

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունն ընդունել է «Զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշումը, որը խիստ վտանգ է ներկայացնում Արջերի, Մոզրովի և Մագելի քարանձավների համար: Այս ծրագրի շրջանակներում 2016 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է ընկերությունների համար հայտարարի մրցույթ «Քարանձավները անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու և զբոսաշրջության նպատակներով օգտագործելու համար»: Ծրագրով կոնկրետ նշված է միայն Մագելի քարանձավը, բայց նաև ասված է, որ խոսքը 3 քարանձավների մասին է, մյուս երկուսը, ամենայն հավանականությամբ, զբոսաշրջության ոլորտում առավել հայտնի Արջերի և Մոզրովի քարանձավներն են:
Մագելի քարանձավն իրենից ներկայացնում է հազվագյուտ էկոհամակարգ, որը շատ նուրբ է և հեշտությամբ կարող է վնասվել: Այստեղ ապրում են Կարմիր գրքում գրանցված 5 տեսակի չղջիկներ: Չղջիկները չեն դիմանա քարանձավում մարդկանց աղմուկին, նախատեսվող շինարարական աշխատանքներին, լույսին և այլն: Փորձագետներն ու գիտնականներն ասում են, որ Մագելի քարանձավում մարդկային գործունեության հետևանքով չղջիկների 60-70 տոկոսը պակասել է: Քարանձավի պահպանության համար բնապահպանները դրա մուտքը փակել են ճաղավանդակով, իսկ կողքին դրել են քարանձավը նկարագրող ցուցանակ:
Արդեն 5-6 տարի է, ինչ Մագելի քարանձավը զբոսաշրջությամբ զբաղվող բիզնեսի ուշադրության կենտրոնում է. այն գտնվում է զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից մեկի՝ Նորավանքի ճանապարհին: Քարանձավը դժվար հասանելի չէ և ունի լավ պատմություն: Այս ամբողջ ընթացքում շարունակվում է պայքար բնապահպանների և զբոսաշրջությամբ զբաղվող բիզնեսի միջև:
Կառավարության նոր որոշման լույսի ներքո շատ կաևոր է ՀՀ մշակույթի և ՀՀ բնապահպանության նախարարությունների դիրքորոշումը, քանի որ Մագելի քարանձավը մի կողմից պատմամշակութային հուշարձան է, մյուս կողմից՝ Կարմիր գրքում գրանցված չղջիկների բնակության վայր:
Դեկտեմբեր 24, 2015 at 17:09