«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին ամրացվեց 1.3932 հեկտար տարածք

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին ամրացվեց 1.3932 հեկտար տարածք

ԷկոԼուր

Մայիսի 14-ին ՀՀ կառավարությունը որոշեց Դիլիջան քաղաքի վարչական սահ­ման­ներում գտնվող 1.3932 հեկտար հողամասն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին:

Այս որոշումը պայմանավորված է  ՀՀ կառավարության  2014 թվականի  հուլիսի 3-ի «Հողամասերի փոխանակման մասին» N 655-Ա որոշմամբ, որով Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցապատման աշխատանքների ամբողջականացման նպատակով «Դիլիջան» ազգային պարկի տնտեսական գոտուց վերցվեց 1,3932 հա անտառապատ տարածք: Փոխարենը ազգային պարկին  պետք է կցվեր «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ի սեփականություն համարվող նույն տարածքով այլ հողամաս: Որոշման ընդունմամբ  փոխանակված՝ 1.3932 հեկտար հողամասը հանձնվեց «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տիրապետմանը և օգտագործմանը:

Նշենք, որ փոխանակության արդյունքում Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցապատման համար տրված  «Դիլիջան» ազգային պարկի տվյալ տարածքը 02-03 լրիվության անտառ է` տարածքում հաշվառված թվով 323 հատ տարբեր ծառերով և թփերով: Իսկ  «Քեմփ վենչուրս» ընկերության կողմից առաջարկված տարածքը խնձորենու այգի է՝ 158 հատ ծառերով: «Քեմփ վենչուրս»-ը պատրաստակամությունն  էր հայտնել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  աշխատակիցների հետ համատեղ այդ տարածքում կատարելու ծառապատման համապատասխան աշխատանքներ՝ փոխանակվող հողամասերի համարժեքությունն ապահովելու նպատակով:

Հիշեցնենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցի համար 2010 թվականին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից տրամադրվել է 67 հա տարածք:

Լուսանկարը` www.uwc.org կայքի

16:32 Մայիս 14, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news