Ինչ է սպասվում Զանգեզուր կենսոլորտային համալիրին

Ինչ է սպասվում Զանգեզուր կենսոլորտային համալիրին

ԷկոԼուր

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրը կանգնած է հանքարդյունաբերություն մարտահրավերի առաջ: Բնության հատուկ պահպանվող տարածքների այս համալիրում  հանքարդյունաբերությամբ եւ երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվել ցանկացողներն օր օրի ավելանում են:

1. Այսպես, «Զանգեզուր» պետական արգելավայրի որոշակի տարածքում «Գեղի Գօլդ» ընկերությունը 2013-2015թթ. իրականացրել է  ոսկի-բազմամետաղային երևակման երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ: Այժմ ընկերությունը նոր հայտ է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն` աշխատանքները 2015-2017թթ. շարունակելու համար: Հայտի լսումները տեղի կունենան սույն թվականի հունվարի 21-ին՝ ժամը 15:00-ին, Սյունիքի Նոր Աստղաբերդի գյուղապետարանում:

2. «Գեղի Գօլդ» ընկերությունը  2015թ-ի վերջին բնապահպանական փորձաքննության ներկայացրեց Գեղի գետի ավազանի հանքային դաշտում 2015-2017թթ. երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Այս հանքային դաշտը նույնպես մասնակիորեն մտնում է  «Զանգեզուր» պետական արգելավայրի մեջ:

3. «Զանգեզուր» պետական արգելավայրի որոշակի հատվածում պղինձ է որոնելու «Լեռ Էքս» ընկերությունը: Որոնողական աշխատանքների հայտը ընկերությունը բնապահպանական փորձաքննության է ներկայացրել 2015թ-ի նոյեմբերին:

4. 2015թ-ին բնապահպանական փորձաքննության ներկայացվեց «Թաթսթոուն» ՍՊԸ-ի Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թղկուտի տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության հայտը, որի համաձայն` որոնողական աշխատանքների որոշ տարածքներ համընկնում են «Արեւիկ» ազգային պարկի տարածքների հետ:

5. «Թաթսթոուն» ՍՊԸ-ն բնապահպանական փորձաքննության է ներկայացրել նաեւ Լիճքի պղնձի հանքավայրի շահագործման ՇՄԱԳ հաշվետվությունը, որի համաձայն` Լիճքի պղնձի բացհանքը «Արեւիկ» ազգային պարկից հեռու է լինելու ընդամենը 780 մետր:

6. «Սթորթրանս» ՍՊԸ-ն 2015թ-ին հայտ ներկայացրեց Խաչքար-Փարավանի բազմամետաղային հանքային դաշտի երկրաբանահետախուզական աշխատանքների համար: Ընկերության կողմից ուսումնասիրության տրամադրված տարածքը հարակից է «Բողաքար» պետական արգելավայրի, «Զանգեզուր» պետական արգելավայրի եւ «Արեւիկ» ազգային պարկի հետ:

7. «Ատ մետալս» ընկերություն արդեն ունի բոլոր թույլատրող փաստաթղթերը Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման համար, որը նույնպես հարակից է «Արեւիկ» ազգային պարկին:

Հիշեցնենք, որ 2013թ-ի դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը 1465-Ն որոշմամբ ստեղծեց «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը, որի մեջ ընդգրկվեցին  «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը: Այս որոշման հիմնական նպատակը իբրեւ ՀՀ Սյունիքի մարզում առկա բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կառավարման արդյունավետության բարձրացումն էր: ՊՈԱԿ-ի կանոնադրության համաձայն`«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը կանխարգելում է մարդու գործունեության հետևանքով արգելոցի, արգելավայրերի և ազգային պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացները, սակայն միեւնույն ժամանակ ապահովում է մասնավորապես ազգային պարկի («Արեւիկ» ազգային պարկ) բնական պաշարների կայուն օգտագործումը («Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրության գլուխ 2, կետ 8):
 
Եթե արդեն իսկ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում թույլատրվում են երկրաբանահետախուզական աշխատանքները, ապա հանքային պաշարների հաստատման դեպքում հանքավայրերի շահագործման հավանականությունը շատ մեծ է: Այս պարագայում ստացվում է, որ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից ԲՀՊՏ-ների էկոհամակարգային հավասարակշռության պահպանումն առնվազն ձեւական բնույթ է կրում, եւ Սյունիքի հարուստ կենսաբազմազանությունը քիչ-քիչ դառնալու է հանքարդյունաբերության զոհ:

18:33 Հունվար 15, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news