իրենք կարող են իրենց թույլ տալ, ինչը` ոչ:

ԷկոԼուրը ներկայացնում է «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանի  զրույցները  Լիճք եւ Տաշտուն համայնքների ղեկավարների հետ: Այդ համայնքները գտնվում են կամ «Արեւիկ» ազգային պարկի հարեւանությոամբ, կամ պարկի բուֆերային գոտում, կամ տնտեսական, կամ արգելոցային գոտում: Տարածքի հստակեցումը կլինի այն բանից հետո, երբ ազգային պարկի սահմանները գրանցվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: 

ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի համայնքապետ Հովհաննես Միրզոյան.

- Իմանալով մի բան, որ, իբր, խոսքը վերաբերում է պետանտառի մասով, ինձ թվում էր՝ միայն այդ տարածքները պետք է լինեն «Արևիկ» ազգային պարկի տարածքի մեջ, բայց այս մոտ օրերս /2015 թ., ապրիլ/ կոնկրետ մի հատվածի պահով ճշտում կար, որը համայնքի վարչական տարածքն է, պարզվեց, որ դա էլ է ազգային պարկինը:

Արթուր Ղազարյան` «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» ՀԿ-ի նախագահ.

Այսինքն, համայնքի ղեկավարից կամ համայնքից ոչ մեկը ոչինչ չի՞ հարցրել:

Հովհաննես Միրզոյան.

-Ոչ:

Արթուր Ղազարյան.

- Հասարակական լսումներ, քննարկումներ՝ կապված տարածքների հետ, եղե՞լ են:

Հովհաննես Միրզոյան.

- Ընդհանրապես լսումներ չեն եղել ազգային պարկի հետ կապված... Ես ընդամենը երկու օր առաջ տեղեկացա, որ մի հատվածը, փաստորեն, մեր վարչականը չի, լինելով որպես արոտ, փաստորեն, ես իմացա, որ ազգային պարկինն է:

ՀՀ Սյունիքի մարզի Տաշտունի համայնքապետ Հենրիկ Գաբրիելյան.

- Երբ ազգային պարկի տարածքը համայնքից ընդգրկվել է, մենք տեղյակ չենք եղել: Երբ արդեն քարտեզագրում է  արվել, նոր ենք իմացել:

Արթուր Ղազարյան.

Այսինքն ձեզանից չե՞ն էլ հարցրել:

Հենրիկ Գաբրիելյան.

- Չեն հարցրել ոչ համայնքի բնակչից, ոչ ինձանից: Արդեն 6-րդ տարին է` համայնքի ղեկավարն եմ, նման հարց չի եղել՝ կողմ եք, թե` ոչ, նման բան չի եղել... Այն ժամանակ, որ անտառտնտեսություն էր, ես դա լավ եմ հիշում, անտառտնտեսության ժամանակ ավելի մեծ էր խնդիրը, որ կողքի անտառները չպետք է մտնել, անտառի ներսում անասունները չպետք է արածեն...Բայց այդ ժամանակ հենց վառելափայտից օգտվելու տեսակետից հատատեղ էր տրվում, ժողովուրդը գնում էին, վճարում և բերում էին վառելափայտ: Դա սոցիալական հարց էր լուծում, իսկ հիմա հատատեղ չի տրվում, կամ էլ որ հարցը բարձրացվում է, ասում են՝ ազգային պարկի տարածք է, հնարավոր չի, չի տրվում, կամ ինչ-որ մի բան:… 700 հեկտար անտառային ֆոնդ ունի համայնքը, բայց որ բնակչության քանակը այսօր հաշվում ենք, ամենաշատը 30 ծուխ ունենք, բայց այսօր այդ 30 ծխի վառելափայտի խնդիրը լուրջ է: Վաղը ավելի լուրջ է լինելու:…Մենք ընդամենը կողքից լսում ենք, որ ազգային պարկ է դառնալու, արդեն ազգային պարկ է դարձել, բայց համայնքի բնակիչներից ոչ ոք տեղյակ չի:  

ԷկոԼուր.

-Մեղրասարի հանքավայրը հիմա շահագործվո՞ւմ է:

Հենրիկ Գաբրիելյան. 

- Ոչ, այս տեխնոլոգիայով կորզումը չեն կարողանում անել...

