«Կանաչ Հայաստան» գրքի շնորհանդեսը՝ Բուսաբանության ինստիտուտում

«Կանաչ Հայաստան» գրքի շնորհանդեսը՝ Բուսաբանության ինստիտուտում

ԷկոԼուր

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում WWF-Հայաստանի և «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի բուսական աշխարհին նվիրված «Կանաչ Հայաստան» գրքի շնորհանդեսը:


Շնորհանդեսին ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը, բուսաբաններ և բազմաթիվ այլ հյուրեր:

Գրքի հեղինակներն են՝ Հայկական բուսաբանական ընկերության նախագահ Է. Գաբրիելյանը, Հայկական բուսաբանական ընկերության փոխնախագահ Գ. Օգանեզովան, Օ. Ֆրագման-Սապիրը, Մ. Սարգսյանը, Ա. Ներսեսյանը, Մ. Աղաբաբյանը:

«Կանաչ Հայաստան» գիրքը նվիրված է Հայաստանի անտառներում և այլ բուսական համակեցություններում աճող բույսերին: Գրքում նկարագրված է Հայաստանի սաղարթախիտ, նոսր, մերձափնյա անտառների, արիդային մացառուտների և մերձալպյան գոտու բուսականությունը: Գիրքը հրատարակվել է WWF-Հայաստանի աջակցությամբ ENPI FLEG ծրագրի շրջանակներում:

Հայաստանի ֆլորայի կազմում առկա է 3600 տեսակ: Հեղինակները նշում են, որ գրքում նկարագրված են ոչ բոլոր, բայց հիմնական տեսակները: Հատուկ նշված են տեսակներ, որոնք հնարավոր է օգտագործել կանաչապատման նպատակով այգիներում, պարտեզներում:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը հայտնեց, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը մտադիր է մշակել «Կենսաբազամազանության պահպանության մասին» օրենքը, որտեղ իրավական ակտի հիմքում կդրվի էկոհամակարգային մոտեցումը:

WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը ցանկություն հայտնեց աջակցել Հայաստանի կենդանական աշխարհի նկարագրության նվիրված գրքի ստեղծմանը:

«Գրքում ներկայացված են հիմնական անտառ կազմող տեսակները, որովհետև նպատակը անտառի պահպանությունն է: Մենք ունենք սաղարթախիտ անտառներ, նոսր անտառներ, ունենք անտառներ գետերի կողքին, ջրահավաք տեղերում, և դրանք տեսակային տարբերություն են տալիս: Մեր գիտնականները, որոնք Կովկասի բուսականությունն էին ուսումնասիրում, վաղուց արդեն ապացուցել են, որ շատ անտառային տեսակներ դուրս են եկել անտառից, բարձրացել են սուբալպիական, ալպիական գոտիներ: Եվ հակառակը, այնպիսի տեսակներ կան, որոնք հարմարվել են նույնիսկ չորային տեղերում: Մենք փորձեցինք նաև առանձին դրանք ներկայացնել», - ասաց «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-ի փոխնախագահ Գոհար Օգանեզովան:

Հայաստանը կախարդական երկիր է և ունի չքնաղ բուսական աշխարհ, շեշտեց գրքի հեղինակներից հայտնի բուսաբան, «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-ի նախագահ պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանը, ով բույսերի մոտ 40 նոր տեսակ է նկարագրել գիտության համար:

«Գիրքը կազմելիս՝ մենք շեշտը չենք դրել գիտական մոտեցման վրա, որովհետև այն ավելի շատ հանրության համար է: Մեր նպատակը ընդհանուր ճանաչելիությունն է և դրա արդյունքում բնության պահպանությունը: Հատկապես նշված են Կարմիր գրքի տեսակներ, որոնք շատ հաճախ փողոցներում վաճառում են: Մենք դրանք ներկայացրել ենք, որպեսզի մարդիկ տեսնեն և այլևս չգնեն, որպեսզի չլինի պահանջարկ, և մեր Կարմիր գրքում նոր տեսակներ չավելանան, այլ ընդհակառակը՝ պակասեն», - նշեց Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, գրքի համահեղինակ Մերինե Սարգսյանը:


16:07 Հոկտեմբեր 20, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news