Դեկտեմբերի 20-ից արգելվում է ձկան և խեցգետնի որսը Սևանա լճում

Դեկտեմբերի 20-ից արգելվում է ձկան և խեցգետնի որսը Սևանա լճում

ԷկոԼուր

2017 թ-ի դեկտեմբերի 20-ից մինչև 2018 թ-ի հունվարի 15-ը Սևանա լճում արգելվում է ձկան և խեցգետնի որսը: Համապատասխան հրամանը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել է ս.թ. դեկտեմբերի 14-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարի հրամանում ասված է.

«1. Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2017 թ-ի դեկտեմբերի 20-ից մինչև 2018 թ-ի հունվարի 15-ն ուժեղացնել վերահսկողությունը Սևանա լճում ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ:

2. ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին`
1) մինչև ս.թ. դեկտեմբերի 19-ն ապահովել Սևանա լճից ձկնորսության և խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցների ինչպես նաև ժամանակավոր կացարանների դուրս բերումը,
2) շրջիկ հսկողություն իրականացնել Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում,
3) կազմակերպել ստուգայցեր Սևանա լճի վրա` համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզային ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ:

3. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին առաջարկել`
1) կազմակերպել ստուգայցեր Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում, Սևանա լիճ թափվող գետերի վրա,
2) ապահովել մասնակցությունը սույն հրամանի 2-րդ կետում նախատեսված աշխատանքներին»:

Նշենք, որ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի համաձայն` այս տարի Սևանա լճում նկատվում է ընդհանուր ձկնային պաշարների ավելացում` ի հաշիվ սիգի և իշխանի: Ըստ նրա` սիգի արդյունագործական պաշարը կազմում է 550 տոննա` 2016 թ-ի 450 տոննայի փոխարեն, իշխանինը` 15-16 տոննա` 2016 թ-ի 1.5 տոննայի փոխարեն: Իսկ խեցգետնի պաշարները կրկնակի անգամ կրճատվել են ոչ ցանկալի որսագործիքներով գերորսի հետևանքով և կազմում են ընդամենը 2600 տոննա:

 

17:51 Դեկտեմբեր 18, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news