դեկտեմբերից չեն աշխատում, կրճատումներ արեցին,:

ԷկոԼուր.

Արևիկ» ազգային պարկը ձեզ ի՞նչ է տալիս:

Տաշտուն համայնքի բնակիչ.

-Ոչ մի բան, ամեն ինչ արգելում է, փայտ չի տալիս, էլ ի՞նչ պետք է տա մեզ, արգելանոցա:

ԷկոԼուր.

-Այսինքն, սոցիալական վնա՞ս է ձեզ հասցնում:

Բնակիչ.

-Հա, վնասա հասցնում, օգտվում էինք մենք անտառից, հիմա արգելված է խիստ կարգով: Անտառի մեջ ապրի, գնա, Ղափանից փայտ առ, բեր:

Տաշտուն համայնքի մեկ այլ  բնակիչ.

-Այն, ինչ ունի հատուկ ռեժիմ, նամանավանդ այս գյուղի համար...մենք 6-7 ամիս ձմեռ ենք անցկացնում, գազ չունենք, էդ ոնցա՞ լինելու: Լավը այն ժամանակ կլինի, որ այսօր մեզ անտառում հատատեղ հատկացնեն, ասեն, գնացեք, փայտ բերեք: Գալիս են, մի երկու ծառ ցույց տալիս, գիտեն էդա, այն էլ նոյեմբեր ամսին, որ զոռով կարողանաս՝ գոյատևես:

ԷկոԼուր.

-Բա ինչի՞ հաշվին եք ապրում:

Բնակիչ.

-Այգիների հաշվին: Խնձորի ծառեր ունենք, կտրտում ենք, սովխոզի ժամանակ տնկած խնձորի ծառերը վերացնում ենք: Երեխան չի հարցնում, ծառը բերքա տալիս, էսա անում, էնա անում, մրսումա, կարգը այ էսա...գյուղն արդեն մարումա, այսօր ոչ մի ծրագիր չկա, որ մեր գյուղին օգնի:

ԷկոԼուր.

-Իսկ Մեղրասարի հանքը ինչ-որ բան տվե՞ց ձեզ:

Բնակիչ.

-Ոնց բացվեց, էդպես էլ փակվեց, բացվելն ու փակվելը մեկ եղավ: Բանվորները տանը նստել են, ասել են՝ գնացեք, հանգստացեք:

ԷկոԼուր.

-Իսկ գյուղատնտեսությամբ զբաղվո՞ւմ եք:

Բնակիչ.

- Ո՞նց զբաղվենք: Ոչ վառելիք կա, ոչ սերմացու կա, ոչ մի բան չկա, ոչ մի բան էստեղ չի հասնում: Գյուղատնտեսության նախարարը որ խոսումա, քեֆդ գալիսա, ասում ես, սաղ լցվելա, բայց էսօր կոնկրետ այս գյուղը ամեն ինչից զրկվումա:

Եզրակացություն

Նոր համալիրի կառավարման խնդիրը բախվել է ամենագլխավոր խնդիրներից մեկին՝ համայնքների համար սոցիալական եւ տնտեսական ծրագրերի բացակայությանը: 

Հարցեր:

  • Կօգնե՞ն արդյոք համայնքներին գերմանական զարգացման KfW բանկի «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին խոստացած 8.2 միլիոն եվրոն
  • Կքննարկվե՞ն արդյոք համայնքների հետ այդ ծրագրերը
  • Կանցկացվի արդյոք գազ անտառը պահպանելու համար
  • Բաց եղանակով կշահագործվի՞ կրկին Մեղրասարի հանքավայրը (երկրաբանների հրապարակումների համաձայն՝ «ոսկի-ուրանային հանքավայր») «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում: Եւ ինչպե՞ս այս ամենի հետ մեկտեղ կպահպանվի «Արեւիկ» ազգային պարկը կամ «Շիկահող» արգելոցը, որոնց ստեղծման եւ պահպանման համար վերջին տարիներին ծախսվել են միջազգային բնապահպանական հիմնադրամների  միջոցները:

Պատասխաններ:

Պատասխաններ դեռ չկան, բայց շուտով դրանք կլինեն, քանի որ KfW բանկը խոստացել է վերոնշյալ 8.2 միլիոն եվրոյի  առաջին տրանշի փոխանցումը: 



14:02 Մայիս 07, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news