Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է, Հայաստանում հայտնաբերվել են նոր տեսակներ

Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է, Հայաստանում հայտնաբերվել են նոր տեսակներ

ԷկոԼուր

Մայիսի 22-ին աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը: 2020թ-ի օրվա թեման է՝ «Մեր լուծումները բնության մեջ են»:

Ըստ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տվյալների՝ ներկայումս աշխարհում նկարագրված է մոտ 1,75 միլիոն տեսակ, որոնց մեծ մասը միջատներ են: Մինչդեռ, ըստ տարբեր գնահատականների, տեսակների իրական թիվը տատանվում է 3-ից մինչև 100 միլիոնի սահմաններում: Սակայն այսօր աշխարհում մարդու գործունեության հետևանքով անհետանում են շատ բուսատեսակներ և կենդանատեսակներ, ինչպես նաև շատ տեսակների քանակը նվազում է: Բայց նաև մասնագետները հայտնաբերում են գիտության համար նոր տեսակներ:

Բուսական և կենդանական աշխարհի տեսակների նվազման, կենսաբազմազանության պահպանության խնդիրներն առկա են նաև Հայաստանում: Մեր երկրի փոքր տարածքում առկա են շուրջ 3600 տեսակի բարձրակարգ բույսեր, 550 տեսակի ողնաշարավոր և շուրջ 17000 տեսակի անողնաշար կենդանիներ: Մարդածին և բնական տարբեր գործոնների ազդեցության ներքո Հայաստանի ֆլորայի և ֆաունայի բազմաթիվ տեսակներ գնահատվում են որպես անհետացող, կրիտիկական վիճակում գտնվող կամ վտանգված: 2010 թ-ին հրատարակվածԿարմիր գրքում ընդգրկված է բույսերի 452 տեսակ՝ 1989-ի Կարմիր գրքի 367-ի փոխարեն, 153 տեսակի կենդանի՝ նախորդ Կարմիր գրքի 99-ի փոխարեն: Այս ամենին ավելացել է նաև 40 տեսակ սունկ, 155 տեսակ անողնաշարավոր:

Սակայն լինում են նաև ուրախալի նորություններ նոր տեսակների հայտնաբերման, պոպուլիացիաների ավելացման մասին:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտնականները 2019թ-ին Սևանա լճում ջրային 7 մետր խորությունից հայտնաբերել են Հայաստանի ֆլորայի համար նոր Ruppiaceae ընտանիքին և նոր Ruppia ցեղին պատկանող Ruppia maritima տեսակը: Կոտայքի մարզում՝ Դալար գետի ձորի Աղվերան և Արզական գյուղերի միջև, հայտնաբերվել է գիտության համար նոր տեսակ՝ Սզնի գրեգորյանի: Երևանի և Դարալեգիսի ֆլորիստիկ շրջաններից նախկինում արված հավաքների հիման վրա Հայաստանի ֆլորայի համար հայտնաբերվել է նոր Tanacetum uniflorum տեսակը:

Վայոց ձորի մարզում գտնվող Ամուլսար լեռան վրա էլ կենդանաբան Վասիլ Անանյանը 2018-2019թթ. հայտնաբերել է Հայաստանի ֆաունայի համար նոր տեսակ՝ Aeshna juncea (եղեգնուտային շերեփագի), որն ընդգրկված է IUCN-ի կարմիր գրքի վտանգված տեսակների ցանկում: «Սա հազվագյուտ և փոքրաքանակ սառցային շրջանի վերապրուկ է Հայաստանում»,- գրել էր կենդանաբանն իր ֆեյսբուքյան էջում:

50 տարվա ընդմիջումից հետո Տավուշի մարզ է վերադարձել կարմիրգրքյան ընձառյուծը: Այս կենդանուն վերջին անգամ Տավուշում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ներկայումս ընձառյուծ է բնակվում։

Շնորհավորում ենք Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ: Պահպանենք բնությունը և ապրենք բնության հետ ներդաշնակ: 

Մայիս 22, 2020 at 21:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր